ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ Սոլթ Լեյք Սիթիում փետրվարի 14-ը՝ սուրբ Վալենտինի օրը, կնշեն ամուսնական 11 զույգեր։ Նրանք ներկայացնում են տարբեր մարզաձեւեր, մարզիչներ են ու մարզիկներ, առաջատարներ ու ետնապահներ։ Զարմանալի չէ, որ ամենից շատ՝ յոթ ամուսնական զույգ ներկայացնում է գեղասահքը։ Այսպես, ռումինացի գեղասահորդ Գեորգե Չիպերն ամուսնացած է իր մարզչի՝ շվեյցարուհի Սանդրե Շերի հետ։ Մեկ ընտանիք է կազմում Լեհաստանի Դորոտա Զագուրսկա-Մարիուշ Սյուդեկ երկյակը։ Շատերին են հայտնի լիտվացիներ Մարգարիտա Դրոբյազկոյի եւ Պովիլաս Վանագասի անունները, սակայն քչերը գիտեն, որ նրանք արդեն մեկ տարի է, ինչ ամուսնացել են։ Այս մարզաձեւի ներկայացուցիչներից, թերեւս, ամենահայտնին ՌԴ-ի Իրինա Լոբաչեւա-Իլյա Ավերբուխ պարային եւ ամուսնական զույգն է։ Մոտ օրերս դժվար փորձություն է սպասվում գերմանացի մարզիչ Պետեր Մյուլլերին, քանի որ նրա սանուհին ու սիրելի կինը՝ Մարիաննա Տիմերը, պետք է պաշտպանի 1000 մետր չմշկավազքի օլիմպիական չեմպիոնուհու տիտղոսը։ Սոլթ Լեյքում առաջին մեկնարկները տարբեր ձեւով դասավորվեցին Լիվ Գրետե-Պուարեի եւ նրա ամուսնու՝ Ռաֆայել Պուարեի համար (Ֆրանսիա)։ Երբ Լիվ Գրետեն արծաթե մեդալ նվաճեց կանանց 15 կմ բիաթլոնում, դրանից մի քանի ժամ անց նույն մարզաձեւը ներկայացնող նրա ամուսինը 20 կմ եզրագիծը հատեց 10-րդը։ Սակայն Ռաֆայելը դեռ իրավիճակը շտկելու, անգամ կնոջը գերազանցելու հնարավորություն ունի, մանավանդ որ, նա բիաթլոնում դասվում է աշխարհի առաջատարների թվին։ Իսկ ահա շվեդ Հենրիկ Ֆորսբերգը, ի տարբերություն իր հանրաճանաչ կնոջ՝ Մագդալենայի, դժվար թե կարողանա օլիմպիադայում ինչ-որ հիշարժան հետք թողնել։ Մոտավորապես նույն ճակատագիրն է սպասում շվեյցարացի ամուսիններ Պեդերսեններին, որոնք հանդես են գալու սկելետոնում։ Եթե մասնագետները գրեթե համոզված են, որ կինը տուն կվերադառնա մեդալով, միանգամայն հակառակ կարծիքի են ամուսնու մասին։ Պատրաստեցին ՍԱԹԻԿ ՔԼՈՅԱՆԸ, ՌՈԶԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Երեւանի մենեջմենթի համալս., IV կուրս