Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՎԻՑ ԱԼԵՐԳԻԱ ՈՒՆԵՆ

Փետրվար 16,2002 00:00

ՁՎԻՑ ԱԼԵՐԳԻԱ ՈՒՆԵՆ 2001-ին նախարարությունից նախարարություն «շրջելուց» եւ ԱԺ-ում էլ մի լավ չարչրկվելուց հետո վերջապես ընդունվեց «Սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքը, որն ուժի մեջ է այս տարվա հունվարի 1-ից։ Օրենքի ընդունման շարունակական ձգձգումները, պարզվում է, ունեին «հիմնավոր» պատճառներ։ Դրանցից մեկը, Սպառողների միության նախագահ Ա. Պողոսյանի պնդմամբ, ժողովրդի ընտրյալների կոմերցիոն շահերն էին։ «Պատգամավորներից շատերը կա՛մ ներկրողներ են, կա՛մ արտադրողներ։ Շատ բնական է, որ նրանք չէին կամենում սահմանափակել իրենց հնարավորությունները»,- կարծում է Ա. Պողոսյանը։ Նման օրենքի ընդունումը իսկապես ողջունելի էր, սակայն կարեւորը նրա գործելն է։ Չգործող օրենքների մասին հաճախ ասում են, թե զուտ թղթի վրա են, իսկ դրանց թիվը քիչ չէ։ Եվ գաղտնիք չէ, որ նման բախտի արժանացած օրենքներից բացի, կան նաեւ առեւտրի ու սպասարկման մի շարք կանոններ եւ որոշումներ («Մանրածախ առեւտրի հիմնական կանոնները», «Հանրային սննդի կազմակերպման կանոնները հաստատելու մասին որոշումը», «Հացի եւ հացաբուլկեղենի առեւտրի կանոնները» եւ այլն), որոնք անգամ թղթի վրա էլ չկան։ Մինչդեռ այդ կանոնների կետերից մեկով սահմանվում է, որ սույն կանոնները պետք է պարտադիր փակցված լինեն բոլոր առեւտրի կետերում։ Այդպես սպառողները, թերեւս, առավել պաշտպանված կզգային, մանավանդ առկա է ապացուցելիության բարդությունը (խախտումը տեղում արձանագրելը, վկաներ բերելը, հարկ եղած դեպքում իրավապահ մարմիններին եւ դատարան դիմելը)։ Այս ամենին գումարվում է նաեւ ազգային հոգեկերտվածքից եկող հասարակության բացասական վերաբերմունքը իրենց շահերի նկատմամբ սկզբունքային մոտեցում ցուցաբերող մարդկանց հանդեպ։ Չնայած Սպառողների միության նախագահի վկայությամբ հետեւողական սպառողները 10 դատական գործ արդեն շահել են, որոնք կարեւոր են նախադեպի առումով։ Հայաստանում գրանցված մասնավոր դեպքերը բերում են ընդհանուր եզրակացության, ըստ որի՝ սպառողների շահերի մեծածավալ ոտնահարումների պատճառը առաջին հերթին պիտակավորումն է։ Այն պետք է լինի լիարժեք եւ հավաստի։ Ըստ 1999-ից գործող «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, պիտակավորման մեջ պետք է պարտադիր լինեն մի շարք ցուցանիշներ, որոնցից կարեւորներն են՝ ձեռնարկության իրավաբանական հասցեն, պիտանելիության եւ արտադրության ժամկետները, կալորիականությունը, զտաքաշը եւ այլն։ Պիտակը պետք է ճիշտ արտացոլի այդ ամենը, իսկ ապրանքի անվանումը՝ ինֆորմացիա կրի իր մեջ, որը թույլ կտա սպառողին կողմնորոշվելու եւ ընտրություն կատարելու։ Մինչդեռ հաճախ, օրինակ, կարագի վրա ընդամենը կարագ է գրվում, իսկ կաթի վրա՝ կաթ (երբ դրանք իրենց տեսակներն ունեն) եւ շփոթության մեջ գցում սպառողին։ Այսօր վաճառվող ձվերի վրա սպիտակի փոխարեն թանաքի անընթեռնելի կույտ է։ Ու եթե այս խախտումը մինչեւ հիմա չի արժանացել համապատասխան մարմնի ուշադրությանը, ենթադրվում է, որ նրա աշխատակիցները կամ ձվի հանդեպ ալերգիկ վերաբերմունք ունեն ու ձու չեն գնում, կամ էլ հատուկ միկրոսկոպներ են պատվիրել «պիտակի» վրա նշված ցուցանիշները վերծանելու համար։ Հակառակ դեպքում կկանխեին տարածում գտած այս երեւույթը։ Ըստ Ա. Պողոսյանի՝ սննդամթերքի անվտանգության մասին օրենքով սահմանված տարբեր չափանիշների խախտումները պիտակներում կազմում են 90%։ Թիվ, որը մտածելու տեղիք է տալիս։ Նրա վկայությամբ, վերջերս մի կին բողոքել էր՝ «Իռամեն» ՓԲԸ-ի արտադրած հավի վրա արտադրության ժամկետի բացակայության համար։ Պիտակին հղում կար, թե այն իբր ժապավենի վրա է։ Ի դեպ, պիտակի վրա բավականին տեղ կար արտադրության ժամկետը նշելու համար, ինչը չէր արվել։ Ժապավենի վրա եւս այն էլ չհայտնաբերվեց։ Իսկ «Իռամենի» արտադրանքին համապատասխանության սերտիֆիկատ տված «Երեւան-թեսթն» արդարացել էր, թե «սերտիֆիկատը հավի մսի համար տրվել է այն ժամանակ, երբ այն թողարկվում էր առանց պոլիմերային փաթեթվածքի»։ Իսկ մեր այն հարցին, թե «Իռամենը» իրավունք ունե՞ր փաթեթավորված արտադրանք թողարկելու դեպքում էլ վկայակոչել «Երեւան-թեսթին», «Երեւան-թեսթի» տնօրեն Գ. Ազատյանը պատասխանել էր. «Փաթեթվածքը չի խանգարում սերտեֆիկացմանը։ Այն ստուգվում է ներմուծման ժամանակ»։ Ըստ Պողոսյանի, եղել է դեպք, երբ միանգամից 50 տոննա հավ հանվել է վաճառքից՝ ժամկետանց լինելու պատճառով։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ տարբեր ապրանքների փոքր խմբաքանակների վաճառքն արգելվել է եւ բողոքներից հետո ընդամենը տուգանվել են հաց արտադրող ձեռնարկություններ։ Նա նաեւ փաստեց, որ ըստ համապատասխան վերլուծությունների, տոնական օրերին, հատկապես դեկտեմբերի վերջին, 2,7-4 անգամ մեծանում են սպառման ու իրացման ծավալները։ Դրան զուգընթաց՝ մեծանում է նաեւ կասկածելի ու խախտումներ պարունակող դեպքերի տոկոսը։ Իսկ համապատասխան վերահսկողության տոկոսը կարծես բարձրանալու միտում չունի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել