«100 մլն-ի ներդրում չի կատարվել» Պնդում է հանձնաժողովը Միջգերատեսչական հանձնաժողովը, «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորությունների կատարումն ուսումնասիրելով, չարաշահումների որոշ փաստերի մասին տեղյակ է պահել դատախազությանը։ Կապի եւ տրանսպորտի նախարարը երեկ հայտնեց, որ հանձնարարվել է համապատասխան նախարարություններին նախապատրաստել համապատասխան նյութերը՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու համար։ Կապի ոլորտում ՀՀ կառավարության գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում Անդրանիկ Մանուկյանը հայտնեց այս մասին, իսկ Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Սերժ Սարգսյանը (չշփոթել Սերժիկ Ազատովիչի հետ) ներկայացրեց որոշ մանրամասներ։ Քանի որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները միայն նախորդ օրն էին ուղարկվել «ԱրմենՏելի» ղեկավարությանը, հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկեց պահպանել պարկեշտությունը եւ միայն ընդհանուր գծերի մասին առայժմ հայտնել լրագրողներին։ Հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո հնարավոր է հրավիրվեն նաեւ հունական կողմի ներկայացուցիչներն ու համատեղ քննարկում անցկացվի։ Սերժ Սարգսյանի ներկայացմամբ՝ ստուգումներ են կատարվել 2001 թ. մարտ ամսից ի վեր «ԱրմենՏելի» ամբողջ համակարգում։ Ուսումնասիրվել են մեծ ծավալի փաստաթղթեր, հանձնաժողովի անդամները եղել են տեղերում եւ. «իրոք, հայտնաբերել ենք չարաշահումներ թե՛ հունական, թե՛ հայկական կողմից։ Վարչապետի մոտ քննարկման ժամանակ խնդիր դրվեց, որպեսզի դատաիրավական մարմիններն այդ հարցերով զբաղվեն։ Ես կարող եմ միանշանակ հայտարարել, որ հանձնաժողովը գտնում է, որ «ԱրմենՏելը» իր ներդրումները 100 միլիոնի չափով չի կատարել»։ Չարաշահումների, վատնումների մի քանի ուղղություն նշվեց. «Արտասահմանից եկող սարքավորումների եւ նյութերի մատակարարում, ապրանքները եւ սարքավորումները «ԱրմենՏել» են եկել մի քանի անգամ թանկ գներով, արհեստականորեն մեծացնելով ներդրումները՝ 3-4 անգամ։ Սրանք ապացուցված են եւ հիմնավորված։ Հաջորդ խումբը ծախսերն են։ Շատ ծախսային կատեգորիաներ անտեղի մտցվել են տեղեկագրի մեջ՝ որպես ներդրում, որոնք ընդամենը ինքարժեքային ծախսեր են։ Հաջորդ ուղղությունը շինարարությունն է։ Այստեղ եւս մեծ չափերի չարաշահումներ եւ վատնումներ ենք հայտնաբերել»։ Պրն Սարգսյանն ասաց, որ վնաս է կրել ոչ միայն ՀՀ-ն, այլեւ OTE ընկերությունը. «Հետեւաբար, պետք է սթափ մոտեցում ցուցաբերել՝ հասկանալու, թե «ԱրմենՏելում» ի՞նչ է կատարվել եւ ի՞նչ է կատարվում, առանց էմոցիաների, եւ լուծում գտնել»։ Սերժ Սարգսյանը, չմոռացավ իր կողմից հավելել, որ կարելի է գովերգել բոլոր այն գործարարներին, ովքեր գալիս են Հայաստան ներդրումներ կատարելու, «գործ դնելու», բայց «նրանք, ովքեր եկել են թալանի համար, պետք է պատժվեն»։ «ԱրմենՏելի» շուրջ հերթական անգամ կրքերը շիկանում են։ Վստահաբար ե՛ւ ներկա նախագահը, որը գործարքի պայմանագիրը ստորագրել է որպես երկրի վարչապետ, ե՛ւ նախկին նախագահը, ու էլի մեկ-երկու հայտնի անուն պետք է ասելիք ունենան եւ համարձակություն՝ բացատրելու, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ