Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը, Հնդկաստանը եւ բազմաբեւեռ աշխարհը

Փետրվար 16,2002 00:00

Ռուսաստանը, Հնդկաստանը եւ բազմաբեւեռ աշխարհը Օրերս Հնդկաստան կատարած այցի ժամանակ Իգոր Իվանովը հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Հնդկաստանի համագործակցությունը տնտեսական եւ ռազմաքաղաքական ոլորտներում ակտիվ զարգանալու է։ Իհարկե՝ այդ երկրների կողմից ստանձնած միջազգային պայմանավորվածությունների սահմաններում։ Իվանովից անմիջապես հետո Հնդկաստան ժամանեց ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովը, ինչը հաստատում է, որ Իվանովի ասածը լոկ խոսքեր չեն։ Հնդկաստանը հզոր պոտենցիալ ունեցող եւ դինամիկ զարգացող երկիր է, որը կարող է հետագայում աշխարհի քաղաքատնտեսական բեւեռներից մեկը դառնալ։ Այդ կարգավիճակին շատ ավելի մոտ է գտնվում Չինաստանը, որի տեսակետները կարեւորագույն միջազգային խնդիրների վերաբերյալ վերջին շրջանում բավականին համահունչ են Ռուսաստանի տեսակետներին։ Տնտեսության խնդիրների հաջող լուծման դեպքում Ռուսաստանը, որոշ ԱՊՀ երկրների հետ միասին, նույնպես կարող է լուրջ աշխարհաքաղաքական բեւեռ ձեւավորել։ Չմոռանանք նաեւ Ճապոնիայի եւ Հարավային Ամերիկայի մասին։ Սակայն ամենալուրջ հայտը աշխարհի երկրորդ բեւեռը դառնալու համար ներկայացրել է Եվրոպան, որը ինտեգրացման հզոր լիցք ստացավ եվրոն շրջանառության մեջ դնելուց հետո։ Դեռ կան, իհարկե, բազում չլուծված հարցեր, բայց ակնհայտ է, որ աստիճանաբար Միացյալ Եվրոպան կփորձի մշակել եւ վարել սեփական քաղաքականություն, որը գնալով տարբերվելու է ԱՄՆ-ի կուրսից։ Եվրոպան զգալիորեն զիջում է ԱՄՆ-ին ռազմական հզորությամբ, ինչը կարելի է որոշ չափով «կոմպենսացնել»՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լավ հարաբերություններ ունենալով։ Սա, իհարկե, քաղաքական կանխատեսում է միայն, իսկ այսօր աշխարհը միաբեւեռ է եւ ԱՄՆ-ի հզորությանը այլընտրանք չկա։ Չնայած նրան, որ սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերը ցույց տվեցին, որ կան հարցեր, որտեղ ԱՄՆ-ն ընդամենը «հսկա է՝ կավե ոտքերի վրա»։ Այնուամենայնիվ, օրինակ, ԱՄՆ-ի այս տարվա ռազմական բյուջեն զգալիորեն գերազանցում է ՆԱՏՕ-ի մնացած երկրների, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական բյուջեի գումարը։ Կենտրոնացնելով իր ձեռքում համաշխարհային տնտեսության լծակները, ԱՄՆ-ն կարող է ազդել աշխարհի ցանկացած երկրի զարգացման գործընթացի վրա։ Սակայն այդ ազդեցությունն էլ իր սահմաններն ունի։ Շուկայական հարաբերությունների պայմաններում ոչ մի երկիր չի կարող շատ երկար ժամանակ միանձնյա առաջատարի դեր ունենալ։ Վաղ թե ուշ առաջատարը կորցնում է զարգացման տեմպերը, եւ մրցակիցները օգտվում են դրանից։ Տնտեսականից ոչ պակաս կարեւորը ռազմաքաղաքական ազդեցությունն է։ Եթե առաջ ԱՄՆ-ն խառնվում էր ցանկացած երկրի գործերին՝ մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով, ապա այսօր նա կարող է նույնն անել հակաահաբեկչական դրոշի տակ, աշխարհով մեկ որոնելով անորսալի բեն Լադենին։ Բայց այսօր իրավիճակը արդեն փոխվում է եւ վերոնշյալ երկրները դժվար թե «հալած յուղի տեղ» ընդունեն ԱՄՆ-ի ցանկացած քայլ։ Անգամ Կենտրոնական հետախուզական վարչության վերլուծաբանները դժվար կարողանան կանգնեցնել պատմության անիվը։ Եվրոն շրջանառության մեջ դնելուց հետո մեծ եւ վճռական քայլ արվեց միաբեւեռից դեպի բազմաբեւեռ աշխարհ։ Ա. ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել