Մահապատիժը զսպաշապիկ է ԱԺ մեծ օրակարգում է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան» ընդունելու հարցը։ Առայժմ պարզ չէ, առաջիկա եռօրյայում հարցը կքննարկվի՞, թե՞ ոչ, սակայն պատգամավորները հիմնականում իրենց կարծիքը արտահայտել են վերոհիշյալի մասին։ Պատգամավորների մեծամասնությունը վստահ է, որ Կոնվենցիան կարելի է ընդունել առանց մահապատժի վերացման մասին արձանագրության։ ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանը միանշանակ այն կարծիքին է, որ մահապատիժը պետք է պահպանվի։ Խորեն Թռչունիչը վստահ է, որ մեր հանրապետությունը ղեկավարվում է «դրսի կողմից», իսկ «դրսի կողմն» ուզում է պարտադրել մահապատժի վերացումը։ Բայց, մահապատիժը վերացնելով, մենք ինչի՞ ենք գնալու։ Հարց է տալիս Խորեն Թռչունիչը եւ ինքն էլ պատասխանում է. «Մահապատիժը զսպաշապիկ է որոշ հանցագործների համար, որոնք դրա վախից չէին գնում ծայրահեղ քայլի։ Եվ հոկտեմբերի 27-ի դեպքերից առաջ դրա կատարողներին արդյո՞ք խոստումներ չէին տվել, թե հանգիստ սպանեք, մենք մահապատիժը վերացնելու ենք։ Իմ կարծիքով, ՀՀ-ն պետք է մերժի Եվրոպայի պահանջը։ Շատերը մեծ-մեծ խոսում են, որ եթե մերժեցինք, եվրոպացի չենք դառնալու… Ես՝ իբրեւ հայ մարդ անկեղծ ասեմ՝ ասիական մտածելակերպը, հյուրասիրությունը, ծնող-որդի հարաբերությունները, ընտանիքի նորմալ լինելը, բարոյական երկիր ունենալը ես ավելի եմ գնահատում, քան եվրոպացի դառնալը։ Ես ինձ ավելի շատ ասիացի եմ համարում, քան՝ եվրոպացի»։ Խորեն Սարգսյանն այն կարծիքին է, որ իր գործընկերները դեմ կքվեարկեն մահապատժի վերացմանը. «Գուցե վատ ընդունվի իմ խոսքը, բայց պետք է ասեմ. այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն կողմ քվեարկել մահապատժի վերացմանը, ուրեմն ինչ-որ ձեւով կապ ունեն հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ»։ Վերջերս ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը, փոխանակ այսօր կառուցվող առանձնատների մասին մի երկու թթու խոսք ասի, թեկուզ ձեւի համար, որ կոռումպացված վերնախավը (թեկուզ ձեւի համար) մի փոքր իրեն հաշիվ տա, հակառակն արեց։ Նախագահը փաստորեն փափուկ բարձ դրեց իր գրպանում գտնվող ամեն տեսակի չինովնիկների գլխի տակ, ասելով, թե նման առանձնատներ կառուցել են եւ կառուցում են խորհրդային ժամանակների տրեստների նախկին կառավարիչները։ Նախկին եւ այսօր կոմունիստ (սակայն ոչ տրեստի կառավարիչ, հակառակը) Խորեն Սարգսյանը նախագահի այս ասածներին եւս պատասխան ուներ. «Ախր դա, ի սեր Աստծո, հանրապետության նախագահի խոսելու ձեւ չի։ Մի ժամանակ էլ ասում էր, թե հոկտեմբերի 27-ին կատարված հանցագործությունը «ուչաստկովիի» բացելու գործն է։ Նրա ասածներն առնվազն «պռարաբի» մակարդակի խոսակցություն է, ոչ թե հանրապետության նախագահի»։ Հետո Թռչունիչն ասաց, որ իր կուսակցության իշխանություն լինելու տարիներին տրեստի կառավարիչները իրոք բնակարաններ կառուցել են, «բայց ոչ թե մի բնակարան, այլ՝ հազար բնակարան էին կառուցում, եւ մենք ձրի ժողովրդին էինք տալիս։ Էս բոլոր շենքերը որ տրեստի կառավարիչները չեն կառուցել, ովքե՞ր են կառուցել»։ Խորեն Թռչունիչին խնդրեցինք պատասխանել նաեւ հետեւյալ հարցին. «Ի՞նչ է կատարվում ձեր կուսակցությունում»։ «Բայց ինչի՞ եք ասում՝ ձեր կուսակցությունում, այդ կուսակցությունը 70 տարի ե՛ւ ինձ է դաստիարակել, ե՛ւ ձեզ, ե՛ւ բոլորին։ (…): Վլ. Դարբինյանի հետ ես եմ եղել Մոսկվայում, մենք գնացել էինք ե՛ւ կուսակցության, ե՛ւ, ինչո՞ւ չէ, նաեւ՝ մեր հանրապետության հետագա ճակատագիրն իմանալու։ Մենք այս պետության մեջ ենք ապրում եւ ամեն ինչ ուզում ենք անել ժողովրդի համար։ Իշխանությունները օտար են, բայց ժողովուրդը, երկիրը մերն է, եւ մենք պարտավոր ենք մի բան անել ժողովրդին էս վիճակից հանելու համար»։ Պատգամավորների կարծիքով, քաղաքական ուժերին բաժան-բաժան անելը իշխանություններին շատ ձեռնտու է. «Եթե այսօրվա իշխանությունները աշխատեն ոչ թե կուսակցությունները պառակտելու ուղղությամբ, այլ՝ այդ էներգիան տրամադրեն երկրի զարգացմանը, դա ավելի լավ կլինի, քան իրենց բռնած ուղին։ Այո, էսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ քաղաքական ուժերը չմիավորվեն»։ Մ. ԵՍԱՅԱՆ