ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՄՆ Անվտանգության հատուկ ծառայության ուժերը Սոլթ Լեյք Սիթիում ընթացող օլիմպիական խաղերի օրերին ամենուր որոնում են գոյություն չունեցող ահաբեկիչների։ Այդ մասին հայտնել է ՀՖԲ-ի ներկայացուցիչ Բեն Ջոնսոնը։ Ինչպես հաղորդում են արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցները, Յուտա նահանգի մայրաքաղաքը ողողված է տարբեր տեսակի թերթիկներով եւ պլակատներով, որոնցում պատկերված են ահաբեկիչների նկարներ, նրանց, ովքեր գտնվում են ֆեդերալ հետախուզության մեջ։ Հիշեցնենք, որ բյուջեից 310 մլն դոլար է հատկացվել անվտանգության ապահովման համար։ «Ներկայիս օլիմպիական խաղերին ոչինչ չի սպառնում,- ասել է Ջոնսոնը,- մեր տեղեկություններով հետախուզության մեջ գտնվող ահաբեկիչներից եւ ոչ ոք Սոլթ Լեյք Սիթի չի եկել»։ Այսպիսով, կարելի է ասել, որ ահաբեկչության հանդեպ վախի բոլոր դրսեւորումներն անհիմն են։ Այնուամենայնիվ, իշխանությունները շարունակում են զգուշանալ հնարավոր միջադեպերից։ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջոն Էշքրոֆթը կոչ է արել բոլոր ամերիկացիներին՝ «առավելագույնս պատրաստ լինել 16 ահաբեկիչների կողմից ձեռնարկվելիք հավանական ցանկացած գործողություններին, որոնք կապված են Օսամա բեն Լադենի անվան հետ եւ, որոնց հետքերի վրա արդեն դուրս են եկել ՀՖԲ-ի գործակալները»։ «Մենք ձեռնարկել ենք աննախադեպ ջանքեր ահաբեկչության դեմ եւ դրանք փոխելը իմաստ չունի»,- եզրափակել է Ջոնսոնը։ Ք. Հ.