Լրահոս
Օրվա լրահոսը

Խրախճանք՝ ժանտախտի պահին

Փետրվար 16,2002 00:00

Խրախճանք՝ ժանտախտի պահին Պետական պաշտոնյաների գործունեությունը լուսաբանելու լրագրողական փորձերից է նաեւ «դղյակների» բացահայտման այս շարքը, որը բավական հետաքրքրություն է առաջացրել։ «Հետաքրքրություն» բառը այս դեպքում շատ տեղին է։ Պետական պաշտոնյաները հետաքրքրված են, թե հաջորդն ում տունն է պատկերված լինելու կամ ում մասին է գրվելու (գուցե հենց իրե՞նց)։ Երեւի բջջային հեռախոսներով միմյանց զանգում են՝ «Տեսա՞ր էսինչի տունը… էդ ինչ անճաշակություն էր…»։ Ում մասին գրվում է, ձայն չեն հանում (բա որ էլի ուրիշ բաներ գրեն, կամ՝ գլուխ չդնենք-կանցնի, կամ՝ տեսնես հաջորդն ո՞ւմն է տարբերակով)։ Կամ էլ՝ այդ դղյակների տերերը, որ մինչ այդ վախով ու մթով էին իրենց տուն մտնում, որպեսզի ոչ մեկը չտեսնի, հիմա «արխային» մտնում են եւ զգում ինչպես իրենց տանը։ Փաստորեն, այս հոդվածաշարը ինչ-որ չափով «վախ բռնողի» դեր կատարեց ու լեգալացրեց նրանց ապօրինություններն ի լուր աշխարհի։ Իշխանամետ թերթերը լաչառացած՝ երեսով են տալիս, թե «բա խի՞ նախկինների դղյակները չեք նկարում»։ Մեկ անգամ եւս կրկնենք. նախկին ու ներկա չկա, քանզի գրեթե բոլոր նախկին պաշտոնյաները այսօր էլ իշխանության գլուխ են։ Պարզապես վատն այն է, որ մի քանի տարի առաջվա պակաս որակովներն այսօր առաջ են եկել՝ ավելի բարձր պաշտոնի տեր դարձել։ Ինչ խոսք, նաեւ այլ լրատվամիջոցներ իրավացիորեն ձայն հնչեցրին, որ այդ պաշտոնյաները, որոնք պաշտոնավարության ընթացքում ժողովրդի հաշվին դղյակներ են կառուցում՝ վարկաբեկում են մեր պետությունը։ Հասարակությունը ձայն չի հանում՝ «ի՞նչ օգուտ, էլի իրենք իրենցն անելու են, մեզ ո՞վ բանի տեղ կդնի»՝ խոսքերով։ Եվ մեկ էլ, ասենք, թոշակների ուշացման կամ բանկերի կողմից խաբված անվանդատուների փոքրիկ միտինգներում կհիշեն, թե. «Էդ դղյակներն ինչո՞վ եք կառուցում, որ մեր մի քանի կոպեկը չեք տալիս»։ Ու թքած, որ իշխանությունների կողմից հովանավորվող մի գործարարի բանկ կարող է իրենց թոշակների գումարները բանկում պտտել. ոչի՛նչ, եթե եւս 2-3 ամիս ուշացնեն, ժողովուրդը դիմացել է, էլի կդիմանա։ Իտալիայի դեսպանն, օրինակ, նկատել էր, որ եթե այդ մասին գրվեր Իտալիայում, ապա ե՛ւ հասարակությունը այդ պաշտոնյաների աշխատավայրերի ու դղյակների առջեւ միտինգներ կաներ, ե՛ւ վերին իշխանությունը կարձագանքեր։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ դասախոսական կազմի հետ հանդիպելիս այդ առթիվ նշեց. «Բոլոր քննադատությունները, եթե կան կոնկրետ ազգանուն, կոնկրետ նկար, բոլորը ստուգում ենք։ Պետք է ասեմ, որ միշտ չէ, մեղմ ասած, որ գրածը ճիշտ է։ Շատ դեպքերում տեսնում ես, որ ուղղակի կապ չունի տվյալ նկարը տվյալ անձի հետ։ Կամ տվյալ անձը գալիս-ասում է՝ այո՛, ճիշտ է՛, ես տուն ունեմ, բայց է՛ս տունը չի, տունս մեկ ուրիշն է, շատ ավելի համեստ։ Լինում է, որ ճիշտ է դուրս գալիս, բայց պարզվում է, որ կառուցել է 88թ.։ Այդ մարդը սովետի ժամանակ եղել է շինարարական տրեստի կառավարիչ։ Ես սովետի ժամանակ տրեստի կառավարիչ չգիտեմ, որ երկու տուն կառուցած չլինի»։ ՀՀ նախագահի այս անդրադարձին կարող ենք չհամաձայնել, սակայն ամրագրենք, որ նա իր ոճի մեջ անդրադարձավ աղմկահարույց այդ թեմային, անտարբեր չմնաց։ Խնդիրը դասախոսական կազմն է, որն անկախ խոսքի բովանդակությունից, ամեն ինչին ծափահարում է։ Կնշանակի՝ համաձայն է։ Մենք էլ, օրաթերթերից մեկի արձագանքը կիսելով, չենք ասում, թե պետական պաշտոնյան պետք է ցնցոտիներով ման գա։ Ավելին, մենք նաեւ կարծում ենք, որ դասախոսական կազմը, մշակույթի եւ գիտության մարդն էլ չպետք է չնչին աշխատավարձ ստանա, ստիպված կաշառք վերցնի կամ էլեկտրաէներգիայի վարձի ուշացման պատճառով մոմի տակ կարդա ու ստեղծագործի։ ՀՀ նախագահի եւ դասախոսական կազմի հետ (ասել է թե՝ սերունդներ, ապագա պետական ծառայողներ, մշակույթի եւ գիտության մարդ կերտողներ) օրերս հանդիպման ընթացքում այսօրինակ պատասխանների հանդեպ բուռն ծափողջույններից երեւաց, որ դասախոսական կազմը մարդավայել, քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով իր ապրելուն դեմ է։ Այս վիճակը նրանց գոհացնում է։ Ուրեմն թող վաղը նրանցից ոչ ոք չտրտնջա իր ծանր կենսական վիճակից, աշխատավարձից, փող չունենալու պատճառով բժիշկներին չդիմելուց, թոշակների ուշացումից, օրվա հաց չունենալուց, այն բանից, որ գիտության մարդը ծանր վիճակից ստիպված փողոցային առեւտրով է զբաղվում եւ այլն։ Գուցե թե այդ դասախոսական կազմը այս կյանքում իր գոյատեւելու ձեւը գտել է, հարմարվել է՝ մասնավոր պարապմունքներից եւ ուսանողներից վերցրած կաշառքներով ապրել։ Սակայն վաղը կարող է հանկարծ է՛լ ավելի նվազել երիտասարդների թիվը, որոնք մասնավոր կպարապեն եւ կամ կկարողանան կաշառք տալ։ Էլ չենք խոսում, թե վաղը այդ երիտասարդները ինչով կարող են պիտանի լինել այս երկրին, արդյո՞ք ներկայիս իշխանությունների ու գիտության մարդկանց պես չեն վարվի։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. Դղյակների այս շարքը կազմելիս երեսանց երկու բան է դրական թվում. կապ չունի ինչ, բայց կարեւորը կառուցվում է եւ եթե անգամ այս երկրում ժամանակավորի զգացումով այդ երկրի տերերը որոշեն գնալ, այդ կառույցները կմնան, հո չեն քերելու իրենց հետ տանեն։ Մյուս կողմից, իհարկե, գիգանտոմանիայով տառապող այդ տերերի անճաշակ դղյակներն էլ են պետք լինելու։ Երկրորդ՝ դղյակաշինության մեջ ընդգրկված են հարյուրավոր բանվոր-շինարարներ, որոնց ընտանիքներն այսօր այդ գումարի հույսով են իրենց օրը սկսում։ Թեեւ շատ հաճախ այդ բանվոր-շինարարների 50%-ը հաջորդ օրը լուսացնում է ցավով ու վիրավորանքի զգացումով, քանզի օբյեկտի՝ փորով ու հաստավիզ տերը աշխատեցրել ու հրաժարվել է վճարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել