Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործարանատերը կոնտրաբաս չի՛ նվագի»

Փետրվար 15,2002 00:00

«Գործարանատերը կոնտրաբաս չի՛ նվագի» Այսօր ուսանողներին «խեղճացնելու» բազմաթիվ ձեւեր կան։ Ամենափորձված ու արդյունավետ մեթոդը, սակայն, որ կիրառվում է բուհերի վճարովի համակարգում, ուսման վարձերն ուշացնող ուսանողներին ընթացիկ քննություններին մասնակցելու իրավունքից զրկելու սպառնալիքն է։ Որոշ բուհերում ուսման վարձերի ժամանակին հավաքելն ուղղակի պաթոլոգիկ բնույթ է կրում։ Եվ ինչպես ասում են՝ «չկա ո՛չ ներում, ո՛չ բեկում»։ Ավելի շատ «պլանի տակ» են հայտնվում առաջին-երկրորդ կուրսեցիները։ Վերջին կուրսեցիները ուսման վարձի ուշացման մասին նախազգուշացումները սրտներին այդքան էլ մոտ չեն ընդունում, որովհետեւ վստահ են, որ որեւէ բուհ, այնուամենայնիվ, չի ցանկանա զրկվել թեկուզ մեկ ուսանողի մի քանի հարյուր դոլար կազմող ուսման վարձից։ Բուհեր էլ կան, որ ներողամտորեն են վերաբերում իրենց ուսանողների անվճարունակությանը եւ համակերպվում նրանց՝ վարձը մաս-մաս վճարելու մտքի հետ։ Վարձավճարների հավաքման մոտավոր պատկերը բուհերում փորձեցինք պարզել մեր հարցումներով։ Ուսման վարձերը վճարելու առումով առաջին պատվավոր տեղում է Ճարտարագիտական համալսարանը։ Բուհի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ այս բուհում անցյալ կիսամյակ բոլոր ուսանողները 100%-ով վճարել են վարձերը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Երեւանի պետական համալսարանը։ Ուսումնական վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանի պնդմամբ՝ մինչեւ սեպտեմբերի վերջ ուսանողների 99,9%-ը վճարել է ուսման վարձը, իսկ 2-րդ կիսամյակի վճարումները դեռեւս չեն սկսվել։ Ըստ վարձերի վճարման ցուցանիշի՝ երրորդ տեղում ֆիզկուլտուրայի ինստիտուտն է։ Ուսումնական գծով պրոռեկտոր Միքայել Իսպիրյանի հավաստմամբ՝ առաջին կիսամյակի ուսման վարձերը հավաքվել են 85%-ով։ Փետրվարի վերջից կսկսվի նաեւ երկրորդ կիսամյակի վարձերի գանձումը։ Այս բուհին փոքր-ինչ զիջում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։ Ըստ տեսուչ Է. Դանիելյանի՝ առաջին կիսամյակի ուսման վարձը վճարել է ուսանողների 82%-ը։ Հինգերորդ տեղում Գեղարվեստի ինստիտուտն է։ Պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջին կիսամյակի ուսման վարձը վճարել է ուսանողների 80%-ը։ 5%-ը վճարել է նաեւ երկրորդ կիսամյակի համար։ Վեցերորդ հորիզոնականը վարձերի վճարումների 50-50 ցուցանիշով կիսում են Մ. Հերացու անվան բժշկական եւ Ճարտարապետաշինարարական համալսարանները՝ փոքրիկ տարբերությամբ։ Եթե բժշկական համալսարանում, ըստ ֆինանսատնտեսական բաժնի պետ Անահիտ Վարդումյանի, երկրորդ կիսամյակի համար դեռ վճարումներ չկան, ապա Ճարտարապետաշինարարական համալսարանի գլխավոր հաշվապահ Գայանե Հունանյանի հավաստմամբ, ուսանողների 10%-ն արդեն վճարել է նաեւ երկրորդ կիսամյակի համար։ Ուսման վարձերի հավաքման առումով ամենաբարդ վիճակը Երեւանի պետական կոնսերվատորիայում է՝ պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի կարծիքով։ «Հասկանում ենք, որ ժողովուրդն անվճարունակ է։ Բայց կան երաժշտական գործիքներ (փողային գործիքներ, թավջութակ, կոնտրաբաս եւ այլն), որոնք խիստ անհրաժեշտ են հանրապետությանը։ Այդ գործիքները նվագող ուսանողներն էլ սովորաբար անապահով ընտանիքներից են, քանի որ ոչ մի գործարանատեր իր որդուն չի տա կոնտրաբաս սովորելու։ Դրա համար էլ վարձերի հավաքման ժամկետներ չենք դնում եւ զիջումների ենք գնում»,- հայտարարեց Ս. Սուքիասյանը։ Նա գտնում է, որ «երաժիշտը ո՛չ իրավաբան է, ո՛չ էլ տնտեսագետ, որ դուրս մնալուց հետո ուրիշ բուհում ցանկանա սովորել»։ Ուստի համոզված է, որ ճիշտը ուսանողներին վարձն ամբողջ տարվա ընթացքում մաս-մաս վճարելու հնարավորություն տալն է։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել