Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԼՈՇԵՎԻՉՆ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱՏՕ-Ի

Փետրվար 16,2002 00:00

ՄԻԼՈՇԵՎԻՉՆ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱՏՕ-Ի Սլոբոդան Միլոշեւիչը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ՝ իբրեւ պաշտպանական կողմի վկաներ պահանջել է դատարան հրավիրել Բիլ Քլինթոնին, Հելմուտ Քոլին, Ժակ Շիրակին, Թոնի Բլեերին եւ Գերհարդ Շրյոդերին: Հիշյալ բոլոր անձանց Հարավսլավիայի նախկին առաջնորդը միակ եւ միեւնույն հարցն է մտադիր ուղղել՝ «Ինչու՞ էին բարձրաստիճան այդ պաշտոնյաները աջակցում եւ հավանություն տալիս իմ վարած քաղաքականությանը 1993-ից ի վեր, իսկ 99-ին հանկարծ ինձ որակեցին բռնապետ ու հանցագործ»: Թե արեւմտյան առաջնորդների ցուցմունքները որքանով կօգնեն Միլոշեւիչին՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու, դժվար է ասել: Սակայն հստակ է, որ Միլոշեւիչի երբեմնի գործընկերներ-այնուհետեւ հակառակորդներին միանգամայն անհաճո փորձություններ են սպասվում: Մասնավորապես Ժակ Շիրակին կարելի է ընդհանրապես կարեկցել, քանի որ առաջիկա մայիսին նա մտադիր է նորից առաջադրվել նախագահության թեկնածու, իսկ ֆրանսիացիները հազիվ թե նշանակություն չտան Հաագայի տրիբունալի առջեւ իրենց նախագահի ցուցմունքներին: Չէ՞ որ ոչ քաղաքական նպատակահարմարության, ոչ էլ բարոյական ըմբռնումների առումով դյուրին չէ բացատրել, թե ինչու էր Արեւմուտքը ժամանակին խրախուսում, իսկ հետո քարկոծում Միլոշեւիչին, երբ վերջինիս իշխանության ուղեգիծը արմատական փոփոխություն չէր կրել: Գալով Միլոշեւիչին, նա ոչ այնքան ինքն է արդարանում դատարանի առջեւ, որքան մեղադրանքներ է ներկայացնում ՆԱՏՕ-ին: Օրինակ՝ նա գերմանական մի հեռուստաընկերության հետաքննական ֆիլմն է վկայակոչել, փաստարկելու համար, որ ՆԱՏՕ-ի 99-ի ռազմական գործողությունը նախապատրաստվում էր քարոզչական ճակատում՝ չընկրկելով կեղծիքների առջեւ: Ֆիլմը բացահայտում է, որ սերբ զինվորականների կողմից Կոսովոյի ալբանացիների զանգվածային գնդակահարության եւ եղբայրական գերեզմանափոսում ամփոփելու մասին տեղեկությունն ու ժապավենը, որ այնպես ցնցեցին աշխարհը եւ միջազգային հասարակական կարծիքը վերջնականապես տրամադրեցին ընդդեմ Բելգրադի, իրականության աղավաղում են եղել: Քարոզչական ծուղակը լարվել էր գերմանական Բունդսվերում՝ նախարարի գիտությամբ: Թե որքանով հաջող է Միլոշեւիչը մանեւրելու կամ այլոց վարկաբեկելով սեփական ինքնարդարացում ապահովելու, ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս նրան «նույն գրոշով» պատասխանելու պատրաստ անձինք նույնպես փոքր թիվ չեն կազմում: Երբ Միլոշեւիչը դատարանին էր ցուցադրում ռմբակոծություններից ավերակված գյուղերի լուսանկարները՝ այս ու այն կողմ նետված դիակներով, իբրեւ ապացույց Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի գործադրած բարբարոսության՝ Բելգրադից անմիջապես չարախնդացին, թե «այլոց դիակներով պաշտպանվելը անբարոյականություն է, մանավանդ, երբ ինքդ մեղքի բաժին ունես նրանց մահվան մեջ: Ավելի ազնիվ կլինի, եթե Միլոշեւիչը պատմի, թե ինչպես եւ ինչու էր իր որդին՝ Մարկոն, նույն այդ ռմբակոծությունների ժամանակ շքեղ զվարճավայր-ապարանք հիմնում Բելգրադի կենտրոնում»: Ընդհանրապես իր ընտանիքի շվայտությունները եւ ոչ օրինակելի վարքագիծը իսկական պատուհաս են Միլոշեւիչի համար: Գոնե բարոյական պարսավանքից, թվում է, Միլոշեւիչը փրկություն չունի: Ո՛չ Շվեյցարիայում ապրելու ծրագրեր կազմող կինը՝ Միրա Մարկովիչը, ո՛չ նյարդային ցնցումների մեջ ընկնող դուստրը, որ համոզում էր հայրիկին ինքնասպան լինել, ո՛չ էլ մանավանդ անհետացած որդին՝ Մարկոն, պատիվ չեն կարող բերել որեւէ երկրի նախագահի: Թվում է՝ միակ ապավենն ու փրկարար օղակը Միլոշեւիչի համար ռուսաստանյան Պետդումայի մտադրությունն է՝ վերացնել Հաագայի տրիբունալն ընդհանրապես: Ռուս պատգամավորները յուրահատուկ մոտեցում ունեն Հարավսլավիայում կատարված ռազմական հանցագործությունները եւ դրանց հիմնական մեղսագործ Սլոբոդան Միլոշեւիչին պատժելու խնդրում: Նրանք կարծում են, որ Հաագայի տրիբունալը ժամանակավրեպ վերապրուկ է, քանի որ Հարավսլավիան այժմ ընդունակ է սեփական դատական համակարգում հասնել արդարության: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել