ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏ «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպությունը 2001-ի իր զեկույցում՝ ի շարս այլ երկրների, անդրադարձել է նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Նշենք, որ ՄԱԿ-ն իր տարեկան զեկույցները կազմելիս հաշվի է առնում նաեւ հեղինակավոր այդ կազմակերպության կարծիքը: Ինչեւէ: Այդ զեկույցին այսօր անդրադառնալը, թերեւս, օրակարգային է, առավել եւս, որ նախագահ Քոչարյանի գլխավորած ռեժիմը, ներառյալ՝ իրավապահ եւ արդարադատության համակարգը, պատրանք է ստեղծում, թե ակտիվորեն զբաղված է մարդու իրավունքների, այդ թվում՝ երբեւէ բռնությունների ենթարկված քաղաքացիների շահերի պաշտպանությամբ: Անշուշտ, ակնարկը վերաբերում է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի որոշ դրվագներին, նաեւ՝ զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի դեմ քրգործի նախաքննությանը: Վերջիններս մեղադրվում են 95-ին եւ 96-ին մարդու իրավունքների ոտնահարման ու քաղաքացիներին ծեծի ենթարկելու մեջ: Այդ փաստերն, իհարկե, «Միջազգային համաներում» կազմակերպության զեկույցում չկան, բայց տվյալ դեպքում սույն զեկույցը հիշեցինք ՀՀ ներկայիս իշխանությունների վարած՝ մարդու իրավունքների պաշտպանության ու դրանք ոտնահարած գործիչների նկատմամբ գործեր հարուցելու խնդրում երկակի ստանդարտ կիրառելու համատեքստում: Ակնհայտ է, որ մի դեպքում՝ իշխանությունները ձեւ են անում, թե իրենք արդարադատության կողմնակիցներ են եւ դրանով են պայմանավորում Մ.Սաղաթելյանի եւ Վ.Սարգսյանի 6-7 տարվա վաղեմություն ունեցող գործերին անդրադառնալու փաստը, մյուս դեպքում՝ համառորեն լռում եւ անգործունյա են դառնում, երբ խոսքը վերաբերում է սեփական ռեժիմի օրոք մասնավորապես իրավապահների կողմից կտտանքների ենթարկելու մասին այնպիսի փաստերի, որոնց առնչությամբ ահազանգում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Այսպես. հիշյալ կազմակերպության 2000-ի եւ 2001-ի զեկույցներում անդրադառնալով ՀՀ-ում կալանքի տակ կամ ազատության մեջ գտնվողների նկատմամբ գործադրված բռնարարքներին, ի թիվս՝ ազատազրկման վայրերում եւ զորամասերում գտնվող եւ հանրությանը քիչ հայտնի անունների, հիշատակվում են ինչպես Նաիրի եւ Կարեն Հունանյանների, Նաիրի Բադալյանի կամ Մուշեղ Մովսիսյանի, այնպես էլ անկախ լրագրող Վահագն Ղուկասյանի անունները: Ընդ որում, բոլոր այդ դեպքերը եւ մասնավորապես Վ.Ղուկասյանին ծեծի ենթարկելու փաստն այդպես էլ ուշադրության չի արժանացել կամ միտումնավոր շրջանցվել է պետական համակարգի կողմից, ինչպես, ասենք, «Կրակեմ Հրաչին» պատասխանատվության ենթարկել-չենթարկելու հարցում է: Վստահորեն կարելի է պնդել, որ «27»-ի գործով անցնողների վերաբերյալ էլ որեւէ լուրջ առաջխաղացում չկա, որովհետեւ այդ դեպքում իշխող ռեժիմը ստիպված է լինելու մեղադրել, ասենք, ՆԳ եւ ԱԱ նախարարներին եւ պատկան ու պաշտոնավարող այլ անձանց: Իսկ նման ցանկություն, ինչպես երեւում է, չկա: Նույն կազմակերպության 2001-ի զեկույցում Ադրբեջանին վերաբերող հատվածում նշված են նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղ գտած մարդու իրավունքների ոտնահարման եւ խոշտանգումների փաստերը: Խոսքը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ 2000-ի մարտին կատարված մահափորձի համար դատապարտված ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ Սասուն Աղաջանյանի մասին է: Միջազգային կազմակերպություններն, իհարկե, կարող են «մոլորվել» եւ ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունների փաստերը բարդել Ադրբեջանի վրա, բայց մենք՝ հայաստանցիներս հո գիտենք, որ Ս.Բաբայանին եւ Ս.Աղաջանյանին խոշտանգելու հետ ադրբեջանցիներն ամենեւին էլ կապ չունեն: Հետո՞ ինչ, որ Ադրբեջանն այդ մասով, թերեւս, առայժմ լռում է: Ըստ երեւույթին, ՀՀ եւ ԼՂ իշխանություններն էլ այդ «բարեբախտության» առիթով մի խոր շունչ են քաշել եւ հույս էլ ունեն, որ դրա համար տուժելու է ոչ թե Հայաստանի կամ ԼՂՀ-ի, այլ՝ Ադրբեջանի վարկը: Ռ.Քոչարյանի ռեժիմի կողմից երկակի ստանդարտների կիրառումն ու, ըստ հայեցողության, սեփական նախասիրության քրգործեր «թխելը» ակնհայտ է դառնում նաեւ վերոհիշյալ օրինակներով: Հակառակ պարագայում ինչպե՞ս է պատահում, որ մի դեպքում՝ իշխանություններն ու նրանց քարոզչամիջոցները բարձրաձայնում են, ասենք, «27»-ի գործով նախկին մեղադրյալների ու ներկա ամբաստանյալների նկատմամբ կիրառված բռնարարքների ու նրանց իրավունքների պաշտպանության մասին, մյուս դեպքում՝ լռում են ու նույն ոգով չեն փորձում պաշտպանել գրեթե նույնատիպ արարքի համար մեղադրված Սամվել Բաբայանի ու Սասուն Աղաջանյանի իրավունքները: Կամ գոնե մեկ անգամ Արցախի իշխանություններից այդպես էլ չպահանջեցին, չհորդորեցին պատասխանատվության կանչել խոշտանգողներին: Իսկ որ ՀՀ իշխանությունները դրա, եթե ոչ՝ իրավական, ապա՝ գոնե բարոյական իրավունքն ունեն՝ հաշվի առնելով նրանց դերակատարումը ԼՂՀ ներքաղաքական զարգացումներում, ակնհայտ է: Բոլոր դեպքերում պարզ է, որ Ռ.Քոչարյանի վարչախումբը՝ մարդու, խոշտանգվողների իրավունքները տեղ-տեղ պաշտպանելով, ամենեւին էլ պետական կամ ազգային շահեր չի հետապնդում: Կարեւորն այստեղ, իհարկե, սեփական շահն է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ