Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

150 դոլար տամ՝ 14000 դրամ տուր

Փետրվար 16,2002 00:00

150 դոլար տամ՝ 14000 դրամ տուր 2001թ. մայիսի 17-ին Թեհրան-Սարի ավիավթարի ժամանակ զոհվածների թվում էին նաեւ Իրանի Քուիշի Մեյր ընկերությանը պատկանող օդանավի հինգ հայ օդաչուները։ Նշենք, որ «Հայկական ավիաուղիների» հինգ աշխատակիցները պայմանագրային հիմունքներով գործուղվել էին Իրանի Իսլամական Հանրապետություն՝ բարձր աշխատավարձով աշխատելու։ Գործող օրենքի համաձայն, զոհված աշխատակիցների ընտանիքներին հիմնարկը, տվյալ պարագայում՝ ՀԱՈՒ-ն, պարտավոր է նրանց ամսական միջին վաստակի չափով վճարել նպաստ։ Օրենքում նաեւ նշվում է, որ կերակրողի մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեն մահացածի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամքի իրավունք ունեցող անաշխատունակ անձինք։ Կերակրողի՝ Համլետ Օհանյանի մահվան հետեւանքով ՀԱՈՒ-ն վնաս կրած անձանց համար սահմանել է ամենամսյա նպաստ։ Նպաստառու են հանդիսացել հանգուցյալի հայրը՝ Վ. Սահակյանը, մայրը՝ Արեւ Օգանովան, կինը՝ Լարիսա Օհանյանը, չորս անչափահաս երեխաները, ինչպես նաեւ Հ. Օհանյանի նախկին կնոջից ի ծնե հաշմանդամ դուստրը։ Նշենք, որ նպաստի չափը որոշվում է ըստ նրա խնամքի տակ գտնվողների թվի։ Այսինքն՝ աշխատավարձը նրանց միջեւ կիսվում է հավասարաչափ։ Ուստի, նրանց թիվը որքան փոքր լինի, նպաստի չափն այնքան մեծ կլինի։ Տվյալ պարագայում յուրաքանչյուրի համար սահմանվել է ամսական 14000-ական դրամ։ Սկսած 2001-ի հունիս ամսից, բոլոր նպաստառուները ստացել են իրենց հասանելիք գումարները։ Սակայն 2001-ի դեկտեմբեր ամսին զոհված Հ. Օհանյանի կինը հայցով դիմել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան՝ պատճառաբանելով, որ ՀԱՈՒ-ն վնաս կրած անձանց շրջանակը որոշելիս թույլ է տվել սխալ։ Խնդրի առնչությամբ «Առավոտին» դիմած Լարիսա Օհանյանի խոսքերով. «Խնամքիս ունեմ չորս անչափահաս երեխա, որոնց ապրուստի միակ միջոցը ՀԱՈՒ-ի կողմից տրվող ամենամսյա նպաստն է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1081 հոդվածի համաձայն, ոչ Արեւ Օգանովան, ոչ Վազգեն Սահակյանը չեն գտնվել հանգուցյալ ամուսնուս՝ Համլետ Օհանյանի խնամքի տակ, նրա հետ չեն վարել ընդհանուր տնտեսություն, հետեւաբար չեն կարող հանդիսանալ վնաս կրած անձինք եւ ստանալ կերակրողի մահվան հետեւանքով հասցված վնասի հատուցում։ Իսկ ՀԱՈՒ-ն յոթ ամիս շարունակ նպաստ է վճարել նաեւ ամուսնուս ծնողներին։ Ի դեպ, Վազգեն Սահակյանը Հ. Օհանյանի խորթ հայրն է, ինչը փորձում են դատարանում թաքցնել։ ՀԱՈՒ-ի ներկայացուցիչ Հ. Բուրմանյանը պատճառաբանում է, թե Հ. Օհանյանի անձնական գործում եւ ինքնակենսագրությունում նշված չէ, որ հայրը խորթ է, այլ պարզապես գրված է՝ «Հայրս՝ Վազգեն Սահակյանը», որը հաշվի է առնվել նպաստ նշանակելիս»։ Մինչդեռ Լարիսա Օհանյանը պատմում էր, որ դատավարության ընթացքում Վ. Սահակյանը չգիտեր որ թվականին է ծնվել Հ. Օհանյանը։ Ըստ Լարիսայի, Հ. Օհանյանը 1955-ին է ծնվել, իսկ Արեւ Օգանովան եւ Վազգեն Սահակյանը ամուսնացել են 1972-ին (առկա է զագսի վկայականը)։ «Օրենքն այս պարագայում ասում է, որ հայրը պետք է որդեգրեր որդուն կամ պիտի դատական կարգով սերման փաստ հաստատեր, կամ էլ Հ. Օհանյանը պետք է դիմեր, որ հորը ճանաչեր։ Չի արվել։ Փաստաթղթերում գրվում է Համլետ Վազգենի Օհանյան (մոր ազգանունով), իսկ հայրացուն գրվում է Վ. Սահակյան։ Հիմա այս մարդը ներկայացել է եւ ասում է, որ ինքը Համլետի հայրն է եւ ուզում է նպաստ ստանալ։ Ընդ որում, հայրն ու մայրը Նոր Հաճընում առանձին տնտեսություն ունեն եւ համասեփականատեր են նաեւ Հր. Քոչարի փողոցում գտնվող երեք սենյականոց բնակարանի, որտեղ բնակվում են Հ. Օհանյանի առաջին կինն ու երկու աղջիկները։ Որեւէ իրավասու մարմնի կողմից նրանց փաստաթուղթ չի տրամադրվել, համաձայն որի, նրանք կարող էին անաշխատունակ կամ հաշմանդամ համարվել։ Դատարանում Վ. Սահակյանը բոլորի ներկայությամբ ասում էր, որ ես հրաժարվեմ իմ ընտանիքին հասանելիք նպաստից եւ ինքը ամսական 150 դոլար մեզ կտրամադրի»,- պատմեց հանգուցյալի կինը։ Ի դեպ, նա նաեւ պատմում էր, որ ՀԱՈՒ-ի ներկայացուցիչ Հ. Բուրմանյանը կողմնապահություն է անում եւ, չգիտես ինչու, շահագրգռված է, որ Վ. Սահակյանն ու Արեւ Օգանովան նպաստից չզրկվեն։ Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները Լ. Օհանյանի հայցը բավարարել են՝ նպաստից զրկելով Վ. Սահակյանին եւ Ա. Օգանովային։ Ինչի հետեւանքով վերջիններս դիմել են վճռաբեկ դատարան։ Գործի առնչությամբ «Առավոտը» նաեւ դիմեց Հ. Բուրմանյանին։ Նա պնդում էր, որ ինքը ոչ մի անձնական շահագրգռություն չունի, պարզապես հիմնվում է առկա փաստաթղթերի վրա։ Մի բան անհասկանալի է. թե զոհված որդու ընտանիքին ամսական 150 դոլար տրամադրելու հնարավորություն ունեցող Վ. Սահակյանը ինչո՞ւ է հավակնում 14000 դրամի։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել