Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՈՍՏԻԿԱՆԸ ԵՐԲԵՎԷ ՏՐԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՉԻ ԵՂԵԼ

Փետրվար 16,2002 00:00

ԱՅՍ ՈՍՏԻԿԱՆԸ ԵՐԲԵՎԷ ՏՐԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՉԻ ԵՂԵԼ Ամիսներ առաջ հայրենական օրաթերթերից մեկը հրապարակել էր Կալանավայրերի վարչության նախկին պետ (Քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ) Մուշեղ Սաղաթելյանի տունը, որը գտնվում է Նորքում՝ դեպի Ազգային հեռուստատեսության շենք տանող ճանապարհին։ Մի աչքը լավ է, երկուսն ավելի լավ։ Այդ օրաթերթի աչքից վրիպել է Սաղաթելյանի տանը կից, համարյա նույն չափի ու դիզայնի, պատ-պատի հարեւան տունը՝ նույն տուֆից կառուցված։ Երկուսն էլ անավարտ են, սակայն ի տարբերություն նախորդի, այս մեկն արագ կառուցապատվում է, շինարարական աշխատանքները գրեթե ավարտվել են եւ ներքին հարդարման խնդիրներն են լուծվում։ Այս տունը Երեւանի ՆԳ վարչության պետ Աշոտ Գիզիրյանինն է։ Ժամանակին Աշոտ Գիզիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ներկայիս ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը աներեւակայելի մտերիմներ էին։ Սաղաթելյանը, շատերի պես, Գիզիրյանի քաղաքական եւ ֆինանսական կարիերայում մեծ դեր է ունեցել։ Լավատեղյակները պատմում են, որ Գիզիրյանը դեռ 1998թ. Արթիկի շրջանի ՆԳ բաժնի տեղամասային (թաղային) տեսուչն էր։ Նա այն քիչ ոստիկաններից էր, որ մուտք գործեց քաղաքականություն՝ ՀՀՇ-ի կողքերը պտտվելով եւ օգտվելով հնարավոր բարիքներից։ Շուտով նա դարձավ Արթիկի շրջանի ոստիկանապետը։ 1995թ., երբ Մուշեղ Սաղաթելյանը տեղափոխվեց Կալանավայրերի վարչության պետի պաշտոնին, Աշոտ Գիզիրյանն էլ, նույն ընկերոջ օգնությամբ, տեղափոխվեց ընկերոջ տեղը՝ Շիրակի տարածքային ոստիկանապետի պաշտոնին։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո Գիզիրյանի եւ Հայկ Հարությունյանի կարիերայում առաջընթացային փոփոխություններ արձանագրվեցին։ Ա. Գիզիրյանը, ըստ մեր աղբյուրների, կազմակերպելով իր մեկ այլ շատ մտերիմ ընկեր Պետրոս Մակեյանի եւ նրա համախոհների, ինչպես նաեւ տարաբախտ Արկադի Վարդանյանի ձեռնարկած միտինգների ճանապարհների փակումը, ստացավ գեներալ-մայորի կոչում։ Գուցե թե մի քիչ չափազանցված է, բայց եւ իրականությանը շատ մոտ է։ Ա. Գիզիրյանի նախկին ընկերներից մեկը մեր զրույցում նշեց, որ Ա. Գիզիրյանը իր 10 տարվա ընկերներին, որոնց միջոցով կարիերա է արել, նրանց դեմ ոստիկանական քայլեր կիրառելով ձեռք է բերել տուն, կոչում, գումար եւ այլն։ Հիշեցնենք, որ Աշոտ Գիզիրյանը ՆԳ վարչության պետի իր փափագած պաշտոնին անցավ դարձյալ իր ընկերների շնորհիվ՝ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից մի քանի ամիս անց։ Այժմ պրն Գիզիրյանը դեռեւս չի տեղափոխվել Նորքի իր տուն, ապրում է 8-րդ հիվանդանոցի մոտ գտնվող բնակարանում։ Տանը կից մեծ կառույցը հատկացված է միայն փակ լողավազանի համար։ Ներքին հարդարման աշխատանքները շուտով կավարտվեն. Ա. Գիզիրյանը իր բակը գեղեցկացնելու համար անտառներից մի քանի եղեւնիներ է տեղափոխել։ Տան պարսպապատումը եւս շուտով կավարտվի։ Ա. Գիզիրյանը սովետի օրոք, հաստատ, տրեստի կառավարիչ չի եղել։ Նա ընդամենը սովորական մի ոստիկան է եղել, որը ճիշտ զգալով իրավիճակն ու որոշ մարդկանց հետ մտերմանալու առիթը, օգտվել է հնարավորինս ամեն ինչից։ Չենք կարծում, թե որեւէ սովորական ոստիկան կարող է ազնիվ ճանապարհով նման ձեռքբերումներ եւ ցուցանիշներ արձանագրել կենսագրության մեջ։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել