Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանտիկ երգիչը

Փետրվար 15,2002 00:00

Ռոմանտիկ երգիչը Որը չի տառապում աստղային հիվանդությամբ – Ինչո՞ւ պարզապես Հայկո։ – Ինչ-որ հատուկ բան չկա այդ անվան տակ, պարզապես, երբ 1996թ. Ռուսաստանում մասնակցեցի «Մոսկվա-96» փառատոնին, որտեղ գրավեցի առաջին տեղը, հարց առաջացավ, թե ի՞նչ անուն որոշենք ինձ համար։ Եվ քանի որ Հայկ Հակոբյանը բարդ էր ռուսների համար, այդ իսկ պատճառով էլ ընտրեցինք Հայկո անունը։ – Դուք Ձեզ համարո՞ւմ եք կայացած երգիչ։ – Ես ինձ կայացած կամ չկայացած համարել չեմ կարող։ Ինձ թվում է, որ հանդիսատեսը պետք է ընտրի՝ կայացել եմ, թե՝ ոչ։ Ես ուղղակի աշխատում եմ եւ ցանկանում եմ կայանալ։ – Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ երիտասարդ երգիչ-երգչուհիները տառապում են աստղային հիվանդությամբ։ – Ինձ թվում է՝ դա կոմպլեքս է։ Երբ մարդ իր մեջ ինչ-որ մի բանի պակասություն է զգում, նա բարդութավորվում է այդ ուղղությամբ։ Ինձ թվում է՝ աստղային հիվանդությունը այդ կոմպլեքսներից մեկն է։ Երբ մարդիկ չեն կայանում, սկսում են տառապել այդ հիվանդությամբ։ – Ի՞նչ կարծիքի եք երգիչ Հայկոյի մասին։ – Իմ կարծիքով, ես մի անձնավորություն եմ, որը շատ է աշխատում ու սիրում է իր գործը։ Ազնվորեն է աշխատում, սիրում է իր երկրպագուներին եւ ցանկանում է ունենալ հաջողություններ։ – Ինչպե՞ս եք հաղթահարում Ձեր առջեւ ծառացած խոչընդոտները։ – Խիզախությամբ։ Անվախ եմ եւ աշխատում եմ, որ չլինեն խոչընդոտներ, իսկ եթե լինում են, ապա ամեն կերպ փորձում եմ հաղթահարել դրանք։ – Աշխարհահռչակ երգիչներից ո՞ւմ հետ կցանկանայիք բեմ բարձրանալ։ – Երեւի բոլորի հետ։ Եթե նրանք հռչակավոր են, ուրեմն արդեն կայացած անձնավորություններ են։ – Ո՞ւմ եք պարտական Ձեր հաջողությունների համար։ – Իմ հաջողությունների համար առաջին հերթին ինձ եմ պարտական։ Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներից, հատկապես Արթուր Ջանիբեկյանից, որն, ի դեպ, իմ պրոդյուսերն է։ Նրա հետ մենք սկսել ենք մեր ճանապարհը եւ մինչեւ հիմա նա իմ կողքին է։ – Մոտ ժամանակներում պատրաստվո՞ւմ եք հանդես գալ մենահամերգով։ – Աշխատում եմ նոր ալբոմիս վրա։ Եվ ձայներիզիս թողարկումից անմիջապես հետո կպատրաստվեմ շքեղ մենահամերգիս։ Այն կլինի լուսային նոր ձեւավորումներով եւ ամբողջովին կենդանի հնչողությամբ։ – Ձեր կարծիքով հանդիսատեսը ի՞նչն է գնահատում երգիչ Հայկոյի մեջ։ – Ինձ թվում է, որ ես նրանց հետ ուղղակի անկեղծ եմ։ Նրանց շատ սիրում եմ եւ աշխատում եմ երգերիս մեջ նույնպես լինել անկեղծ։ Երեւի դա է պատճառը, որ նրանք սիրում են ինձ։ – Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաերջանիկ պահը։ – Գիտե՞ք, չեմ կարող սահմանափակվել միայն մեկ պահով։ Կյանքում երջանիկ պահեր շատ եմ ունեցել, որովհետեւ ինքս դրսից շատ սառը անձնավորություն եմ երեւում, բայց ինչ-որ ռոմանտիզմ կա մեջս։ – Ի՞նչ է Ձեզ համար Ձեր ընտանիքը։ – Ընտանիքս մի սուրբ օջախ է։ Ընտանիքում հորս, մորս, եղբորս շատ եմ սիրում, որոնց հետ շատ կապված եմ եւ որոնց հետ կիսում եմ կյանքիս ուրախ եւ տխուր պահերը։ – Հանուն ընտանիքի կլքե՞ք բեմը։ – Շատ պրովոկացիոն հարց է։ Այդպիսի պահ դեռեւս չի ծագել, բայց ընտանիքս՝ պարզ է, ավելի առաջնահերթ է ինձ համար։ – Ի՞նչ ոճի երաժշտություն եք նախընտրում։ – Բոլոր ոճերի երաժշտություն էլ սիրում եմ։ Կա այսպիսի մի խոսք. «Չկա վատ երաժշտություն, կա վատ կատարող»։ – Ի՞նչ եք տեսնում հանդիսատեսի աչքերում։ – Սեր, սեր իմ եւ արվեստիս նկատմամբ։ Ես աշխատում եմ անել այն, ինչ իրենք են սիրում եւ ինչ ես եմ սիրում։ – Մոտ ժամանակներում ի՞նչ նորություններ են սպասվում։ – Շուտով իմ նոր ձայներիզի թողարկումն է լինելու, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում։ Ձայնագրությունը կատարվում է «Ասպարեզ» ստուդիայում։ Իրենց մասնակցությունն են ցուցաբերում բոլոր լավ հայ երաժիշտները՝ Կարո Սարաֆյան, Գագիկ Թորոյան, Արմեն Հյուսնունց։ Ինձ թվում է, որ լավ, հաջողակ ձայներիզ է լինելու, բայց ոչ այնքան նման նախորդ ձայներիզիս։ Իհարկե, մի քիչ կպահպանվի ռոմանտիկ այդ ոճը, սակայն այս անգամ կլինի արդեն ուրիշ ոճի երաժշտություն։ Ձայներիզը պատրաստ կլինի 2-3 ամսից, որից հետո, ինչպես արդեն նշեցի, կպատրաստվեմ մենահամերգիս։ – Ի՞նչ կմաղթեիք ձեր երկրպագուներին։ – Ոչ միայն իմ երկրպագուներին, այլեւ բոլորին կմաղթեմ, որ միշտ լինեն երջանիկ, լի ժպիտով, ծաղիկներով, իրենց կյանքում միշտ հաջողակ լինեն եւ լսեն միայն լավ երաժշտություն։ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել