Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՈՒԺԵՂ Է ԼԻՆԵԼՈՒ

Փետրվար 16,2002 00:00

ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՈՒԺԵՂ Է ԼԻՆԵԼՈՒ Հարցազրույց Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ Որքան էլ ոմանք ենթադրություններ անեն, թե «Հոկտեմբերի 27»-ին ցանկացած անդրադարձ խանգարում է հասարակության ապաքինմանը, չենք կարող համաձայնել եւ շարունակելու ենք անդրադառնալ այդ թեմային այնքան ժամանակ, քանի դեռ այս գործի հետ կապված ամբողջ ճշմարտությունը չի բացահայտվել։ Մենք վստահ ենք, որ միայն այս դեպքում է հնարավոր հասարակության իրական ապաքինումը։ Դատավարության մեկ տարին գնահատելով, փաստաբան Աշոտ Սարգսյանը նկատեց, որ դատարանում ոչ մի քրեադատավարական նորմ չի խախտվում, բոլորի իրավունքները պաշտպանվում են եւ բոլորին հնարավորություն է տրված իրականացնել այդ իրավունքները։ Սակայն, ըստ Աշոտ Սարգսյանի, կան որոշ հանգամանքներ, որոնք չի կարելի դրական գնահատել։ Ամբաստանյալների ցուցմունքները կարելի էր ընդհատել, միջամտել, քանի որ դրանք չեն վերաբերում մեղադրանքին եւ քրգործին։ Բայց ակնհայտ է, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դատավարությունը վերածում է միտինգների, քաղաքական ելույթների, զառանցանքների, որոնք, Աշոտ Սարգսյանի գնահատմամբ, դատավորը պարտավոր է ընդհատել եւ միջամտել, որ ամբաստանյալը ցուցմունքներ տա մեղադրանքի եւ այլ հանգամանքի շուրջ, ինչպես որ պահանջվում է քրդատ օրենսգրքով։ – Կարծիքներ են հնչում, որ այս դատավարությանը իշխանությունները կողմնակի միջամտություն են ունենում եւ, փաստորեն, աջակցություն է տրվում ամբաստանյալներին։ Դատարանում աշխատող փաստաբանները զգո՞ւմ են այդ աջակցությունը, եւ որքանո՞վ է դա խանգարում աշխատել։ – Ես չեմ կարող ասել, որ տեղյակ եմ այդ աջակցություններին, սակայն դատելով երկու ամբաստանյալ եղբայրների լկտիությունից, որ օրեցօր աճում է, եւ նրանց մի քանի հայտարարություններից, պարզ է դառնում, որ նրանք մեկուսարանում այդպես էլ մեկուսացված չեն։ Նրանց տրվում է պաշտոնական մամուլն ամբողջությամբ, որովհետեւ հարցաքննության ժամանակ նրանք հաճախ մեջբերումներ են անում մի քանի թերթերից։ Հարց է առաջանում. եթե նրանք պետք է տեղյակ լինեն այն ամենին, ինչ կատարվում է դրսում, էլ մեկուսարանում պահելու իմաստը ո՞րն է։ Եթե հանկարծ հայտնվում է ամբաստանյալի բաց նամակը՝ ուղղված նախագահին, ի՞նչ մեկուսացման մասին է խոսքը։ Այս առումով կասկածներ, եզրակացություններ կարելի է անել։ Կարծիք է առաջանում, որ իրոք ինչ-որ ուժեր, համենայնդեպս, որոշ տվյալներ մատակարարում են նրանց։ Եթե հայրենիքի դավաճանության մեղադրանք է առաջադրվել, ապա հայրենիքի դավաճանի կարգավիճակը մեկուսարանում պետք է մի քիչ այլ լինի։ Հայրենիքի դավաճանը դատարանում պետք է այլ վիճակում լինի։ Կարելի է նաեւ այլ փաստեր ներկայացնել, օրինակ, համաներման կիրառումը։ Եթե անգամ ընդունենք, որ ճիշտ է կիրառվել, ապա պետք է հարց ուղղենք համաներման ծրագիրը կազմողներին ու ներկայացնողներին։ 84 հոդվածը չբացառելը, կարեւոր ամբաստանյալներից մեկի՝ Արմեն Հարությունյանի ազատ արձակելը արդեն իրական կասկածի տեղիք է տալիս։ – Մենք բազմիցս անդրադարձել ենք նախաքննական մարմնի աշխատանքին, սակայն ստիպված ենք կրկին անդրադառնալ, քանի որ գործից անջատված կազմակերպիչների, դրդիչների եւ հրահրիչների մասը դեռ նախաքննության ընթացքում է եւ ժամկետները երկարաձգվում են։ – Այո, շատ է խոսվել այս մասին, ես նույնը պետք է ասեմ։ Անջատված մասը կարող է դրական գնահատվել, եթե դատավարության ժամանակ ձեռք բերված նոր տվյալներն օգտագործվեն անջատված մասում ապացույցների եւ հետագա գործունեություն ծավալելու համար։ Ես կողմնակից էի, որ գործը ամբողջությամբ մտներ դատարան եւ չլիներ այս «կույր աղիքը»։ Բայց եթե նախաքննության մարմինը գտել է, որ պարտադիր է մասն անջատելը, այդ դեպքում, իհարկե, դա դրական է։ Իմ եւ իմ վստահորդի ու բոլորի միակ մտավախությունն այն է, որ այս քրեական գործի մեջ քաղաքականություն չխաղան, որպեսզի անջատված մասը չօգտագործվի քաղաքական նպատակների համար։ Եվ եթե դուք այդ հարցը տալիս եք, կռահում եմ, որ հենց այդ մտավախությունն ունեք։ Ես էլ ունեմ նույն մտավախությունը։ – Դատավարության մեկ տարվա ընթացքում ի՞նչ նոր փաստեր են հայտնաբերվել, որոնք դուք կուզեիք, որ օգտագործվեն անջատված մասում։ – Ես դատարանին եմ ներկայացրել որոշ հանգամանքներ, որոնք նախաքննության մարմնի կողմից ժամանակին անտեսվել են եւ դա ինձ համար զարմանալի է։ Ես ներկայացրել եմ կապը Սերոբ Տեր-Պողոսյանի հետ, որն այդ ժամանակ «Ռոտարի Ինտերնեյշընըլ» ակումբի նախագահն էր։ Կցանկանայի, որպեսզի այս մասով ավելի խոր քննություն կատարվեր։ Սա այն հանգամանքը չէ, որը կարելի էր մակերեսային քննել։ Իսկ քննությունը եղել է մակերեսային, որովհետեւ կա ընդամենը մեկ ցուցմունք՝ երկու էջի վրա։ Հաջորդը՝ զենքերը ներս մտցնելու հանգամանքը ընդհանրապես չի քննվել։ Չնայած կա ահավոր հակասություն զենքերը ներս մտցնելու կամ թաքցնելու մասով։ Մի դեպքում երեքը պնդում են, թե դրանք իրենց վրա տեղադրել են ԱԺ շենքի մոտ, մյուս դեպքում՝ տանը։ Եվ այս հանգամանքով խոր քննություն չի կատարվել։ Եթե դրանք կատարված լինեին, մենք ստիպված չէինք լինի 2 տարի հետո փորձաքննություն նշանակել։ Արմենակ Արմենակյանի սպանությունը եւս կասկածելի է եւ ինձ թվում է՝ այդ ուղղությամբ մինչեւ վերջ աշխատանք չի կատարվել։ Մինչեւ վերջ չի քննվել նաեւ Միրոյանի սպանությունը։ – Պարոն Սարգսյան, համամի՞տ եք այն մտքին, թե դատավարությունից մեկ տարի անց մենք ավելին չգիտենք, քան գիտեինք 27-ից անմիջապես հետո։ – Մենք պետք է հիմնվենք նախաքննության ժամանակ մեզ ներկայացված տվյալների վրա, համաձայնենք կամ ոչ, հերքենք կամ հաստատենք։ Սա է դատարանի աշխատանքը եւ ոչ թե դատարանը նախաքննության վերածելը։ Մենք այս իմաստով կաշկանդված ենք։ Իսկ մտահղացումներ, որ առաջանում են քրգործին ծանոթանալով եւ դատարանում՝ շատ կան։ Դրանք խորացնում են կասկածները որոշ մարդկանց նկատմամբ, իսկ ոմանց նկատմամբ կասկածները հերքվում են ներքին համոզմունքով։ Իսկ դատավարությունը դեռ առջեւում է։ Մի մոռացեք, որ առայժմ քննվել է երեք ամբաստանյալ, իսկ քրգործով դեռ ունենք 170 վկա, 91 տուժող, ապացույցների գնահատման փուլ, նոր փորձաքննություններ նշանակելու եւ քննչական մի շարք փորձարարությունների պահանջ։ Տեսաժապավենների հետազոտումը եւս առջեւում է, որից կպարզվի, թե ով ինչ միջամտություն է իրականացրել եւ երբ։ Իրոք ճիշտ է ժողովրդի վրդովմունքը, որ մեկ տարվա ընթացքում նոր բան դեռ չի եղել, ընդամենը երեք ամբաստանյալ է հարցաքննվել։ – Ի դեպ, հարցաքննվողների մասին։ Որոշ փաստաբաններ այն կարծիքին են, որ ճիշտ կլիներ հարցաքննությունը սկսել վերջից եւ աստիճանաբար հասնել Նաիրի Հունանյանին։ – Ես չգիտեմ՝ ով է այդպիսի միտք հայտնել։ Երեւի այդպիսի կարծիք հայտնողը երբեք դատարանում չի եղել եւ ծանոթ չի Հունանյանի կերպարին։ Կամ՝ ծանոթ լինելով, կուզեր, որ հակառակն արվի։ Թույլատրել, որպեսզի այդ կերպարը լսի բոլոր վկաներին, տուժողներին եւ բոլոր ապացույցները հետազոտելուց հետո ցուցմունք տա՝ ճիշտ չէր լինի։ – Ինչպե՞ս եք վերաբերվում հասարակություն եւ դատավարություն հարաբերություններին։ Եթե առաջին օրերին մարդիկ հավաքվում էին դատարանի մոտ, այսօր տպավորություն կա, թե մարդիկ անտարբեր են դարձել։ – Եթե ես դատարանում ուշադրություն դարձնեմ դրսում հավաքվածներին, ապա նշանակում է՝ կդավաճանեմ իմ այն սկզբունքին, թե այս գործում քաղաքականություն պետք չէ խաղալ։ Ես դատարանում ունեմ իմ գործն անելու հնարավորություն, եւ իմ իրավունքները պահպանվում են։ Եթե ես ուշադրություն դարձնեմ դրսի վրա, այդ դեպքում, կարդալով իշխանամետ մամուլի որոշ հրապարակումներ, կհիասթափվեմ եւ չեմ կարողանալու շարունակել աշխատել։ Այնքան խեղաթյուրված է ամեն ինչ ներկայացվում։ Կարդալով դրանց հակառակ թեւի մամուլը, որը երբեմն չեղածն էլ ներկայացնում է որպես իրողություն, ապա հնարավոր է ավելորդ ոգեւորվել եւ այլ ծայրահեղության մեջ ընկնել։ Այս պատճառով էլ ես ուշադրություն չեմ դարձնում դրսի մթնոլորտին։ Իսկ ժողովուրդը անտարբեր չէ։ Ես գիտեմ ժողովրդի տրամադրվածությունը։ Նա համբերատար սպասելու է դատավարության ավարտին։ Անարդար վճռի դեպքում կտեսնենք, թե ինչի է ընդունակ ժողովուրդը։ Ով հույս ունի, թե ժամանակի ձգձգումը իր համար դրական ելք կստեղծի՝ չարաչար սխալվում է։ Հակառակը։ Ձգանն ինչքան սեղմվում է՝ հակազդեցությունն ավելի հզոր է լինում։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել