Ինքնազրույց Հայաստանում բնակվող ընկերս՝ գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը e-mail էր ուղարկել նյութ պատրաստելու խնդրանքով՝ Սփյուռք-Հայաստան թեմայի շուրջ։ Երկար ժամանակ էր, որ մտածում էի, թե արդյոք ի՞նչ նյութ ուղարկեմ, երբ հայաստանցին լավ գիտի՝ իր ապրելակերպով, չվճարված աշխատավարձով, ողորմելի կենսաթոշակով, գաղթով, քաղաքական ու տնտեսական վախով, քոչարյանական ու մարգարյանական փուչ առաջընթացով, «չբեր» մկրատը ձեռքին շրջող նախագահի ուրվականով, իրական զարգացում ունեցող՝ մատղաշ ու հասուն պոռնկաբիզնեսով, ստորաքարշության, շանթուլական լպստոցի, իրենց դարն ու մեր ժողովրդին մսխած կուսակցությունների, իշխանալեզ քաղաքական գործիչների գունավոր, փափկասուն մատչելիության, «պապլավոկյան» մտավորականության՝ «լեզուն քամակը տարած» համարձակության, երկրի, պետականության հիմքերը դրած, Ղարաբաղի հաղթանակին նվիրված՝ կենդանի կամ սպանված, մարդկանց պղծելու խաչագողության մասին, երբ պետականն ու պետականությունը վերածվել է մանր, չարչիական առուծախի, երբ գլորվում ենք դիվանագիտական անտեսումի, զրո կետի փոսը, երբ գոյատեւում ենք էս ու էն բանկին մուրացկանությամբ, երբ օտարից էլ օտարի հոգեբանություն ու գործելաձեւ ունեցող իշխանությունները երկիրը դարձրել են սեփական ցանկությունների կատարման էժանագին զվարճատուն, երբ հուսահատված ժողովրդի առաջ իրենց մաղձը կամ փսլինքը շաղ են տալիս ոնց հարմար գտնեն, երբ Ալեքսանդրապոլի դաշնագիր ստորագրողներն ու Անդրանիկին թուրքերին մատնողները դառնում են դերակատար, երբ նրանց դիվանախեւ ողբերգական սխալներին ենք պարտական մեր շատ ու շատ կորուստների համար, երբ համատարած ուրացումն ու քծնանքն է չափանիշ դարձել մարդու արժեքավորման համար… Նման հանգամանքներում ինչպե՞ս զարմանալ, եթե այսօր, ոչ թե վաղը հանկարծ սկսեն երգել՝ հերոս ընկեր մեր Նաիրի, անմահ մարտիկ, վեհ Հունանյան՝ նախագահի, նախագահին կից ուժերի, սինլքորների, փտած կուսակցությունների «երկսեռ» ձայնակցությամբ… Կեղծ կուռքերով, թե այս, թե այն աշխարհում մենք դժոխքից բացի ուրիշ տեղ չենք կարող գնալ եւ չենք գնում… Միայն իշխանալեզ հարճերի ծախու կամ համատարած ապուշության պայմաններում է հնարավոր, որ երկրի նախագահը տեսնի եւ ասի մի բան, իսկ ժողովուրդը ապրի եւ զգա բոլորովին այլ բան… Նախագահ, որից բարին ու ճշմարիտն այնքան են հեռու, որքան ընտրված լինելն ու ժողովրդի ձայնը… Մինչ «դատերի սիրահար Հայաստանս» եթե դատ է ուզում, ապա դատ պիտի բացի ոչ թե «չգո մազութի» կամ օդից բռնած «իննսունվեց թվի» առումով, այլ նման սուտ նախագահ մեր ժողովրդին պարտադրելուն իրական առնչություն ցուցաբերած ուժերի զեղծարարության դեմ… Իսկ սփյուռքը, որ կա ու չկա՝ իր որկրամոլ կուսակցություններով, ուռած-փքված քաղքենիությամբ, ինքնահավան եսասիրությունը հագուրդ տվող մի երկու փշրանքի «բարեգործությամբ», ութ միլիոնը մեկուկես միլիոնի հարաբերությամբ՝ թքած ունի հայաստանցու ու Հայաստանի դժբախտությունների վրա, բացառությամբ ցմփոր-ճոռոմ կենացների, հոգեորսության, եկեղեցագողության ու երկրից դուրս հանվող մարդագողության… Իսկ թե ե՞րբ է եղել, որ մենք մեր կտրած մատի վրա գոնե շռել չափսոսանք, չգցենք իրար, չծախվենք օտարին, ավաղ, չեմ հիշում… Մեր լպրծուն ու սմքած օրը, միակ ու ճշմարիտ արտացոլանքն է այն տխմարությունների, որ արել ենք ժամանակին ու անում ենք հիմա՝ համակերպվելով իրողությանը, մեռելի ետեւից գնացողի հուսահատությամբ… Իսկ կսթափվե՞նք երբեւէ, բնավ վստահ չեմ… ՀԱՅԿ ՀՐԱՅՐ (ԵՂՅԱՆ) Լոս Անջելես