ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ Ի ԶՈՐՈՒ ՉԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Սեդա Հարությունյանի պատմությունը հար եւ նման է հայաստանյան տեղաբնիկների պատմությանը։ Հարեւանը գումար է խնդրել պարտքով, նա ընդառաջ է գնացել, տվել է գումարը, իսկ հիմա չի վերադարձնում, որովհետեւ հարեւանը… ընդառաջ չի գնում նրան։ «Ես՝ Մարտին Գալստյանս, պարտավորվում եմ վերադարձնել վերցրածս գումարը։ Տան գույքի եւ տան վաճառքից գոյացած ամբողջ գումարը կվերադարձնեմ, որքան հնարավոր է շուտ։ Սեդա Հարությունյանին, որի համար ստորագրում եմ»։ Տղամարդ պարտատիրոջ ստորագրությունը արժեք չուներ սակայն։ «Ես՝ Արեւիկ Աղաբեկյանս, վերցրել եմ Սեդա Հարությունյանից 3 հազար ամերիկյան դոլար, պարտավորվում եմ վերադարձնել 3 ամսվա ընթացքում»։ Այս պարտավորագիրը ստորագրած Ա. Աղաբեկյանն էլ (Մ. Գալստյանի կինը) մի հավելում էր արել. «Գրված է իմ ձեռքով», ասել է թե՝ Ս. Հարությունյանի ձեռքով չի գրվել եւ նրա երեւակայության արդյունք էլ չէր գումար պահանջելը։ Վերոնշյալ ընտանիքը «քցումի» դասական օրինակ ցույց տալով, Ս. Հարությունյանին չէր վերադարձնում գումարը, որ վերցվել էր նրանից դեռ 1999թ. հունվարից։ Ստիպված վերոնշյալ գումարի բռնագանձման պահանջով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան դիմեց Ս. Հարությունյանը։ Դատարանը նրա հայցը բավարարեց եւ վճռեց Մ. Գալստյանից եւ Ա. Աղաբեկյանից բռնագանձել հօգուտ Ս. Հարությունյանի՝ 3000 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ 540000 դրամ, վճարված պետտուրքը՝ 30.000 դրամ եւ հօգուտ պետբյուջեի՝ 10.800 դրամ։ Մինչ հայցի քննությունը, իբրեւ հայցի ապահովման միջոց՝ արգելանք էր դրվել վերոնշյալ պարտատերերին պատկանող գույքի վրա (ընդհանուր արժեքով 1.535.000 դրամ)։ Ապա հայցի ապահովման վերաբերյալ կատարողական վարույթը կարճվել է… Կարճման ընթացքում, ինչպես հաճախ է պատահում նմանօրինակ «քցումների» ժամանակ, «պարտապանը վաճառում է արգելանքի վերցրած գույքը»։ Երբ գործը հասել էր ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող վարչություն, «պարզվել» էր, որ Մ. Գալստյանի անվամբ գրանցված «Մերսեդես Բենց» ավտոմեքենան չկա։ Չկար եւ պարտապանների անվամբ գույք։ «Պարտապանների անվամբ գույք հայտնաբերելու ուղղությամբ կատարողական գործողությունները շարունակվում են» Ջ. Բաբինյան ստորագրությամբ այս գրությունը քանի-քանի անգամ նույնաբովանդակ ընթացքով ուղարկվել է ԱԺ, «Օրինաց երկիր» խմբակցություն, ԱՆ, Ս. Հարությունյանին։ Ուշադրության արժանի է այն, որ երբ հարկադիրը արգելանք է դրել պարտատիրոջ 16 անուն գույքի վրա, ոչ պատահական, հաջորդ օրը գույքը վաճառվում է։ Հարկադիրը «Մերսեդես-Բենցի» վրա 29.03. 2001թ. արգելանք է դրել եւ ահա 04.04.2001թ. ավտոմեքենան «փախչում» է եւ կեղծ հետախուզում հայտարարվում։ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարն էլ, որը դատարանի վճռով պիտի բռնագանձվեր, դառնում է ոչ ավել, ոչ պակաս, «33 հազար դրամ արժողության» 5 անվանագույք։ Մերսեդեսավոր պարոնը փաստորեն քցել է իր հարեւանուհուն, որի պահանջը տվյալ դեպքում ճիշտ է։ Դատարանի վճիռը փաստորեն չի կատարվել։ Հարկադիրն ի զորու չէ կատարել այդ։ Քաղաքացին ի՞նչ անի. նորից դատի տա։ Էլի վճիռ ունենա եւ վճիռն ի վիճակի չլինեն կատարելու։ Հետաքրքիր է, քանի՞ վճիռ է պետք քաղաքացուն, որ իր իրավունքը պաշտպանվի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ