Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոչարյանն ու Սահմանադրությունը

Փետրվար 16,2002 00:00

Քոչարյանն ու Սահմանադրությունը ԵՊՀ-ում Ռ.Քոչարյանի հանդիպումը հետաքրքիր էր ներքաղաքական կյանքում հնարավոր զարգացումների, 2002-ին տնտեսական հերթական «հրաշքի» սպասելիքների իմաստով, եթե, իհարկե այդ «հրաշքն» ընդդիմությունը չչեզոքացնի իր «նախընտրական տրամաբանությամբ ու տրամադրվածությամբ»: Բայց անդրադառնանք պրն Քոչարյանի սահմանադրական «բարեփոխումներին» վերաբերող նկատառումներին: Նա գիտե, թե ինչ է ուզում ստանալ այդ «բարեփոխումների» արդյունքում եւ չի էլ թաքցնում: Մինչ այդ խնդրին «ավելի լայն կոնծեքստով» անդրադառնալը, վերհիշենք Ռ.Քոչարյանի մտավախություն-խոստովանությունը, թե գործող Սահմանադրության պայմաններում՝ երկու տարբերակները (խոսքը նախագահական տարբերակի եւ դրան իբրեւ այլընտրանք ներկայացված Վեցնյակի նախագծի մասին է), հանրաքվեի դնելը կարող է կործանարար լինել նախագահական տարբերակի համար: Բանն այն է, որ «գործող Սահմանադրությունում բավական կոշտ մոտեցում է ամրագրված»: Ըստ այդմ, նախագիծը կարող ընդունված համարվել, եթե ընտրացուցակներում ներգրավված 1/3-ը դրան «կողմ» քվեարկի: «Երկու տարբերակի պայմաններում դա նշանակում է մոտ 730-740 հազար «կողմ» ձայներ: Ուրեմն երկրում կարելի է ընտրվել նախագահ, բայց նույն ձայներով Սահմանադրությունը կարող է չանցնի»,- պարզաբանեց նախագահը: Բացի այդ, ըստ նրա, իշխանությունները չեն կարող հանրաքվեի դնել մի տարբերակ, որը «չի համապատասխանում կամ չի համապատասխանելու այսօրվա սահմանադրական արդարադատության, սահմանադրական իրավունքի եվրոպական չափանիշներին», ինչը, ըստ Քոչարյանի, «մեր պարտավորությունների մեջ է գտնվում Եվրախորհրդին մեր անդամակցության հարցում»: Նա, իհարկե, պարզաբանեց, թե այդ պարտավորությունները կապված են ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման հետ: Այսինքն, ասել կուզեր, թե այլընտրանքային տարբերակը չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին: Ավելին, նրա կարծիքով, մեր երկրի սահմանադրական արդարադատությունը հենց այն է, ինչպիսին տեսնում է ինքը, իսկ թե ինչպես է տեսնում՝ ակնհայտ է մեր իրականությունից ու Սահմանադրության իր ներկայացրած տարբերակից: Պարզվում է նաեւ, որ այլընտրանքային նախագիծը հանրաքվեի դնելու համար Վենետիկի հանձնաժողովը պետք է եզրակացություն տար, որը, պարզվում է, տվյալ դեպքում չկա: Ռ.Քոչարյանը պնդում էր նաեւ, թե այլընտրանքային տարբերակը հանրաքվեի դնելը ամենեւին էլ սուբյեկտիվ բնույթ չի կրում: Նախ, համաձայն չենք, թե այդ հարցում նախագահի «սուբյեկտիվիզմը» ետին պլան է մղված: Մյուս կողմից՝ ինչպես այլընտրանքային նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն ասաց, թե իրենք ժամանակին դիմել էին Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակ՝ իրենց տարբերակի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար: Պարզվում է, որ թեեւ այդ տարբերակն ընդգրկված է եղել ԱԺ նստաշրջանի օրակարգում՝ իբրեւ պաշտոնապես ներկայացված նախագիծ, այդուհանդերձ ԵԱՀԿ գրասենյակից տեղեկացրել են, թե այն պաշտոնական նախագիծ չէ, ուստիեւ քննարկման դրվել չի կարող: Ի պատասխան մեր հարցադրման՝ Շ.Քոչարյանը նկատեց, թե դա անհասկանալի պատասխան էր, բայցեւայնպես երբեք չի կարող պատճառ դառնալ հանրաքվեի չդնելու համար: Իրոք, գործող Սահմանադրությամբ կամ օրենքներով որեւէ վերապահում այդ իմաստով գոյություն չունի: Ոչ մի տեղ ասված չէ, թե առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության օրինագիծ չի կարող ընդունվել կամ հանրաքվեի ներկայացվել: Բացի այդ, ըստ պատգամավորի, այլընտրանքային տարբերակը, հենց եվրոպական չափանիշներին համապատասխանության իմաստով՝ շատ ավելի լավն է, քան նախագահի տարբերակը: Բնական է, որ նախագահը ամեն կերպ փորձելու է խոչընդոտել այլընտրանքը հանրաքվեի դնելուն: Դա՝ ի գիտություն, առաջին հերթին, հասարակությանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել