Երբ լրատվամիջոցը ազդում է մարդու առողջության վրա «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նոր նախագիծը (արդարադատության նախարարության տարբերակ) մի շարք գիտագործնական հայտնագործությունների կողքին հայտնաբերել էր, որ, օրինակ, լրատվամիջոցը կամ լրատվությունը կարող է ազդել մարդու առողջության վրա։ Հետեւաբար, 6-րդ հոդվածի 2 կետում նախատեսվել էր, որ «Տարածման ենթակա չէ… այն լրատվությունը կամ լրատվության միջոցը, որն ազդում է կամ կարող է ազդել մարդու առողջության վրա»։ Օրենքը սակայն այդ ազդեցության համալիր փորձաքննության մասին չի ասում։ Ասենք, ինչպես ճշտել, որ լրատվությունը կամ լրատվամիջոցը ազդեց քաղաքացու առողջականի վրա։ Չենք կարծում, թե քիթ-կոկորդ-ականջ-աչքի կամ «Արմենիկում» կլինիկայի բժիշկներից թուղթ է պահանջվելու՝ թերթը գնելիս, թերթը զննելիս, թերթն ընթերցելիս։ Սակայն ըստ այս օրենքի տրամաբանության, քաղաքացին իր հաճախամիզությունը կարող է կապել, ասենք, թերթի առաջին էջում տեղադրված լուսանկարի (օրինակ, ՊԱԿ-ի անխոնջ զավակ Արմեն Ավետիսյանի դղյակի) հետ եւ թերթի դեմ հայցային պահանջագրով էլ հանդես գա՝ իր առողջությանը հասցրած վնասի փոխհատուցում պահանջելով։ Օրենքը սահմանել է լրատվության տեսակները։ Լինում է, օրինակ, «կեղծ», «անօրինական»… լրատվություն։ Սակայն օրենքի անվանումն իսկ հակասության մեջ է մտնում վերոնշյալ տեսականու հետ։ «Զանգվածային» չէ՞ արդյոք «կեղծ» լրատվությունը, որն, ասենք, հնչել է հանրապետության նախագահի, նախարարների, պատգամավորների կողմից՝ առանձին- առանձին։ Լրագրողը ի՞նչ է, ստի դետեկտորո՞վ պիտի գնա տեղեկատվություն գտնելու։ Եվ ինչպես պետք է ճշտի, թե, օրինակ, նախարար Անդրանիկ Մանուկյանի տեղեկատվությո՞ւնն է կեղծ «ԱրմենՏելի» հարցում, թե՞ կարծիքների հայր, պատգամավոր Արշակ Սադոյանինը… «Արգելվում է առանց անձի համաձայնության նրա լուսանկարի, տեսապատկերի օգտագործմամբ այնպիսի լրատվության տարածումը, որը վիրավորում կամ կարող է վիրավորել անձի պատիվը, արժանապատվությունը, բարի անունը կամ վնաս է հասցնում նրա գործարար համբավին»։ Այստեղ խոսք չկա անձի քաղաքացիության մասին։ Հետեւաբար, Բուշի նկարը տեղադրելիս (ասենք, ամերիկացիներին նրա ուղերձը տպագրելիս) մենք պարտավոր ենք նրանից նույնպես համաձայնություն ստանալ։ Կամ Հաագայի դատավարությունը լուսաբանելիս հաստատ խոստանում եմ ամբաստանյալ Միլոշեւիչից թույլտվություն ստանալ։ Առողջապահական մեկ այլ խնդիր է իրականացնում հոդված 20-ի 2-րդ կետը։ Լրատվության տրամադրումը կարող է մերժվել պետմարմինների կողմից պատճառաբանությամբ, եթե «դրանով վնաս կհասցվի… հանրության առողջությանն ու բարքերին»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ