ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԸ ԶՐԿԵԼ Է ԴՊՐՈՑՆԵՐԻՆ «Կենտրոնական գանձապետարանը վերցրել է արհմիությունների գումարները եւ դրանք տնօրինել բյուջետային այլ նպատակներով, ինչի արդյունքում դպրոցները զրկվել են Ուսուցչի տոնը եւ Նոր տարին ինչ-որ կերպ նշելուց»: ՀՀ կրթության եւ գիտության աշխատողների արհմիության 3-րդ համագումարին երեկ հայտարարեց արհմիության հանրապետական խորհրդի նախագահ Գագիկ Ճանճապանյանը։ Նա փաստեց, որ թեեւ տնտեսական նոր հարաբերությունների պայմաններում փլուզվել են բազմաթիվ հզոր կառույցներ, արհմիությունները պահպանվել են՝ «ի հեճուկս կառավարական մարմինների ու շատ-շատերի»։ Ավելին, ըստ Գ. Ճանճապանյանի, 10-ամյա պայքարի ընթացքում իրենք կարողացել են հասնել նրան, որ 2000թ. դեկտեմբերի 5-ին ԱԺ-ն ընդունել է «Արհմիությունների մասին» օրենքը։ Արհմիության հանրապետական խորհրդի նախագահը իր զեկույցում նշեց ՀՀ կրթության եւ գիտության աշխատողների արհմիության համագումարի հիմնական խնդիրները՝ կարգավորել գործատուի եւ արհմիության փոխհարաբերությունները, աշխատանքի, աշխատավարձի, իրավական, սոցիալ-կենցաղային բոլոր խնդիրների, կոլեկտիվ ու անհատական վեճերի լուծման, աշխատողների շահերի պաշտպանության ուղղությամբ։ Սակայն չմատնանշեց դրանց լուծման կոնկրետ ուղիները։ Ներկայումս ԿԳ աշխատողների արհմիությունն ունի արհմիութենական 2203 սկզբնական արհկոմներ, արհմիության 49 տարածքային ու քաղաքային խորհուրդներ։ Չնայած խոսուն այս թվերին՝ Գ. Ճանճապանյանը, այնուամենայնիվ, գտնում է, որ արհմիությունները դեռեւս հզոր չեն, ինչպես խորհրդային ժամանակներում։ Որովհետեւ «մանկավարժն ամենաշատը ստանում է 10000 դրամ աշխատավարձ, որի 1%-ից՝ 100 դրամից 15 դրամն է գալիս Կենտրոն»։ Գ. Ճանճապանյանը նկատեց, որ «կամաց-կամաց արհմիությունները կորցնում են իրենց հանգստի ու բուժման բազաները», իսկ սուղ միջոցների պատճառով չեն կարողանում հանգստի եւ բուժման ուղեգրեր հատկացնել կրթության եւ գիտության աշխատողներին։ Եթե 1996-ին տրվել է առողջարանային 168 եւ հանգստյան տան 22 ուղեգիր, 97-ին՝ համապատասխանաբար 201 եւ 32, իսկ 98-ին՝ 86 եւ 43, ապա վերջին տարիներին ընդամենը 2-ը։ ՀՀ ԿԳ աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահը համագումարի ժամանակ նաեւ կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին ու կուսակցություններին համագործակցել իրենց հետ՝ հայտարարելով, որ «արհմիությունը քաղաքական կազմակերպություն չէ, սակայն նրա գործունեությունն ամենամեծ քաղաքականությունն է»։ Ընդհանուր առմամբ համագումարի բոլոր զեկուցողներն ու ելույթ ունեցողներն ընդգծված կոմունիստական ոգով էին խոսում, իսկ այդ ժամանակ դահլիճի խարխուլ պատից ցեմենտախառն թանձր փոշի էր բարձրանում՝ խորհրդանշելով արհմիությունների ոչ կայուն վիճակը։ Պատվիրակներն էլ համագումարի առաջին իսկ պահից լքում էին դահլիճը՝ հոգնած «պետական հոգածությունից հեռու գիտության եւ կրթության աշխատողների ծանր վիճակի, աղքատության աճի, մարդկանց բարոյալքման եւ ուրիշ երկրներում արհմիությունների հզոր ուժի» մասին չարչրկված թեմաներից, որոնցում արծարծված խնդիրների լուծումը մոտ ապագայում դեռեւս բաղձալի երազանք կմնա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ