Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՂ-ՏԵՂ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 15,2002 00:00

ՏԵՂ-ՏԵՂ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ Գլխավոր դատախազությունը նորից է հարցաքննել Սեյրան Ավագյանին եւ Շավարշ Քոչարյանին եւ, ինչպես պնդում են վերջիններս, իրենց հարցաքննությունների ընթացքում չի հիշատակվել Վազգեն Սարգսյանի անունն անգամ։ Առիթ ունեցել էինք նշելու, որ Մուշեղ Սաղաթելյանի գործով նախաքննության ընթացքում էլ նրանց հարցաքննությունները չէին վերաբերել Վազգեն Սարգսյանին։ Հավելենք, որ Սամվել Շահինյանի ցուցմունքում էլ բառ անգամ չկար Վազգեն Սարգսյանի մասին։ Ուստի առնվազն տարօրինակ էր, թե ինչո՞ւ էր գլխավոր դատախազը Վազգեն Սարգսյանի մասով քրգործի նախաքննությունը շարունակելը պատճառաբանել վերոհիշյալ երեք գործիչներին լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտությամբ։ Արամ Թամազյանը նաեւ նշել էր, թե հարկավոր է հարցաքննել դեռեւս չհարցաքննված Էդուարդ Աղաբալովին։ Թե ինչպես է նա այժմ հարցաքննվելու 1995-ի հունիսի 21-ին բուսաբանական այգում իր հետ կատարվածի մասին՝ դժվար է պատկերացնել։ Քանզի Էդուարդ Աղաբալովը վաղուց ոչ միայն Հայաստանում չէ, այլ նաեւ, ինչպես 2002 թ. հունվարին Կոպենհագենից հայտնել է նրա կինը՝ Աղաբալովը սրտի տագնապ է ապրել եւ հիվանդանոցում է, չի կարող դատախազության հարցերին պատասխանել։ Սակայն ակնհայտ է, որ այս անձինք ուղղակի պատրվակ էին դատախազության համար՝ Վազգեն Սարգսյանի մասով քրգործի կարճումը վերացնելու համար, որպեսզի այն կարճեն այժմ էլ այլ պատճառաբանությամբ։ Մնում ենք այն համոզմանը, որ եթե դատախազությունն իրոք չէր ցանկանում մահացածների անուններն անհարկի չարչրկել, դրանից խուսափելու համար ուղղակի կարող էին որեւէ որոշում չկայացնել նրանց մասով։ Առիթ ունեցել ենք որոշ ցուցմունքներ մեջբերել որպես ապացույց, թե այլ անձանց վերաբերյալ դատախազությունն այդպես էլ վարվել եւ շրջանցել է նրանց։ Ասենք, ՆԳ ներկայիս նախարար Հայկ Հարությունյանի վերաբերյալ մեր արդեն իսկ մեջբերած 1-2 ցուցմունքներին կարող ենք հավելել նորերը, որոնք վկայում են, թե նա անպայման պիտի առնվազն հարցաքննվեր 1994 թ. նոյեմբերին կալանավոր Ռաֆայել Զորոյանի մահվան հանգամանքների առնչությամբ։ Այդ ժամանակ Վայոց ձորի ՆԳՎ պետ Մուրադ Կիրակոսյանը 2001 թ. դեկտեմբերի 12-ի իր ցուցմունքում նշել է. «Չեմ հիշում որ պահին՝ իմացանք, որ ՆԳՆ փոխնախարար Հայկ Հարությունյանը եւ Կալանավայրերի վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը ժամանեցին մաքսակետ»։ Նրանց ժամանման մասին ավելի ստույգ տվյալներով, 2002 թ. հունվարի 7-ի իր ցուցմունքում վկայել է Ռազմական ոստիկանության Եղեգնաձորի կայազորի բաժնի պետ Արայիկ Վարդանյանը, նաեւ նշել, որ ՆԳ փոխնախարար Հայկ Հարությունյանն իրենց շնորհակալություն էր հայտնել աջակցության համար։ Այժմ ՊՆ Եղեգնաձորի Ռազմական ոստիկանության բաժնի ավագ սպա Հրայր Ֆիլիպոսյանը ցուցմունքում պատմել է, որ երբ փախած կալանավորներին հետապնդելուց հետո վերադարձել է հենակետ, Հայկ Հարությունյանը հետաքրքրվել է ձերբակալության մանրամասներով։ Ի վերջո, Հայկ Հարությունյանի եղբայրը՝ այդ ժամանակ ՆԳՆ Քրեական պատիժների իրականացման վարչության պետի տեղակալ Հակոբ Հարությունյանն էր գլխավորել այս փախուստի հանգամանքների շուրջ ծառայական քննությունը։ Ի դեպ, ԵԿՄ վարչության անդամ Մուրադ Կիրակոսյանի մասով էլ է նախաքննությունը շարունակվում, քանզի Ռաֆայել Զորոյանի հետ փախած կալանավորներից մեկը՝ Վալերի Դորոգոնովը նրա հետ դեկտեմբերի 13-ի առերեսման ժամանակ ցուցմունք է տվել. «Դուք մտաք ԶԱԿ-ի մեջ եւ մյուսների նման սկսեցիք ծեծել մեզ։ Դուք ինձ մի քանի ապտակ եք հասցրել, նույնը եւ Ռ. Զորոյանին, եւ դուրս եք եկել մեքենայից»։ Այդ «մյուսների» անունները սփռված են գործի նյութերում՝ Նորիկ Բադալյան, Նորիկ Միրաքյան եւ այլք։ Սակայն Գլխավոր դատախազությունը միայն Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք ներկայացնելուց զատ, թերեւս, որոշել է առկախ վիճակում պահել նաեւ «Հանրապետություն» կուսակցությանը հարող Մուրադ Կիրակոսյանին։ Եվ Վալերի Դորոգոնովին անգամ լրացուցիչ են հարցաքննել եւ բացատրություն պահանջել իր «մի քանի ապտակ» արտահայտության համար։ Կալանավոր Դորոգոնովն էլ, բնականաբար, հաճույքով ընդառաջ է գնացել եւ տվել ակնկալվող ցուցմունքը. «Առերեսման ժամանակ ես ձգտում էի առավել կիրթ արտահայտվել եւ այդ նպատակով «ծեծ» բառի փոխարեն ասացի «ապտակ»։ Ես գիտեմ, եւ ձեզ նույնպես հայտնի է, որ փախուստ կատարած մարդուն ոչ ոք չի ապտակում, այլ ուղղակի ծեծում են»։ Կարելի է ենթադրել, որ Մուրադ Կիրակոսյանին ուղղակի փորձում են դամոկլյան սրի տակ պահել, որպեսզի չփորձի առանձնապես ակտիվանալ (հիշեցնենք, որ Մուրադ Կիրակոսյանը գլխավորում էր Արմավիրի ԵԿՄ տարածքային կազմակերպությունը, մինչեւ ընդունեց հայտարարություն՝ ի պաշտպանություն Մուշեղ Սաղաթելյանի)։ Կարելի է նաեւ ենթադրել, որ Հայկ Հարությունյանի դերակատարության մասին ակնարկներն էլ կմնան դատախազության գզրոցներում իբրեւ «կոմպրոմատ» եւ հարկ եղած պահին մեջտեղ կգան։ Սա այդ համակարգը կարողանում է՝ արդարադատություն իրականացնել ըստ նպատակահարմարության, ըստ պատվերի եւ ընտրովի սկզբունքով։ Եվ օրինականության նման պաշտպանների առկայությունը թերեւս Հայաստանի ամենամեծ չարիքներից է։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել