«Չափար» են ուզում դնել Աջափնյակ թաղամասի Մարգարյան նրբանցքի թիվ 1-5 շենքերի բնակիչները դիմել էին «Առավոտի» խմբագրություն՝ «ի վնաս բնակչությանը կատարվող հողհատկացումները» կանխելու խնդրանքով։ Նրանց տեղեկություններով, ըստ Երեւան քաղաքի գլխավոր նախագծի, Աջափնյակը կառուցապատված թաղամաս է, ինչը բացառում է առանձնատների կառուցումը այնտեղ, այն էլ շենքերի միջեւ գտնվող տարածություններում։ Բնակիչները պարզել էին, որ թիվ 1 եւ թիվ 2 շենքերի միջեւ գտնվող կանաչ գոտում ՀՀ ոմն քաղաքացի որոշել է տարածք սեփականաշնորհել ու առանձնատուն կառուցել, ինչն Աջափնյակի թաղապետարանում ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին։ Աջափնյակ համայնքի ճարտարապետ Ռաֆիկ Կարապետյանը սկզբում ավելորդ համարեց շուտափույթ սեփականաշնորհման մասին խոսակցությունները։ Բայց նաեւ չթաքցրեց, որ մեր ահազանգից հետո թաղապետարանի մի աշխատակցի հետ զննել է վիճելի տարածքը ու պարզել, որ այնտեղ թափված քարերը ընդամենն անցած տարվանից մնացած աղբ են։ Նա նկատեց, որ ընդունված սովորույթի համաձայն, քաղաքում մարդիկ հաճախ սեփական նախաձեռնությամբ «չափար են խփում ու դոմիկ դնում», ինչը «բոլորովին զարմանալի չպետք է թվա ֆիզիկայի ինստիտուտի գեղատեսիլ տարածքի պարագայում»։ Ապա գտավ, որ եթե «կոմպլեքս լուծմամբ որեւէ գեղեցիկ շինություն կառուցվի, ոչ մի վատ բան էլ չի լինի»։ Եվ որպես վառ օրինակ՝ նա վկայակոչեց Կենտրոնը, որը չնայած կառուցապատված թաղամաս լինելուն, «շարունակում է խտացման տարբերակով հարստանալ նորանոր օբյեկտներով»։ Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետական վարչության պետ Սամվել Կոտոլիկյանին պարզապես զայրացրեց Մարգարյան նրբանցքի թիվ 1-5 շենքերի բնակիչների մտահոգությունը։ «Ի՞նչ է, եթե իրենք այդ շենքերում են ապրում, ուրեմն նշանակում է իրենց շենքերի առաջ այլ կառույց չպե՞տք է լինի»,- ասաց նա։ Հետո էլ ավելացրեց. «Ի՞նչ է նշանակում կանաչ գոտի։ Սկզբունքորեն քաղաքաշինական որեւէ խնդիր չկա, եթե պահպանվում են համապատասխան նորմերը»։ Նա մտաբերեց, որ անցած տարի մի բնակչի կողմից ֆիզիկայի ինստիտուտի տարածքում շինարարություն սկսելու վերաբերյալ հայտ է ներկայացված եղել, որը մերժվել է։ Նաեւ չբացառեց այլ հայտ-անակնկալների հավանականությունն այս տարի։ Իսկ ֆիզիկայի ինստիտուտի տարածքի բնակիչների ահազանգի վերաբերյալ ընդամենն ասաց. «Երեւի ինչ-որ մեկը գնացել ու ինչ-որ բաներ է խոսել կամ էլ անցած տարի կատարված չափ ու ձեւն են կասկածի տեղիք տվել»։ Ս. Կոտոլիկյանի տված պաշտոնական պատասխանին (թե տարածքում հողհատկացումների խնդիր առայժմ չկա) կասկածելու միտում չունենալով, այնուամենայնիվ, չենք կարող չհավատալ նաեւ բնակիչներին։ Որովհետեւ չենք կարծում, թե շուրջ 60 ստորագրություններով նամակում արտահայտվածը մոլորություն է։ Հայտնի առածն էլ ասում է, որ «առանց կրակ ծուխ չի լինում»։ Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերից մեկի՝ թիվ 1 եւ թիվ 2 շենքերի միջեւ գտնվող կանաչ գոտին հատկապես Աջափնյակի թաղապետի աչքն է շոյում։ Գ.ՀԱԿՈԲՅԱՆ