Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԼԵՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Փետրվար 16,2002 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԼԵՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ 2002թ. ՄԱԿ-ի կողմից հայտարարված է լեռների տարի։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ջոել Բուտրուն գտնում է, որ մեր իշխանությունները լրջորեն են վերաբերում դրան։ Պրն Բուտրուին նման ենթադրության համար հիմք է տվել վարչապետի հրամանով ստեղծված «Լեռների միջազգային տարվա ազգային հանձնաժողովը»։ Վերջինիս անդամ, ՀՀ բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանը դեկլարատիվ բնույթով մի փոքր ներկայացրեց հանձնաժողովի եւ նախարարության՝ լեռնային էկոհամակարգի պահպանման եւ կայուն զարգացման ուղղությամբ կատարելիք աշխատանքները, հիմնականում նշելով, որ խնդրին «նայում ենք գլոբալ, ռեգիոնալ եւ լոկալ զարգացման տեսանկյուններից»։ Այդ շրջանակում կարեւորելով հանքային, քաղցրահամ ջրերի, անտառների վերարտադրման եւ լեռնային գյուղերը համակած չքավորության վերացումը, փոխնախարարը հայտարարեց, որ «համակարգված ծրագրեր արդեն իրականացվում են»։ Դրանց մասին պրն Զիրոյանը գերադասեց լռել՝ որոշ ժամանակ անց արդյունքների մասին խոսելու ակնկալիքով։ Ի դեպ, երկրագնդի բնակչության 10%-ն ապրում է լեռնային, 40%-ը՝ նախալեռնային վայրերում։ Այնպես որ, ամենակոպիտ հաշվարկներով անգամ, էկոհամակարգի քայքայումը կազդի երկրագնդի բնակչության 50%-ի վրա։ Կլիմայի փոփոխության հետեւանքով Հայաստանի լեռնային էկոհամակարգի խոցելիության դեմ հարմարվողական միջոցառումներ մշակելու նպատակով ՄԱԿ-ի զարգացման գրասենյակն իրականացնում է «Հայաստանի կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում» ծրագիրը։ Ծրագրի հայաստանյան փորձագետ Արմեն Նալբանդյանի ուսումնասիրություններով, վերջին 3000 տարում Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է 2-3 աստիճանով, տեղումները կրճատվել են 15-20%-ով։ Առաջիկա 100 տարում կանխատեսվում է, որ եւս 1,5-2 աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա եւ 15 հազար հա-ով անտառները կկրճատվեն, ինչի արդյունքում կբազմանան տերեւակեր վնասակար միջատներն ու կրծողները։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել