Լրահոս
Օրվա լրահոսը

Հրշեջները՝ խաղից դուրս

Փետրվար 16,2002 00:00

Հրշեջները՝ խաղից դուրս Երեւանի մասնագիտացված թիվ 45 հրշեջ խումբը հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Պարզվում է, խմբի աշխատավարձի պարտքի մարումը «վեր» է մի շարք գերատեսչությունների ու կառույցների ուժերից։ Իսկ պատճառներից մեկը «Լույս» ՓԲԸ-ի լուծարումն է, որին տարիներ շարունակ սպասարկել է թիվ 45 հրշեջ խումբը՝ համապատասխան պայմանագրի համաձայն։ Պետական պրոֆիլակտիկ հսկողության առաջին դասի հրահանգիչ եւ հրշեջ ջոկատի երկրորդ տեղակալ Վարդան Պետրոսյանի հավաստմամբ, 1998թ. սեպտեմբերից մինչեւ 2000թ. հունվարի 6-ը (խմբի լուծարման օրը) իրենք ստացել են ընդամենը 2 ամսվա աշխատավարձ։ Այն էլ վճարվել է գործարանի գերատեսչական նշանակության ավտոցիստեռնի վաճառքի հաշվին, որը գնել է Դավիթաշենի թիվ 25 հրշեջ ջոկատի պետ Դանիելյանը։ Հրշեջների վկայությամբ, թեեւ ՆԳ համակարգում ամենացածրն իրենց աշխատավարձն է, սակայն դա ոչ մի կերպ չի նպաստում առանց այն էլ խղճուկ իրենց վաստակի վճարմանը։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.12.1997թ. որոշմամբ, «Լույս» ՓԲԸ-ն ճանաչվել է անվճարունակ, իսկ 14.11.2000թ. որոշմամբ այն լուծարվել է եւ թույլատրվել ընկերության գույքը ներկայացնել վաճառքի։ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը 11.06.01թ. դիմել է ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին՝ խնդրելով «Լույս» ընկերության գույքի վաճառքից գոյացած միջոցներից 5058607 դրամ հատկացնել ՀՀ ՆԳՆ Երեւանի մասնագիտացված հրշեջ ջոկատին՝ 1997-1999թթ. անձնակազմին չվճարված աշխատավարձի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտքերը մարելու նպատակով։ ՀՀ ՆԳՆ հրշեջ պահպանության վարչության բարձրացրած հարցի լուծումը, սակայն, ֆինանսների նախարարը համարել է «անիրատեսական»՝ պատճառաբանելով, որ «Լույս» ընկերության գույքի իրացումից ստացված միջոցները չեն բավարարի նույնիսկ առաջնահերթության կարգով բավարարման ենթակա պահանջներին»։ Հիշեցնենք, որ 03.02.99թ. պաշտոնական գրությամբ արդյունաբերության եւ առեւտրի նախկին նախարար Հայկ Գեւորգյանը «Լույս» ՓԲԸ-ի մասնագիտացված թիվ 45 հրշեջ մասի աշխատակից Ա. Խաչատրյանի նամակին ի պատասխան՝ խոստացել էր «առաջին իսկ հնարավորության դեպքում վճարել նրանց հասանելիք գումարը, եթե «Լույսի» ղեկավարությունը կարողանա իրականացնել ձեռնարկության ֆինանսական առողջացման ծրագիրը»։ Այժմ «Լույս» ՓԲԸ-ն գոյություն չունի։ Իսկ ներկայիս «Գրանդ Սան» ընկերությունը, տնօրեն Արշակ Սարգսյանի պնդմամբ, «Լույսի» իրավահաջորդը չէ, հետեւաբար պարտավոր չէ մարել «Լույսի»՝ հրշեջներին չվճարած աշխատավարձի պարտքը։ Եվ մերօրյա գորդյան այս հանգույցը բացելու ուղղությամբ արդեն ոչ մի քայլ չի ձեռնարկվում, իսկ հրշեջները պատրաստ են մինչեւ վերջ գնալ՝ իրենց «սեւ հացի փողը» վերադարձնելու համար։ Նրանք դիմել են ՆԳ փոխնախարար Հ. Վարյանին, ՀՀ նախագահի եւ վարչապետի աշխատակազմեր։ Հրշեջ ծառայության վարչության պետ Լ. Դավթյանը եւս վաղուց վարչության գործն այս առումով ավարտված է համարում։ Եվ պատահական չէր, որ մեզ առաջարկեց միասին թերթել բոլոր այն գրությունները, որտեղ ներկայացված էին աշխատավարձ «կորզելու» համար վարչության կատարած քայլերը։ Իսկ նրա տեղակալ Պ. Գյոզալյանը թիվ 45 հրշեջ խմբի աշխատավարձի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ ընդամենը «մուննաթ» եկավ. «Լա՞վ է, որ ես էլ 1996-ից աշխատավարձ չեմ ստացել»։ Թիվ 45 ջոկատի հրշեջներից շատերը զանազան մեդալներով ու շքանշաններով պարգեւատրված մարդիկ են, ինչը հավաստումն է հայրենիքի հանդեպ արժանապատվորեն կատարած նրանց պարտքի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել