Մակեյանին ծեծողների դեմ գործ հարուցվե՞լ է «1995 թ. Երեւանի ՆԳ վարչության հատուկ նշանակության ջոկատի՝ Բուսաբանական այգու տարածքում գտնվող զորանոցում ծեծի են ենթարկվել ՀՀ պետական եւ հասարակական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչեր անելու կասկածանքով այնտեղ բերման ենթարկված սպաներ… Բռնություններին մասնակցել է նաեւ պետնախարար Վազգեն Սարգսյանը…»։ ՀՀ գլխավոր դատախազը 04.02.2002 թվականի իր որոշումով «սրբագրում» է իր նախորդների սխալը՝ վերաբացելով այս գործի քննությունը։ Ցանկացած դպրոցականի էլ քնից հանես, պատմես այս մասին, մատը կդնի քունքին, կպտտացնի… Ահավասիկ։ Արկադի Վարդանյանը հրապարակային կոչեր էր անում ոչ թե պետական եւ հասարակական կարգը բռնությամբ փոխելու համար, այլ Քոչարյանի պաշտոնանկության։ Նրան ձերբակալողներից, նվաստացնողներից… քանիսի՞ դեմ է քրգործ հարուցվել։ Պետրոս Մակեյանին այլ կուսակցությունների հանրահավաքին մասնակցելու համար, իր տանը՝ դստեր ներկայությամբ ծեծում են, ձերբակալում՝ առանց ներկայանալու, առանց պատճառն ասելու։ Երեք օր նվաստացնելուց հետո, անշուշտ, «ներողություն» բառը չօգտագործած, բաց են թողնում։ Ո՞վ պատժվեց։ «Պապլավոկում» մարդկային մի ջերմ ողջույնին ի պատասխան՝ «լափառոշ» որակավորումն է ստանում ու հետո դաժանաբար ծեծի ենթարկվելով՝ սպանվում Ղարաբաղի ազատագրական պայքարին մեծ նպաստ բերած (եւ անձամբ իրեն՝ Ռոբերտ Քոչարյանին, որի արդյունքն է նրան ուղղված այդ բարեւի ջերմությունը) Պողոս Պողոսյանը։ Այդ սպանությունը որակվում է ընդամենը «քաշքշուկ»։ Օգտագործվում է ոչ թե «սպանվել է», այլ «մահացել է» բառը։ …Այսպես կարելի է հարյուրավոր օրինակներ բերել։ Ֆինանսական խախտումների մեջ կասկածվող Աշոտ Բլեյանը դատարանում երկաթե վանդակների մեջ էր, իսկ «պապլավոկում» սպանության մեջ կասկածվողը՝ դատին մասնակցողների կողքին։ Այս ամենի մասին շատ է գրվել, բայց այս հիշեցումը վա՜յ թե պետք է։ Հիմա վերոհիշյալ դպրոցականին հանգիստ թողնենք եւ զբաղվենք մի թեթեւ համեմատությամբ, որը թեպետ իրավապահների գործն է, բայց նրանք դրա զահլեն չունեն։ Վազգեն Սարգսյանը, եթե անգամ 1995թ. մասնակցել է կասկածվող սպաների ծեծին, ապա դա արել է երկրի շահերից ելնելով։ Վերհիշենք հանգուցյալ Սպարապետին հետմահու առաջադրվող (թյու՜, իսկ մեզ թվում էր, թե հետմահու միայն պարգեւներ են տալիս) մեղադրանքը՝ «…ՀՀ պետական եւ հասարակական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչեր անելու կասկածանքով բերման ենթարկված սպաների ծեծին մասնակցելու համար»։ Մեզ հասկանալի է, թե 7 տարվա վաղեմության «վիրավորանքն» ինչպես է արթնացել «ծեծված» սպաների մեջ, բայց մի՞թե վերջիններիս հասկանալի չէ, թե իրենք ինչպես են քավության նոխազ դառնում նրանց համար, ովքեր հանգուցյալ Վազգեն Սարգսյանին վարկաբեկելու ճանապարհն են բռնել՝ անշուշտ վերին թելադրանքով։ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ