Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենա գնելը ճոխություն է

Փետրվար 15,2002 00:00

Ավտոմեքենա գնելը ճոխություն է Հիշենք, թե ԽՍՀՄ տարիներին ինչպես կարող էիր ձեռք բերել ավտոմեքենա։ Նախ հարկավոր էր տեղեկանք վերցնեք ԲՇԳ-ից, որ դու կաս եւ ապրում ես նշված հասցեում, քո խնամքի տակ են կինդ, երեխաներդ եւ մանավանդ զոքանչդ։ Բնութագիր էր պետք վերցնել աշխատանքի վայրից՝ գերբով կնիքով հաստատած, որ դու անբասիր աշխատող ես, աշխատանքից ուշացում, բացակայություն չունես, պլանը գերակատարել ես 100,1 տոկոսով։ Մի տեղեկանք էլ վերցնում էիր, որ դատված չես եղել, արտասահմանում բարեկամներ չունես եւ այլն, եւ այլն։ Եվ, վերջապես, մի երջանիկ օր… գրանցում էին քո անունը արհմիությունում առկա ավտոմեքենա գնել ցանկացողների երկարուձիգ հերթի վերջում։ Բարեբախտաբար, այս ամենը անցյալ է, իսկ այսօր կարող ես մտնել համապատասխան ֆիրմային խանութ, ընտրել ամենամոդեռն, «յուղը վրան» ավտոմեքենան եւ դիմել վաճառողին. «Ես գնում եմ այն, խնդրում եմ փաթաթեք»։ Այսօր ավտոմեքենաների վաճառքի ամենամասսայական «սրահը» Էրեբունի թանգարանից Նուբարաշեն տանող ճանապարհի աջ ու ձախ մայթերին ձգվող երկու ավտոշուկաներն են։ Նրանցից մեկը՝ հանրահայտ Արմոյի շուկան, չդիմանալով մրցակցությանը, հայտնվել է «խաղից դուրս» վիճակում։ Որովհետեւ նույն վայրում, նույն պայմանների դեպքում մեքենա վաճառողը միանշանակորեն նախընտրում է 2000 դրամ մուտքի վճարի փոխարեն 4 անգամ պակաս՝ 500 դրամ մուծել։ Ու ինչպես տեղեկացրեց տնօրենը, մոտ մեկ տարի է՝ շուկան չի գործում, միայն կիրակի օրերին իր ընկեր-բարեկամներն են առանց մուտքի վճարի, մի 15-20 «ֆիրմա» մեքենաներ բերում, կանգնեցնում։ Մինչդեռ դիմացի ավտոշուկան, որը գործում է շուրջ 2 տարի, ամեն շաբաթ օր հյուրընկալում է մոտ 100 վաճառքի մեքենա։ Կիրակի օրերին այդ թիվը հասնում է 400-ի։ Տնօրեն Ավետիսյանի խոսքերով, մեքենան կարտոֆիլ կամ սոխ չէ, որ գնորդը գա, առնի, տանի։ Մոտ 4000 քմ տարածքում կանգնած են տարբեր մակնիշի, տարբեր թողարկման տարեթվերով, մոդեռնից մինչեւ «մետաղի ջարդոն», հիմնականում ռուսական արտադրության մեքենաներ։ Գնորդները քիչ են, եղածներն էլ, իրենց իսկ խոսքերով՝ «նայում են, գին հարցնում, գնում»։ Կային նաեւ այնպիսիները, որոնք պարապությունից «պրոստը» եկել են, նայեն։ Կային նաեւ այնպիսիք, որ մեքենան վաճառում էին, որ «ձեռքի փող» անեն, տոմս առնեն, գնան։ Մյուսները՝ որպեսզի ավելի նորը գնեն։ Նույնիսկ հին, «իր դարն ապրած» մեքենաներն ունեն իրենց գնորդը՝ արհեստավորը գնում է, վերանորոգում, որպեսզի հետագայում ավելի թանկ վաճառի։ Նաեւ քանդում են ու մաս-մաս վաճառում։ Ինչպես ցանկացած ապրանք, մեքենան էլ ենթարկվում է շուկայի օրենքին եւ գինն էլ թելադրվում է առաջարկ-պահանջարկով։ Հատկապես վերջին տարիներին մեծացել է մեքենաների առաջարկը՝ ի հաշիվ ներկրման։ Նաեւ դրանով է պայմանավորված, որ նախորդ 4-5 տարիների համեմատ թե՛ արտասահմանյան, թե՛ ռուսական մեքենաների գները զգալիորեն իջել են։ Եվ եթե մի 3-4 տարի առաջ նոր «Ժիգուլին» արժեր 7,5-8 հազար դոլար, այսօր արդեն 4-ից 4,2 հազար է։ «Նիվան» նախկինում մոտ 10 հազար դոլար արժեր, այսօր՝ 5-5,5 հազար դոլար։ Չմոռանանք նշել, որ այսօր շուկայում գործում է նաեւ վճարման այլ միավոր՝ ապրանքափոխանակությունը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել