Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞րն է հակաահաբեկչական պայքարի սահմանը

Փետրվար 16,2002 00:00

Ո՞րն է հակաահաբեկչական պայքարի սահմանը «Ուոլ Սթրիթ Ջորնըլին» տված վերջին հարցազրույցում Վլադիմիր Պուտինը հայտնում է այն համոզմունքը, որ միավորվել պետք է ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարի, այլ նաեւ ուրիշ վտանգները կանխելու նպատակով։ Դրանց թվում նշվում է միջուկային զենքի եւ զանգվածային ոչնչացման սպառազինությունների տարածումը։ Թվում է, որ այսօր վտանգ է ներկայացնում նաեւ հակաահաբեկչական պայքարի վերածումը «վհուկների որսի» եւ ինքնիշխան պետությունների գործերին անտեղի միջամտման։ Այդ միտքը նուրբ ակնարկում է եւ Պուտինը, հարցազրույցի երկրորդ մասում, երբ ասում է, որ ինքը դեմ է ահաբեկչական երկրների ցուցակը կազմելուն։ Խոսքը գնում է, իհարկե, առաջին հերթին, Իրաքի մասին, որի խնդիրներով, ըստ Պուտինի, պետք է զբաղվի ՄԱԿ-ը։ Իսկապես, մի ամբողջ երկրի «ահաբեկչական» պիտակ կպցնելը, անկասկած, չափազանց է՝ երկրի ամբողջ բնակչությունը չի կարող ահաբեկիչ լինել։ Դա ակնհայտորեն երեւաց եւ Աֆղանստանում, եւ Չեչնիայում։ Փիլիսոփայությունը ուսուցանում է, որ երբ ցանկացած առարկա կամ երեւույթ քանակապես աճելով հասնում է որոշ սահմանի, փոխում է որակը եւ էությունը։ Միջին դարերում քրիստոնեության տարածման դրոշի տակ սպանվում էին եւ տանջամահ արվում հազարավոր անմեղ մարդիկ։ Մինչդեռ Քրիստոսի հիմնական պատգամը սերն ու բարությունն է։ Եթե սկսված հակաահաբեկչական արշավանքը ի սկզբանե որոշակի սահմանների մեջ չդրվի միջազգային հանրության կողմից, կարող է հետագայում «ինքնուրույն» չարիք դառնալ մարդկության համար։ ԱՄՆ-ի Սենատին ներկայացնելով սույն տարվա բյուջեն, որտեղ նախատեսված են աննախադեպ ռազմական ծախսեր (380 մլրդ դոլար), նախագահ Բուշն ասաց. «Մենք պատերազմական վիճակի մեջ ենք, մենք չենք սկսել այդ պատերազմը, բայց մենք նրանում կհաղթենք»։ «Պատերազմական» կեցվածքը կօգնի, իհարկե, Բուշին բացատրել հասարակությանը սոցիալական ոլորտի ծախսերի իջեցումը, ռազմական մեծ պետպատվերները եւ հակահրթիռային նոր համակարգի ստեղծումը։ Սակայն ռազմավարական տեսակետից նման մոտեցումը սխալ է թվում, քանզի բերում է նրան, որ հասարակության մեջ ամրապնդվում է նյարդայնությունը, տագնապը, անվստահությունը, եւ խախտվում է կյանքի սովորական ռիթմը։ Հիշենք, օրինակ, սիբիրախտի դեպքերի շուրջ ստեղծված խուճապը։ Իսկ այսօր մենք տեսնում ենք օլիմպիական մարզադաշտերի կիսադատարկ տրիբունաները, իսկ օլիմպիական երկինքը հեղեղված է ամերիկյան ռազմական ինքնաթիռներով։ Այստեղից էլ նաեւ հսկայական ֆինանսական կորուստները։ Ամերիկյան կյանքը փոխում է իր որակը, ինչն առանձին վտանգ է ներկայացնում։ Մեծ պատերազմներին ուղղակիորեն չմասնակցած ԱՄՆ-ի ղեկավարությունը այդ վտանգը կարծես թերագնահատում է։ Մինչդեռ, երկարատեւ անվստահության եւ տագնապի մթնոլորտը կարող է բերել նաեւ տնտեսական անկման։ Մեծ կապիտալը հանգիստ եւ կայուն պայմաններ է սիրում, եւ «պատերազմական պսիխոզը» կարող է ի վերջո բերել նրան, որ գործնական ակտիվությունը տեղափոխվի ԱՄՆ-ից Եվրոպա եւ Ճապոնիա։ Հակաահաբեկչական պայքարի արդյունավետությունից էլ են բխում ավելի հանգիստ, հետեւողական, կազմակերպված եւ միջազգային մասշտաբով համակարգված գործողությունները։ Բայց ԱՄՆ-ը հույս է փայփայում հակաահաբեկչական դրոշի ներքո ուժեղացնել սեփական ազդեցությունը ողջ աշխարհում։ Չսպասելով, երբ ամենահզոր տերությունը կգիտակցի իր սխալը, ՄԱԿ-ը պարտավոր է հստակ սահմանել, թե ինչ է ահաբեկչությունը, որ մեթոդները կարելի է կիրառել նրա դեմ պայքարում եւ արդյո՞ք թույլատրվում է այդ պատրվակով ոտնահարել առանձին երկրների եւ միջազգային օրենսդրությունը։ Այդ հարցում խթանող դեր պետք է ստանձնեն առաջին հերթին Ռուսաստանը, Չինաստանը եւ Ֆրանսիան։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել