Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԻՏԱԿՑՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՐԺԵՔ

Փետրվար 16,2002 00:00

ԳԻՏԱԿՑՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՐԺԵՔ Մեր նորաստեղծ հանրապետությունը բոլորել է իր տասը տարին: Սակայն այսօր անկախության գաղափարը հանրության համար շատ ավելի մշուշոտ է, քան, ասենք, սրանից հինգ-յոթ տարի առաջ: Ստացվում է, որ ինքնիշխանությունից տասը տարի հետո անկախ պետականության, ազատականության, ժողովրդավարության գաղափարները մոտեցել են արժեզրկման շեմքին. ինչու՞: 1990-91թթ. նոր ձեւավորվող քաղաքական էլիտան անկեղծորեն հավատում էր ժողովրդավարության գաղափարներին: Սակայն նոր ձեռք բերված իշխանությունը այս առումով սովորույթների, փորձի բացակայությունը, արցախյան պատերազմը, Հայաստանի փլուզված տնտեսական համակարգը, պետության դինամիկ գործունեությունը ապահովող սյուների` ինստիտուտների բացակայությունը ժողովրդավարական գործընթացները դժվարացրին: Ընդգծվեց բեւեռացումը. հանրության սոցիալ-տնտեսական վիճակը առավել վատացավ, մյուս կողմից ակտիվացան իշխանություններից օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով դժգոհ, հիմնականում նացիոնալ-սոցիալիստական գաղափարներով եւ պրիմիտիվ, մակերեսային կվազիհայրենասիրությամբ ներծծված քաղաքական ուժերը: Ոչ միայն քաղաքակիրթ պոլեմիկայի, հանդուրժողականության հիմքերը չդրվեցին, այլեւ ծայրահեղ, չփաստարկված անհանդուրժողականությունը, քննադատելու փոխարեն դիմացինին սեւացնելու, ոչնչացնելու անբացատրելի մարմաջը, իշխանությունների եւ որեւէ իշխանության կոնցեպցիայի հանդեպ ատելությունը դարձան քաղաքականության անբաժան մասը եւ հիմնական մեթոդոլոգիան: Կարծում ենք, մինչեւ 1995թ. խորհրդարանական ընտրությունները վիճակը շտկելու իրական հնարավորություն կար: Սակայն այդ ընտրություններից հետո իշխանությունները վերջնականապես կողմնորոշվեցին խաղի ոչ քաղաքական, այլ ինտրիգային, պալատական տարբերակը: Գործընթացների հրապարակայնությունը երկրորդվեց. քաղաքական էլիտան ռուբիկոնն անցավ: Նժդեհն ասում էր. «Որեւէ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակն այնպիսին է, ինչպիսին այն ձեւավորել է նրա քաղաքական էլիտան»: 1995թ. իր տրամաբանական շարունակությունն ունեցավ մինչեւ 1988թ.: Այս ժամանակահատվածում ազատական գաղափարները (նաեւ Անկախությունը) առավել արժեզրկվեցին հանրության մեջ: 1998-ին դրվեց վերջակետը: Եվ խնդիրը բնավ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի հեռացման մեջ չէր, պարզապես ինտրիգային խաղի կանոնները դարձան միակը: Սա ե՛ւ քաղաքական էլիտայի, ե՛ւ հանրության պարտությունն էր. մի պարտություն, որ ստվերեց ե՛ւ արցախյան հաղթանակը, ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ Անկախությունն ինքնին: Սա դեռեւս սկիզբն էր: Հետեւեց 1999թ. հոկտեմբերի 27-ը: Երկար կարելի է վիճել, թե ովքեր էին պատվիրատուները, քանզի ոչինչ ըստ էության հերքված չէ: Հոկտեմբերի 27-ը լակմուսի թղթի դեր կատարեց մեր հանրային օրգանիզմի, քաղաքական համակարգի համար: Պարզվեց` ինտրիգային խաղի փիլիսոփայությունը մեր քաղաքական էլիտային եւ հանրությանը այն աստիճան է հյուծել, բարոյալքել, որ տեռորիստների դեմ պայքարում բարոյական հաղթանակը հանրության կողմը չթեքվեց: Հոկտեմբերի 27-ից հետո ինտրիգային- արքունական քաղաքականությունը ոչ միայն մնաց հաջող բիզնեսի ձեւ քաղաքական էլիտայի համար, այլեւ ձեռք բերեց կենսական նշանակություն: Հասարակության կենսամակարդակն է՛լ ավելի վատացավ, ազատական գաղափարները` քաղաքացիական հասարակության կառուցման անհրաժեշտությունը, ժողովրդավարությունը, բարոյականությունը ոչ միայն երկրորդվեցին, այլեւ դուրս մղվելով քաղաքական պոլեմիկայից` դարձան ժամանակավրեպ: Հանրության պահանջը քաղաքական էլիտայից հասավ մինիմումի. ապահովել գոնե այնպիսի աշխատավարձ, որ հնարավոր լինի գոյություն քարշ տալ: Այս առումով բավականին ուշագրավ էր Արկադի Վարդանյանի ֆենոմենը: Վերջինս ցույց տվեց, որ մեր երկրում առանց քաղաքական կենսագրություն, ծրագրեր եւ գաղափարախոսություն ունենալու, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքի բավարար է իշխանություններին արհեստավարժորեն հայհոյել եւ մոտ 100-200 հազար դոլար ծախսելով` պետությունը կանգնեցնել հեղափոխության առջեւ: Սա հերթական ապտակն էր, որ վերջնականապես բացահայտվեց` մեր երկրում իշխանությունները եւ հանրությունը ապրում են զուգահեռ աշխարհներում: Իսկ սա առավել լուրջ անվտանգության խնդիր է, քան ուժային կառույցների որակը: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր: Որեւէ կուսակցություն եթե այժմ փորձի գործել օրենքին եւ բարոյականությանը համահունչ` կդատապարտի իրեն խաղից դուրս մնալու ճակատագրին: Այսպիսին է ողջ քաղաքական էլիտան` ընդդիմադիր, թե իշխանամետ: Բարոյական ապրելը մեր երկրում պարզապես ձեռնտու չէ: Իսկ հանրությունը շարժվում է քաղաքական էլիտայի ուրվագծած կանոններով: Քաղաքական որոշումները կայանում են օրենքով նախատեսված, լեգիտիմ քաղաքական ինստիտուտներից դուրս (նաեւ այս պատճառով են այդ որոշումները մեծ մասամբ անորակ եւ անհասկանալի): Փոխվում են նախարարներ առանց քաղաքական որեւէ տրամաբանության: Կառավարությունը նման է Կռիլովի առակի հայտնի հերոսներին. պաշտպանության նախարարը, բացի իր բուն գործից, իրականացնում է վարչապետի ֆունկցիաներ, նախագահը աշխատում է նրանից ետ չմնալ: Վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը նման են իրար եւ ոչ մի բանի նման չեն: Թերթերում տպագրվում են իշխանավորների դղյակների լուսանկարները` թե իշխանությունները, թե հոգեւոր էլիտան, թե կուսակցությունները, թե հասարակական կազմակերպությունները քար անտարբերություն են դրսեւորում: Հասարակական կարծիքը` ժողովրդական հասարակարգերին բնորոշ այս հզոր հակակշիռը մեզանում զրոյական է: Հասարակական կարծիքի պարբերաբար անտեսումը եւ որպես գործոն այն վերջնականապես քայքայումը ներկայիս քաղաքական էլիտայի անմխիթար որակի ապացույցն է: Գաղտնիք չէ, որ մեր երկրից արտագաղթելու համար բավականին ֆինանսական միջոցներ են հարկավոր եւ գաղթում են հիմնականում միջին խավի ներկայացուցիչները: Հետեւաբար, Հայաստանից հեռանալու պատճառն այնքան էլ սոցիալական պլանի չէ: Քաղաքական եւ հոգեւոր էլիտան, նրանց պարտադրած, ուրվագծած հասարակական հարաբերությունները տասը տարիների ընթացքում ոչ միայն հանրության աչքում արժեզրկեցին Սահմանադրությամբ ամրագրված գաղափարները, այլեւ քաղաքացու ապագայի պլանավորման հորիզոնը դարձրին անտեսանելի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 50-ական թթ. սոցիալական առումով հայ գյուղացու վիճակն անհամեմատ վատ էր ներկայի նկատմամբ: Գյուղացին ման էր գալիս տրեխներով, եւ գյուղում մեկ լծկան եզ ունենալը համարվում էր շքեղություն: Սակայն գյուղացին չարտագաղթեց, ավելին` մնաց եւ շենացրեց գյուղը: Այն ժամանակ գյուղացին ուներ ամենակարեւորը` հավատ ապագայի նկատմամբ, մի բան, որ այսօր ոչ միայն վերացել է, այլեւ որպես քննարկման նյութ` դարձել ժամանակավրեպ, անընկալելի: Ապրում ենք մի հասարակության մեջ, այնպիսի քաղաքական էլիտայի ներկայության պայմաններում, որ ժողովրդավարությունը ամփոփված է պրոցեդուրաների մեջ, որպես բովանդակություն, աշխարհընկալում՝ այն վերջնականապես իր տեղը զիջել է կեղծ ավանդույթների վրա հիմնված «վետերոկային ֆաշիզմին»: Մեր չգրված օրենքները ոչ միայն ունակ չեն ժողովրդավարության ավանդույթների հիմքեր դնել, այլեւ մեծ հաշվով ուղղակի հակադրվում են ազատական փիլիսոփայությանը: Բարոյական ընտրության, Անկախության գաղափարներին հավատարիմ լինելու առումով տասը տարվա ընթացքում մեր հոգեւոր եւ քաղաքական էլիտան ունակ չեղավ վերարտադրելու հասարակական լայն արձագանք գտնող որեւէ դրական նախադեպ: Իսկ կյանքը կառուցվում է նախադեպերի վրա: Ֆրանսիական հեղափոխությունից հետո վերջնականապես ժողովրդավարական կարգեր հաստատելու համար ֆրանսիացիներին անհրաժեշտ եղավ եւս մի քանի հեղափոխություն: Մեր պարագայում դա կործանարար շռայլություն կլինի` թե ռեսուրսներն են սահմանափակ, թե աշխարհաքաղաքական գործընթացները այլ տրամաբանություն ունեն: Առջեւում 2003թ. ընտրություններն են: Եվ առաջին հայացքից շարքային թվացող այս ընտրությունները Հայաստանի երկարաժամկետ ապագայի որակի համար աննախադեպ նշանակություն ունեն: Անկախության կենսաձեւը բավական մոտ է խաղաքարտին… ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆՀՔԴՄ «Ալիք» հասարակական-քաղաքական կենտրոն P. S. Կարծես խնդրի լրջությունը հասկանում եւ կարեւորում են շատերը: Նժդեհն ասում էր, որ քննադատությունը տառապանք է: Մեր պետականությամբ, կենսունակությամբ տառապող էլիտայի ձեւավորումը (թե իշխանություններ, թե ընդդիմություն) այսօր թիվ մեկ խնդիրն է: Իսկ սա նախ եւ առաջ բարոյական ընտրության հարց է` բրնձի, ձեթի, գետտոյական կենսակերպի եւ ոգեղենության, բարոյականության միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել