Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

վահրամ մարտիրոսյան

Փետրվար 16,2002 00:00

Տպագրվում է 2001 թ. սեպտեմբերի 8-ից, շաբաթօրյա համարներում: վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123 թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում աթոռակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: Փախստականների թվում են վերջինիս Ժոսլին որդին եւ դուստրը` միանձնուհի Ստեֆանին, որին տեղավորում են գավառի ատենադպիր Մատթեոս քահանա Ուռհայեցու տանը: Թագավորը, որի ռազմարշավի նպատակը մեկ տարի առաջ գերված կոմսի ազատագրումն էր, գերի է ընկնել եւ տարվել ամիրայի նստավայր Խարբերդ: Թշնամուց մազապուրծ է Եվմորֆիա թագուհին, որը նույնպես Բեհեսնի է ժամանում: Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոս Ռուբինյանը դժգոհ է Լեւոնի կողմից խաչակիրներին ցույց տված աջակցությունից. դրանով կրտսեր եղբայրը խախտել է միասին ամիրայի հետ կնքած պայմանը: Շուտով թուրքերը «ֆրանկներից» գրավում են Խառան կարեւոր բերդաքաղաքը, ասպատակում Եդեսիայի շրջակայքը: Մի քանի բեհեսնեցի երիտասարդ տեր Մատթեոսի օրհնությունն են խնդրում, որ թաքուն գնան Խարբերդ եւ ազատեն գերիներին: Նման առաջարկությամբ գաղտնի մի նամակ էլ, որ ստացվել է կոմս Ժոսլինից, քահանային կարդալ է տալիս միանձնուհի Ստեֆանին: Պատահականության բերումով հաստատվում է, որ Լեւոն իշխանի սենեկապետ Դերենիկ ազատը գանձագող է, ավելին` նաեւ Թորոս Ռուբինյանի լրտեսը: Վերջինս իրար ետեւից խաչակիրներից խլում է Սիս եւ Անարզաբա բերդաքաղաքները: Լեւոնն, ի պաշտպանություն ֆրանկների, համընդհանուր զորահավաք է անցկացնում Բեհեսնի գավառում: 73. կոմս ժոսլինի նամակը երկրորդ անգամ ընթերցեցի թագուհու համար, որը նույնպես հայ գրին ծանոթ չէր: Եվմորֆիայից բացի` նրա ննջասրահում էր Եդեսիայից նոր ժամանած Ժոֆրուա Վանականը եւ, իհարկե, Ստեֆանին, որն աչքերը ցած կախած անընդհատ մեղմ ժպտում էր: Ես, որ մի քանի օր նրան չէի տեսել, չխուսափեցի իր կողմը նայելուց, ընդհակառակը, ջանում էի հայացքը որսալ, որ հանկարծ միգուցե ըմբռնեի, թե ինչ զորությամբ կարողացավ ինձ շեղել առաքինության ուղուց: Թագուհին, նամակին ծանոթանալով, անհրաժեշտ գտավ Լեւոնին եւս հրավիրել: Իշխանը ցանկացավ անձամբ կարդալ գրությունը, որտեղ պարունակվող ակնարկին, թե հայերը հաշվենկատ են, զայրույթով հակադարձեց, թե մեր ազգից Եդեսիայի կոմսությունը նվեր ստացողները պետք է ողջախոհություն ունենան, որ նման խոսքեր չգործածեն: Ժոֆրուա Վանականը նկատեց, թե կոմս Ժոսլինի սահմանած պարգեւավճարը լավ առիթ է, որպեսզի հայ զինվորները միանգամից վարձատրվեն եւ հետագայում չբողոքեն երախտամոռությունից, որի ականատեսն է ինքը հինգ տարի անընդմեջ՝ Արեւելք գալուց ի վեր: Իշխանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Ժոսլինն իր խոսքը կատարելու: Եդեսիայի գանձարանը դատարկ է. ուրեմն, փողը լրացուցիչ հարկի միջոցո՞վ պետք է հայթայթի: Իսկ ումի՞ց է վերցնելու՝ ո՞չ նույն հայ զինվորներից, որոնց ցանկանում է հավաքագրել: …Կամ էլ՝ նրանց հայրերից ու եղբայրներից, որ շատ տարբեր չէ: Ասենք թե Լեւոնը համամիտ է Ժոֆրուա Վանականին՝ շնորհապարտությունը խախուտ հող է՝ վրան կանգնելու համար, բայց ուրեմն թող անհատույց չմնա նաեւ իր նոր զորագնդի ծախսը, որը երկնային մանանայով չի կշտանալու կամ հրեշտակապետի գալարափողով զինվի: Թագուհին խայթեց, թե Եդեսիայի մասին պետք էր ժամանակին մտածել, երբ Լեւոնի հայր Կոստանդին Ռուբինյանը, առաջին Բալդուինի՝ Բուլոնացու հետ միաբանվելով, ամբոխին ոտքի էր հանում քաղաքի տեր կուրապաղատ Թորոսի՝ Եվմորֆիայի ավագ քրոջ ամուսնու դեմ, որին փողոցում տանջամահ արեցին: Ես մտաբերեցի, ինչպես Թորոսի կողմից Բալդուինին որդեգրման արարողությունը, որին ներկա էի եկեղեցու մանկանց թվում, երբ ֆրանկն անցավ լայնարձակ շապիկի միջով, որ հագել էր իր հոգեւոր մայրը, ապա մերկացած կուրապաղատը նրան իրեն կապեց մի կտավակով եւ հավատարմության երդում տվեցին իրար, այնպես էլ Թորոսի դիակը պարանը ոտքերը կապած քաղաքով քարշ տալը, որին Բուլոնացին Պիղատոսի նման չխանգարեց: Իշխանը ճշտեց, որ այդ տարի՝ 1097-ին, կուրապաղատն ինքն օգնության էր կանչել խաչակիրներին, եւ ոչ թե, դիցուք, Կիլիկիայի հայերին, հետո թագուհուն հիշեցրեց մի բան, որ ես առաջին անգամ էի լսում՝ կարծես թե դա երկուսի գաղտնիքն էր: Որ Եվմորֆիայի հայր Գաբրիելը՝ Մալաթիայի տերը, մերժելով դստերը կնության տալ Լեւոնին, նրա ձեռքը, քաղաքն էլ՝ որպես օժիտ, Բոհեմունդին է խոստացել, իսկ երբ սա գերի է ընկել՝ պսակել է Բալդուին դը Բուրգի հետ: Թագուհին սրան էլ պատրաստվում էր առարկել, բայց, հեզորեն աչքերը չբարձրացնելով, Ստեֆանին խնդրեց անցած-գնացած բաներից չվիճել, այլ՝ քննարկել կոմս Ժոսլինի առաջարկը: Ֆրանկների սպարապետը պատկերացնում էր փոքր ուժերով քաղաքը նվաճելը՝ հաշվի առնելով, Խարբերդը միայն մեկ պարիսպով էր գոտեւորված: Բայց միջնաբերդը, որտեղ գերիներն էին պահվում, նրա տեղեկություններով՝ անառիկ էր, որովհետեւ սեպ ժայռի վրա էր: Լեւոնը ճիշտ հակառակ կարծիք հայտնեց. միջնաբերդը քաղաքի աղբյուրից է ջուր ստանում, այսինքն, եթե նրանից զրկվեր, անկարող էր դիմադրել: Միայն թե քաղա՛քը հնարավոր չէր այնքան արագ գրավել, որ ամիրայության թուրքերը չշրջապատեին հարձակվողներին: Երբ բանն արդեն ցնորական ծրագրերին էր հասել, ես, նախօրոք ներողամտություն հայցելով, շարադրեցի գիշերը, աննկատելի Խարբերդ մտնելու եւ գերիներին «գողանալու» դարբնի որդու միտքը: Լեւոնը հիշեց այդ մարմաջով տառապող ռամիկ երիտասարդներին, բայց գաղափարն անիրագործելի համարեց առաջվա նման: Նա ստեղծված վիճակից ուրիշ ելք էր տեսնում. դիմել Լեռան Ծերունուն՝ Բալակին սպանելու համար: Թուրքերի մեջ ամիրայի խելքն ու հեղինակությունն ունեցող ուրիշ զորավար չկար, եւ նրա մահը, ինչպես լինում է նման դեպքերում, կջլատեր հակառակորդի բանակը, ժառանգներին էլ կստիպեր ավելի զիջող լինել: Եվմորֆիան թերահավատ էր, որ գործը գլուխ կգա: Շեյխուլջիբալը քմահաճ էր, երբ խոսքը մուսուլմաններին ոչնչացնելուն էր վերաբերում, եւ կարող էր կա՛մ մերժել, կա՛մ ոչ պակաս մեծ գումար պահանջել, քան Բալակը՝ գերիների համար: Բացի այդ, նրա Ալամուտ ամրոցի հեռավորության պատճառով բանակցություններն ամիսներ կտեւեին, որի ընթացքում Երուսաղեմի թագավորությունը կարող էր նոր կորուստներ կրել ամիրայից: Այս փաստարկները համոզիչ էին՝ իշխանը համաձայնեց: Հետո երկար լռեցինք, մինչեւ որ Ժոֆրուա Վանականը վերադարձավ դարբնի որդու ծրագրին եւ առաջարկեց համենայն դեպս Խարբերդի դիտախուզում անցկացնել, ապա միայն մերժել այս միգուցե վերջին միջոցը: Որոշվեց, առանց ձայնձայնելու, հենց Դավթի խմբին էլ Բալակի նստավայր ուղարկել՝ կանխավ նրանց մասին կոմս Ժոսլինին զգուշացնելով, որպեսզի կապ ստեղծեր իր գործակիցների հետ: 74. – գալ ուրբաթը դատաստանի օր է. վաղվանից մունետիկը կհայտարարի,- ասաց իշխանը, երբ թագուհու ապարանքից դուրս եկանք: Պատասխանեցի, որ մի դպիրս, ինչպես՝ միշտ, կներկայանա դատին: – Դպիրը՝ դպիր, բայց սենեկապետին դու ես փոխարինելու, մինչեւ նորը չհայտնվի. Բեհեսնիում կանոններին ու կարգերին քեզանից ավելի իրազեկ մարդ չկա, տեր հայր: Սենեկապետի պաշտոնը բազմահոգ էր եւ ամբողջովին աշխարհիկ բնույթի, ես իշխանին աղերսեցի իր հիմնական ընտրությունը չձգձգել եւ չկտրել ինձ աղոթքներից ու գրչությունից: Նա պատասխանեց, որ օրերս նամակ կգրի Սեբաստիա, ուր հաստատվել էին Հայաստանից գաղթած Արծրունիները, որպեսզի կրտսեր որդիներից մեկին՝ Ատոմին կամ Աբուսահլին, ճանապարհեն այստեղ՝ պալատը, գանձարանն ու կնիքը տնօրինելու: Բայց մինչեւ նոր սենեկապետի ժամանումը գործերը չի կարելի բարձիթողի անել: – Ինչու՞ ես անպայման Արծրունի վերցնում: Այն էլ պատանու, որի դեմքն էլ չես տեսել: Իսկ եթե պարզվի, որ նա Դերենիկին է քաշել: Արքունիք չէ՝ Արծրունիները դարերով չեն վարել այս պաշտոնը, որպեսզի երկյուղես ավանդույթը ոտնահարելուց, մեծ իշխան: – Իսկ դու ի՞նչ ես խորհուրդ տալիս: – Քո ճանաչած մարդկանց վստահիր, որ նույնպես ազնվական են: Խաչատուր ազատը խելացի է եւ պարկեշտ: Զինակիրդ՝ Թովմասը եռանդուն է, ճշտակատար… – Քեզ Թովմա՞սն է խնդրել, որ բարեխոսես: – Ոչ ոք չի խնդրել, ես էլ քեզ ոչինչ չեմ խնդրել երբեւէ: Եվ եթե ինձ մի պահ չընդհատեիր, կտեսնեիր, որ հասնելու էի Թովմասի թերություններին. նա օժտված չէ խղճմտանքի ու պատկառանքի զգացումներով: – Նա Ռուբենին հակել էր իմ առաջ միջնորդելու, այդ պատճառով կասկածեցի՝ ներիր,- արդարացավ իշխանը:- Բայց երեւակայիր, որ քո թված երկուսի մասին էլ մտածել եմ: Միայն թե վախս մեծ է, որ եթե արարողապետիս կամ զինակրիս նշանակեմ սենեկապետ, բոլոր պալատականներս կհավակնեն ավելի բարձր դիրքերի, քան ունեն: Այսինքն, փոխանակ միաբանվելու, կսկսեն մրցակցել ու դավել իրար: Այնպես որ, պաշտոնների ժառանգականության առավելությունը միայն արքունի կարգ հանդիսանալը չէ: Մանավանդ որ աշխարհի ամենաբազմամարդ արքունիքում, որը Կոստանդնուպոլիսն է, քիչ տոհմերի են վստահել բարձր դիրքեր, որպեսզի, սերնդե-սերունդ հզորանալով, կայսրերի հետ ոտք չմեկնեն: Բայց արդյունքը գիտես՝ տիտղոսների առուծախ, հեղաշրջումները, որ հազվադեպ են թույլ տալիս, որպեսզի բազիլեւսը ծերությունից, հիվանդությունից, պատերազմի վերքերից մեռնի. կայսրերին կա՛մ թունավորում են, կա՛մ մորթում իրենց իսկ ննջարանում: Չնայած իշխանն իր կամքը ոտքի վրա հայտնեց, բայց գիտեի, որ վաղօրոք ամեն ինչ կշռադատել է: Ես աներկմիտ էի, որ գործը կհաղթահարեի, միայն թե սենեկապետի պարտականություններից հենց դատարանի վերահսկողությունն էր անախորժ: Դերենիկ ազատը հաճախ կողմնակալ էր եղել, եւ նրան չէին սիրում: Բայց երկյուղ ունեի, որ ես էլ անմասն չէի մնա ատելությունից, որ մարդիկ տածում են թագավորների ու իշխանների արդարադատության եւ ժողովրդի միջնորդների հանդեպ: Օրինակ՝ դատարանի դպիրների ու փոքրավորների, որ աղքատից բերանի պատառն են պոկում որեւէ իրավունքը բացատրելու համար, կամ էլ զլանում են հետը խոսել, անպատվում են, երբ օգուտ չեն ակնկալում: Բայց, այլոց դատելու հանձնառությունն ընդունելիս, այսպես մտահոգվելով մարդկանց վերաբերմունքի մասին, ես անտեսել էի Տիրոջ ցասումը, մոռացել սեփական մեղքս, կյանքս քարանձավում ճգնելով կամ բորոտներին ծառայելով ավարտելու մտմտուքը: Ի՞նչ էի անելու աչքիս գերանը՝ դիմացի աչքի փուշը ցույց տալուց առաջ: Ճիշտ է, որ քուրձը գիշերներն էլ հագիցս չէի հանում, եւ սկսել էի գետնին քնել, հարուցելով իրիցկնոջ տարակուսանքը, բայց մազեղենով իմիջիայլոց ձաղկվելը երեւի կատարյալ անհոգությունից պակաս ամբարիշտություն չէր: Ուստի բնական հատուցում էր, որ անտարբերության մատնված մեղքս բորբոքվեց չդարմանված վերքի նման, որը նեխում է ու որդոտում… Օրը ցերեկով տեսա սատանային, որը հետեւում էր ինձ: Իրական, ինչքան՝ մոտիկ ծառը, քարե ցանկապատը կամ փողոցի սալահատակը: 75. ծառաներն իշխանի գահը դրել էին շուկայի հրապարակում, պանդոկի սյունագավթի առաջ: Իսկ կենտրոնական կամարի պորտաքարից սենեկապետի փոքրավորը կախ էր տվել ձեռնակապեր ու ոտնաշղթաներ՝ անհրաժեշտ դեպքերում մեղավորներին կաշկանդելու համար, ինչպես նաեւ հրապարակային պատժի գործիքները՝ խարազանն ու երկաթե տատասկը: Ի ցույց էին դրված մամուլները եւս, բայց՝ ահ ազդելու նպատակով. հանցավորների ոսկորները սեղմելով՝ միայն տանջանախցում էին խոստովանություն կորզում: Իմ դիվանի փոքրավորը բերել էր մատնանշածս հունարեն, լատիներեն դատաստանագրքերն ու հայերեն կանոնագրքերը, դպիրներիցս մեկն էլ պատրաստ նստած էր՝ իր գրակալով, մագաղաթ-մելանով ու երկաթե գրչով, որը հարմար էր նոտարագիր անելու համար, որովհետեւ արագագրից եղեգնյա գրիչի ծայրը շուտ էր բթանում: Մթերանոցի պատին արեւի ժամացույցն ուղիղ ինը՝ Լուսաճեմն էր ցույց տալիս, երբ իշխանը ժամանեց ու ծալապատիկ բազմեց գահին: Ես զբաղեցրի աջ կողմի գահավորակը, ուր սովորաբար սենեկապետն էր նստում, եւ երբ թիկնազորը մի սրահաչափ անջրպետեց մեր դիմացը, հայտարարեցի առաջին գործը՝ սկսելով ամենածանրից: Կորստյան տան երկու նախկին բանտապահը խոստովանեցին ի լուր ամենքի, որ ավագ ձիապահ Մակարին խեղդել էին Դերենիկի թելադրանքով: Երբ նրանք լռեցին, հարազատները, լավ իմանալով սպասվող դատավճիռը, փորձեցին թիկնազորի շղթան ճեղքել՝ գթություն հայցելու իշխանից, որին աղերսում էին նմանվել հոռոմների բազիլեւսին, որն իր տերության մեջ արգելել էր մահապատիժը: Լեւոնը պատասխանեց, թե՝ ինչպես վերացրել է ամբոխին բարեգութ թվալու համար՝ որպես նոր կայսր, այդպես էլ կվերականգնի, քանի որ միայն տուգանքով չի կարելի զսպել գողին, վեճի մեջ իրար մորթելու պատրաստ ընկերներին, տերերին, որ սպանում են անմեղ ծառաներին, կամ տիկնոջը, որ աղախնին ծեծում է մահու չափ: Նա մահվան վճիռ արձակեց, բայց Մակարի այրուն բանտապահների վերգրված ունեցվածքի միայն քառորդ մասը հատկացրեց՝ հաշվի առնելով, որ նրանք արյունն արյունով էին քավելու եւ երկուսն էլ ընտանիքավոր էին: Երբ Դերենիկ Արծրունին հայտնաբերվեր, Նոյեմին նրանից էլ պետք է արյան գին առներ, բայց ազատին քննելու էր կոմսության Գերագույն տերերի խորհուրդը: Լեւոնի ցանկությամբ ես ազդարարեցի նաեւ Ռուբենի գործի մասին: Խնջույքի ժամանակ նա սրով քերծել էր ֆրանկ ասպետին, բայց վեճը նույն երեկոյան հարթվել էր, եւ նա անպարտ էր հետագայում վրա հասած մահվան համար: Ոչ դիտավորյալ սպանություն կատարած մարդուց առաքյալներին հետեւած հայրերի կանոնները պահանջում էին միայն մի քանի օր ապաշխարանք, որպեսզի նա խորհեր, թե ինչու՞ Աստված կամեցավ, որ դժբախտությունը պատահի: Բայց իշխանն, այդ պատիժը քիչ համարելով, ինքնակամ վճարել էր արյան ասպետի գինը՝ երեք հարյուր վաթսունհինգ ոսկի, որը ոմանք համապատասխանեցնում են տարվա օրերի թվին, ոմանք էլ համարում են մարդու 348 ոսկորների, 12 անդամների եւ 5 զգայարանի գումարը: Շուկայի հրապարակի թե՛ հայ, թե՛ ֆրանկ ժողովրդի կողմից նրա մեծահոգությունը հավանություն գտավ: – Թող ամեն մեկն այդպես անի, եթե կարողությունը ներում է,- ասաց իշխանը:- Եթե ոչ՝ հեղյալ արյունն անքուն է, կվերադառնա սպանողի գլխին: Ես բոլորին տեղեկացրի մեկ այլ հաշտության վերաբերյալ. հիշոցապետը համաձայնել էր ութսուն արծաթ ընդունել Կոստանդին ազատից, որպեսզի բժշկի ծախսը հոգա: Բայց իշխանը բերդապահին զգուշացրել էր, որ հաջորդ անգամ նրան քարշ կտա Եդեսիա՝ Գերագույն տերերի բարձր ատյան, քանի որ մտադիր չէ ամեն խնջույքից հետո զրկվել հիշոցապետից: Հաջորդ հայցվորը՝ մի տանուտեր, գանգատավոր էր հոգացող Շահանից, որը խաբելով, թե կարգը փոխվել է, գյուղացիներից եզների հարկ էր վերցրել: Իշխանը խոստացավ, որ փողը կվերադարձվի, եւ հոգացողը կպատժվի: Ես էլ ազդարարեցի, որ եզան հարկը բերքի մեջ է, որից հօգուտ գանձարանի հնգանորդ է հավաքվում: Մյուս բանող անասունները՝ ձին, ջորին ու էշն էլ չպետք է հարկվեն, քանի շաբաթը մեկ օր տերունի աշխատանք է արվում նրանցով: Միջնաղբյուրցի գյուղացիների երկու խումբ, որ գիշերն անցկացրել էին ամրոցի դարպասի մոտ, որպեսզի առավոտյան մեկը մյուսից վաղ չհասնի դատաստանին, ցույց տվեցին մագաղաթյա կես էջ, որը վավերացնում էր հետեւյալը. «Հանուն Աստուծո, այս իմ գիրն է՝ Գաբրիելի, որդի Տուտուրի, որ Ծանից գնեցի ջրաղացը հիսունմեկ պոտատով, վկա Սահակը, վկա Վաղան, վկա Թորոսը, վկա Տուտուրը, վկա Մարտիրոսենց Շնորհավորը, որ սրան ասուլիս չեն անելու ոչ եղբորորդի, ոչ ուրիշ հարազատ. ով որ ասուլիս անի՝ պռիստիմոն տա հարյուր սպիտակ դրամ»: Մագաղաթի մյուս երեսին էլ գրություն կար, որը ես, զայրանալով, նույնպես բարձրաձայն կարդացի. «Ով որ թղթերս կտրի՝ թե գիր չկա վրան, Աստված նրան մեջտեղից կտրի, նրա բաժինը Տիրոջը կեղծավորողների կարգում դնի եւ սատանայի տանջանքները գցի նրա գլխին: Այսքանը բավական է լսող մարդուն, իսկ չլսող ու ագահ մարդու համար միեւնույն է քիչն ու շատը»: Հարցրեցի, թե ո՞վ բանի տեղ չի դրել գրիչի հիշատակարանը: Գաբրիելը պատասխանեց, որ մագաղաթն իրենն է, բայց երդվեց, որ տառաճանաչ չէ եւ մատյանից մագաղաթը կտրելուց չի իմացել անեծքի մասին: Ես չհավատացի, քանի որ ստորագրություն ուներ պայմանագրի տակ, բայց նա ցույց տվեց բարակ տախտակի կտոր, որի մեջ փորված տառերով դուրս էր բերում իր անունը: Լեւոնը հարցրեց, թե ինչ պարտք ու պահանջ ունեն գյուղացիներն իրարից: Գաբրիելը բողոքեց, թե Ծանը ջրաղացը ծախելուց հետո մտքափոխվել է, ուրեմն պետք է «պռիստիմոն» վճարի, որը պայմանազանցության տուգանքն էր հունարեն: Ծանի «ասուլիսն» այն էր, թե, պարտքախեղդ լինելով, ջրաղացն էժան է ծախել, բայց հիմա ուժը պատում է, որ հետ գնի: Նրան հորեղբայրը մի ամիս առաջ երազ է եկել, թե գոմի պատի մեջ ոսկի կա: Մյուս օրը խարխուլ պատն ինքն իրեն փլվել է, եւ խեցեբեկորների մեջ գտնվել է տասնհինգ «պոտատ», ինչպես ռամիկները կոչում էին կես դար առաջ Նիկեփոր Բոտանիատես կայսեր կտրած ոսկեդրամը, որի երկու հատը մեկ դահեկանի էր հավասար: Դա բավական էր, որ Ծանը ջրաղացի փողից ծախսածը լրացներ, դեռ տակն էլ բան կմնար: Իշխանն ինձ հարցրեց, թե ի՞նչ են ասում օրինագրքերը: Պատասխանեցի, որ գրի հրաման չկա, եւ Գաբրիելն ուրախացավ, բայց ճշտեցի, որ պապենական կարգ է եղել Հայաստանում. եթե ջրաղացն աղքատությունից է վաճառվել, տիրոջ իրավունքն է՝ տարին չբոլորած հետ գնել: Գաբրիելի կողմից գոչեցին, թե պայմանադրությունից տարի երկու շաբաթ է անցել, եւ Ծանը դրան համաձայնեց: Բայց արդարացավ, թե նույնիսկ վարուցանքը թողել, գնում-գալիս էր Բեհեսնի, բայց պահանջ չի ներկայացրել, որովհետեւ դպիրներն իրեն հետ էին դարձնում՝ պատճառաբանելով, որ քանի սենեկապետ չկա, դատ չի լինելու: Լեւոնի նշանով բոլորը լռեցին: Նա մտածեց եւ հրամայեց հին տիրոջը հանձնել ջրաղացը, որը շատերը ժողովրդից ողջունեցին: Ծնկաչոք իշխանին մոտեցան մարդ ու կին, որ համր որդի ունեին՝ խնդրելով արտոնել նրա պսակն իրենց վարձվորի աղջկա հետ, ինչն իրենց երեցը մերժում էր անել: Ես հաստատեցի, որ կանոններն արգելում են համրերի ամուսնությունը, որ, ասուն չեն, ուրեմն՝ կենդանիներին են հավասար: Վերջում կանչեցինք տառապյալ Հովհաննեսին, որը կնոջ գերեզմանն էր բացել կարոտից: Ըստ Լուսավորչի տասնհինգերորդ կանոնի, նրան եկեղեցուց դուրս չորս եւ ներսում մեկ տարվա ապաշխարություն սահմանվեց: Չքննեցինք միայն խաղի ժամանակ մի տղայի աչքը քարով հանելու դեպքը, որովհետեւ մեղադրողը երկու վկա չուներ: Երեխաներից բացի, երկու հարեւան կին էին ականատեսները, որոնք մեկ վկա էին համարվում, քանի որ այրն, անմիջապես Աստծուց արարվելով, կատարյալ է, իսկ կինը, որ տղամարդուց է ստեղծվել, կես է: Իշխանը հեռանալուց առաջ, ըստ սովորության, բոլորին կոչեց իրենց ձեռքով դատաստան չտեսնել, հիշեցրեց, որ նույնիսկ բռնված գողին սպանողը մահապարտ կճանաչվի: Նրան երկրորդելով՝ ես էլ իմ պատգամն ուղղեցի հավատացյալ ժողովրդին, թե՝ Աստծուց արարված մարդն անգին է, զգուշացեք ձեռք բարձրացնել կյանքի վրա: Բայց եթե ոճիրն արդեն գործվել է, Սուրբ գիրքն էլ պատվիրում է ընդունել մարմնի հաշմված անդամների կամ արյան գինը. չէ որ, եթե ուշք դարձնենք՝ «մարդ» բառն աջից ձախ «դրամ» է կարդացվում: 76. շատերը մտապահել ու կրկնում էին այդ խոսքերս, որ համարում էին Աստծո շնորհի առհավատչյա: Մինչդեռ կար մեկը՝ սատանան, որն ինձ Տիրոջ հովանուց զրկված էր կարծում, քանի որ արդեն ստվերս էր դարձել եւ հետապնդում էր ինձ, ոչ թե՝ հետեւում գարշելի ծամածռություններ անելով: Մի օր, դրանից նեղվելով, կիսատ թողեցի ծխականիս հետ զրույցը, որը պատմում էր իր պակասավոր երեխայի տեսիլքների մասին, եկա եկեղեցի ու մտա խուցս, որպեսզի հանգիստ կգտնեմ: Բայց այս անգամ նա հետ չդառավ շեմքից, այլ ներս գալով կանգնեց անկյունում, որն իմ թիկունքում էր: Քանի իր ոտքով մտել էր եկեղեցի՝ ես քառասնյակներ կատարեցի, յոթ անգամ աղոթեցի սուրբ Ավետարանով: Զգացի, որ ոչինչ չազդեց: Ըստ կանոնների, պետք է նայեի պիղծի լրբությանն ու Աստծո ողորմության համաձայն հավելել կամ կարճել կարգը: Կտրուկ շրջվեցի եւ մեկնած ձեռքի հեռավորությունից տեսա նրան: Սեփ-սեւ, լղրճուկ, կոտոշիկներով, որոնց շուրջը մազափնջեր կային, շուռ տված սմբակներով՝ ետեւում թափ էր տալիս երկար պոչը: Փայլում էր, կարծես թաց լիներ: Հետը խոսելով՝ օրինականացնում էի ներկայությունը, բայց ինձ չզսպեցի. – Խափանում քեզ, գարշելի, եւ քո դավերին՝ հավատացյալների հետ: Նա բոլորովին բանի չազդվեց, տեղ չդրեց նաեւ, որ բազմիցս խաչակնքեցի: – Ի՞նչ ես ուզում,- հարցրի ես,- ինչի՞ համար ես ինձ հալածում: Նա քմծիծաղեց. – Իսկ ու՞մ հալածեմ: – Մեղավոր եմ, անսահման մեղավոր: Բայց ուրիշ իմ նմանը չկա՞: – Ավելի մեծ մեղավորներ կան եւ ավելի խիստ պատժի արժանի: Միայն թե՝ համակերպվել են ինձ հետ: Իսկ դու իմ գոյությունն արհամարհում էիր: Նույնիսկ հիմա չես հրաժարվել մեղքդ հաղթելու, ինձ ընկճելու մտքից: – Իսկ մինչեւ ե՞րբ ես ինձ չարչարելու: – Միշտ, քանի որ ինձ հետ չես հաշտվելու: Եվ կանգնել եմ դիմացդ, որ ավելի շատ տանջվես՝ իմանալով, որ գործածդ մեղքի նմանությունն եմ: Հոգիդ իմ պատկերն ունի: – Ի՞մ հոգին… – Քո՛, Վահրա՛մ, քո՛: Տալով մկրտության ավազանիս անունը, այն անունը, որով ինձ կոչել էին մանկությանս տարիներին, երբ բոլորովին անմեղ էի՝ նա անկասկած վստահ էր ընտրած միջոցի ներգործությանը. զարհուրեցի: – Հիմա մտածում ես, որ ուրիշները կտեսնեն, թե ինչպիսին է հոգիդ: Եթե ունեցածդ մեղքերին գումարելու ես կեղծավորությունը՝ մի՛ վախեցիր: Այն, որ ամեն մի միտքս կարդում էր, հուսահատեցրեց ինձ: Բայց բոլոր ուժերս զորակոչեցի, որ մարտնչեմ: Կարծում էի, որ եթե բանավեճում հաղթեմ, դրության տերը կդառնամ: Ավաղ, բանն ուրիշ ընթացք ստացավ: Դրսից թրխկոցներ լսվեցին, ես աչքս թեքեցի դեպի պատուհանը: Տեսա՝ մի գիրկ փայտ ցախանոցից հացատուն տանելիս Խաչեղբայրը մի քանիսը ցած էր գցել: Դանդալոշը սառել-մնացել էր. կռանա՝ հավաքի, թե բեռը դատարկի – հետ դառնա: Գիտեի, որ այդպես կկանգնի, մինչեւ մեկնումեկս այդտեղից չհեռացներ: Ուստի շուռ եկա, որ խոսակցությունը շարունակեմ: Միայն թե սատանան չքվել էր: Թեեւ այդպես արտահայտվելը տեղին չէր, որովհետեւ հասկացա, որ մտել է իմ մեջ: Ներսիցս եկող ճռճռոցը հաստատում էր, որ ճգնում է հարմար տեղավորվել: Նման ձայն առնում ես, երբ ոտքդ կաշվե նոր կոշիկի մեջ ես մտցնում զոռով: 77. այդ պահից դժվարացավ տարբերել, թե գլխումս ծագող ո՛ր միտքն էր իմը, ո՛րը՝ սատանայից: Լեզուս էլ հաճախ ինձ չէր ենթարկվում, եւ, կամքիցս անկախ, երբ պետք եղած աղոթքը չէի հիշում, բերանիցս դուրս էր թռչում՝ «սատանայի բան է»: Փողոցում սայթաքելիս ստության հոր անունն էի տալիս՝ «սատանայի՛ց էր»: Մի անգամ էլ բերդաքաղաքում խոսք եղավ, որ հունիսը շոգ է՝ հանկարծ երաշտ չպատահի, ես, ուսերս թոթվեցի, թե՝ «սատանայի իմանալիքն է»: Բայց փառք կտայի Աստծուն, եթե չարի միջամտությունը այդքանով սահմանափակվեր: Ավաղ, շուտով անդրադարձա, որ անխտիր բոլոր կանանց կրքի աչքերով էի նայում: Բարեբախտություն էր, որ հոգեւոր պաշտոնիս բերումով առավելապես հավատավոր կանանց հետ էի շփվում՝ կաղ Վազգանուշի, որ շաբաթը երկու օր ավելով մաքրում էր եկեղեցին, եւ մսագործի աղջիկ Շաքարի, որն ինձ համար մելան էր եփում: Նրանց նախկինում ի ցույց էի դնում որպես «հեզ, խոնարհ, ողորմած, աղոթասեր, սրբասեր, այրերից ակնածու, որբոց խնամածու», մինչդեռ այժմ խեթում էի՝ մինչեւ հոնքերը կապած գլխաշորերի եւ միագույն, մուգ, լայն հագուստների պատճառով, որ քողարկում էին նայողից, թե որտեղ է վերջանում կոշտ գործվածքն ու սկսվում է մարմինը: Այ, ուրիշ կերպ վրաս ազդեց զինվորի կին Եսթերը, երբ մտքով անցկացրել էր տան նոր կորկոտից բերել Սուրբ Գեւորգ: Բարձրահասակ, խոշորամարմին, մի տեսակ երկար կրծքերով՝ միանգամից գրգռեց մեջս տղամարդուն: Իրեն զգացնել չտվեցի, միայն մտքումս վենետիկցի վաճառականին արդարացրի, որը սրա ազատություն ստանալուն էր սպասում, ոչ թե ամուսնանում որեւէ կույս աղջկա հետ, ինչն անել ներում էր իր ունեցվածքը… Թեեւ այրի Պաոլոն ինքն անհամ մարդ էր. ուղիղ, բայց պաղ դիմագծերով, միջահասակ, խոսքն էլ՝ ծանծաղ: Գիշերը երեւակայությունս ավելի անպարկեշտ մեղքեր էին զբաղեցնում, որոնք իրագործողը կդատապարտվեր Բարսեղ Կեսարացու ՄԾԹ, ՄԿԳ, ՌԾԱ կանոններով: Ընդ որում, վերջինը մեղմ էր, քան նախատեսել էին հները, որ նման հացավորներին այրում էին եւ՝ արժանիորեն: Գործողությամբ, արդեն ոչ մտովի Լուսավորչի օրենքներից ՃԵ-ն էի խախտում, այսինքն՝ սերմներթությունը քնիս մեջ չէր լինում, որ մարմնի բնույթից է եւ նույնիսկ պատժի ոչ ենթակա, ըստ եկեղեցու հայրերից ոմանց, այլ՝ հրահրված էր արհեստականորեն: Այդ բոլորն ինձ մղեց ավելի սարսափելի կասկածների: Թե իմ մեջ միշտ է սատանա եղել, որը միայն հիմա է իրեն բացահայտել: Շարունակելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել