Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՂՏԱԳՈՂԻ, ԲԱՅՑ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ

Փետրվար 16,2002 00:00

ԳԱՂՏԱԳՈՂԻ, ԲԱՅՑ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ Բաց նամակ ՀՀ քաղաքաշինության հարգելի նախարար Դավիթ Լոքյանին 2002թ. հունվարի 29-ին ստացա Ձեր կողմից ինձ հասցեագրված 22.01.2002 թվակիր նամակը՝ կից ունենալով «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Վ. Արզումանյանի եզրակացությունը Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի սեյսմակայունության վերաբերյալ՝ կապված նկուղային հարկի հատակի իջեցման հետ։ Նամակի՝ անձամբ Ձեր կողմից ստորագրված լինելը, թվում է փորձ է հասկացնել տալու, որ թերեւս հարցը համարվի փակված, քանի որ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության պետ Հ. Մուրադյանի, ապա նույն քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանի երկու նամակներում, ինչպես եւ ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության օպերատիվ ծառայության պետ Յու. Մատինյանի գլխավորած հանձնաժողովի ու «Հայսեյսմշին» ԳՀԻ տնօրեն Վ. Արզումանյանի գլխավորած հանձնաժողովի եզրակացություններում միեւնույն ձեւով են արձանագրված, որ Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի նկուղային հարկի հատակի իջեցման հետ կապված շինարարական բոլոր աշխատանքները իրականացված են կանոնների եւ առկա նախագծի համաձայն, որակով, եւ որ այդ ընթացքում չեն տուժել գոյություն ունեցող շինության կոնստրուկցիաները, չկան պատերի դեֆորմացիաներ, որ չի վնասվել շենքի սեյսմակայունությունը եւ այլն։ Այդ «հաջողությունը», ցավոք, թվացյալ է։ Նկուղային հարկի նոր սեփականատեր «Կարիտա-Իտալյանա» ԲԲԸ-ի հիմնադիր գործիչ Վարդգես Բաբայանը, լինելով ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության փոխտնօրենը, իրեն իրավունք է վերապահել առանց վերին 4 հարկերի բնակարանների տերերի համաձայնության, առանց հատուկ թույլտվության, լիցենզավորված մասնագետ-ինժեներ Կ. Ղահրամանյանի եւ ինժեներ Գ. Գրիգորյանի կազմած ու մինչեւ օրս մեզանից գաղտնի պահվող նախագծով նախաձեռնել եւ փակ դռների հետեւում գաղտագողի փորում, իջեցնում է նկուղի հատակը (մոտ 130-160 քմ տարածքը) 45-60 սմ-ի չափով, այդ ընթացքում նկուղի ներսի կողմից մերկացնում 4 մ բարձրության հենապատի դեր ունեցող պատի հիմքի ճակատը (մոտ 150 մ երկարությամբ), իսկ այնտեղ, որտեղ հիմքերը մնում են վերեւում, բացում է հիմնահատակի հողը, ծառայեցնելով որպես հիմնապատ։ Այս նույն ձեւով գաղտագողի իրականացնում են բետոնապատման աշխատանքները՝ առանց այն էլ ոչ բավարար մակարդակով արված նախագծի համաձայն մեծամեծ թերություններով՝ նախագծի 50-60%-ի չափով (40-50% պակասով), պակասող մասի լրացուցիչ աշխատանքների նախագիծ ունենալով, թողնվեց չիրականացված։ Հասկանալի է, որ շինության հիմքերում նման անթույլատրելի գործողություններով տուժում է շինության սեյսմակայունությունը։ Մեղքը պետական տեսչության պետ Գ. Միրզոյանի հանձնարարականով ստեղծված պրն Յու. Մատինյանի գլխավորած հանձնաժողովի գործունեության էության մեջ է։ Վերոհիշյալ հանձնաժողովը ստեղծված է «հարմարագույն» կազմով՝ նախագահը Վ. Բաբայանի ամենամոտ մարդն է, նույն սենյակում պաշտոնավարող, միասին նախաճաշիկը վայելող, այսինքն նրանք տեսչության պետի երկու կարեւոր հենարաններն են։ Հանձնաժողովի կազմում մյուսը ճարտարագետ Կ. Ղահրամանյանն է՝ նկուղային հարկի վերափոխման նախագծի հեղինակը, որը հանձնաժողովի նկուղային հարկում գտնվելու ժամանակ բնակիչների ներկայությամբ տեր էր կանգնում միայն իր նախագծին, հրաժարվելով իրականացվածը բավարար գնահատել։ Սակայն անհասկանալի, համենայնդեպս անհայտ պատճառներով, հետագայում նա ստորագրեց այն ակտը, որում իրականացվածը գնահատում է դրականորեն։ Հանձնաժողովի երրորդ անդամը «Երքաղնորոգնախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեներ Ա. Ալավերդյանը, որը նույնպես տեսնելով կատարված աշխատանքների միայն 50-60%-անոց վիճակը, գնահատելուց խուսափեց, սակայն նույն անհայտ դրդապատճառներով հետագայում ստորագրությունը դրել է նույն՝ փաստերը նենգափոխող եզրակացության տակ։ Ահա այսպիսի կազմ ունեցող հանձնաժողովը, հակառակ իրերի ռեալ անմխիթար վիճակին, տվել է ամեն ինչը լավ համարող եզրակացություն, որը առանց ուշացնելու տարածել է ակտին սպասողներին, այնուհետեւ դարձրել է հիմք եւ հենք՝ մյուս պաշտոնյա պարոնների, հիմնական հարցերում միմյանցից չտարբերվող նրանց պատասխան նամակների գիտական հիմնավորվածությունից զուրկ եզրակացությունների համար։ Բայց չէ՞ որ մեր 26.12.2001թ. Ձեզ հասցեագրված նամակով տեղյակ էինք պահել վերոհիշյալի մասին, գրել էինք նաեւ մյուսներին, կոնկրետ՝ որ Յու. Մատինյանի եզրակացության մեջ հիմնական փաստերը պարզապես կեղծված են, որ այդ փաստաթուղթը տվյալ գործում «արջի ծառայություն» է մատուցում։ Այսպես, ուրեմն, ուղիղ կես տարի թանկագին ժամանակ կորցնելուց հետո հայտնվել ենք «կոտրած տաշտակի» առջեւ եւ դա արդյունք է քաղաքաշինական որոշ մարմիններում առկա Քաղաքաշինության նախարարության հովանավորությունը վայելող ինչ-որ փոխհամաձայնության, որի հանդեպ մենք անզոր գտնվեցինք, դրությունը մազաչափ շտկել չկարողացանք, ի վիճակի չեղանք այնպես անել, որ մեր բնակարաններում հնարավոր լիներ չտագնապել, հանգիստ քուն մտնել։ Նման վիճակ ստեղծելը, անշուշտ, հանցագործություն է։ Մեր շենքի բնակիչներից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երկրաբանության ինստիտուտի տնօրեն Ռ. Ջրբաշյանը գտնում է, որ նկուղային հարկում կատարված բետոնային աշխատանքները, թեկուզ եթե լրացվի եղած պակասը, չեն կարող շտկել դրությունը, պետք է լուրջ ամրացումներ անել երկաթբետոնե կոնստրուկցիաներով, երեւի թե պետք կլինի մոտ 20 խմ երկաթբետոն եւ այլն։ Ինժեներ- կոնստրուկտոր Մ. Մանդալյանը գտնում է, որ դրությունը հնարավոր է փրկել հիմքերի բացված ճակատների բարձրությամբ (40-50 սմ) ապար լցնելով։ Մեկ այլ բնակիչ՝ Վ. Բակունցը, դրությունը համարում է հուսահատական։ Ինչո՞վ կարող ենք սփոփել վերոհիշյալ քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն մտահոգվելու իրենց կյանքի անվտանգությամբ։ Ես՝ այս շինության նախագծի հեղինակս ու նրա 45 տարիների բնակիչը, այլեւս հուսալի ճանապարհ չեմ տեսնում, միաժամանակ պարտքս եմ համարում սերունդներին տեղյակ պահել, թե ովքեր էին այն անձնավորությունները, որոնք իրենց կատարած ըստ էության հանցագործությունների համար պետք է որ ենթարկվեին քրեական պատասխանատվության։ ՏԻՐԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ ՀՀ վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել