2000-ի մեր օրագիրը Տպագրվեց երջանկահիշատակ Վլադիմիր Գրիգորյանի «2000 թվականի օրագիրը»։ Բանասիրական գիտությունների դոկտոր Վ. Գրիգորյանը 90-ականներին փոխեց մասնագիտությունը։ 1993-95թթ. նա «Ազատություն» թերթի խմբագիրն էր։ Հենց այդ շրջանից էլ մեր մամուլում հայտնվեցին նրա հրապարակախոսական հոդվածները։ Պատմաքաղաքական նոր իրավիճակի վերլուծություն էին Վլադիմիր Գրիգորյանի նախորդ երկու գրքերը։ Դրանք միանշանակ չընդունվեցին։ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավորությունը, մեր նորօրյա պատմության վերջին տասը տարիները ներկայացնող այդ գրքերը քաղաքական բանավեճերի թեմա դարձան։ Մի փոքր այլ է այս վերջին գրքի պարագան։ Այսօր արդեն դժվար է ասել, թե ինչպիսին էր պատկերացնում հեղինակը իր գիրքը։ Մտավորականին վայել բծախնդրությամբ ու զգուշավորությամբ Վլադիմիր Գրիգորյանն արձանագրել է 2000 թվականը։ Իրադարձությունները ներկայացված են առանց հեղինակային մեկնաբանությունների։ Մյուս կողմից օրվա բազմազան լրատվությունից երեք-հինգ փաստ առանձնացնելն ու դրանք ներկայացնելն արդեն իսկ վերաբերմունք է։ 2000-ը որպես հազարամյակի վերջին տարի չէ՝ որ առանձնահատուկ էր։ 2000-ը մեր նոր պատմության ամենադրամատիկ շրջանն էր։ Հոկտեմբերի 27-ից հետո ներքաղաքական լարվածությունը անկանխատեսելի էր։ Մարտի 22-ից առաջ ու հետո նմանատիպ իրավիճակ էր Արցախում։ Ռուսաստանում տարեսկզբից փոխվում էր քաղաքական ղեկավարությունը… Գրքում ամփոփված ամենօրյա գրառումներում հեղինակը պատմիչի հմտությամբ լուր առ լուր տալիս է տարվա նկարագիր պատկերը։ Դատելով օրագրում ներկայացված շատ քիչ անձնական կյանքի մանրամասներից («ավարտում եմ Չերչիլի մեմուարները», «ակադեմիական շրջանակներում քննարկում են Սեւրի համաձայնագրի ճակատագիրը»), վերջին տարիների հոդվածներից ու գրքերից, Վլադիմիր Գրիգորյանը լրջորեն հրապուրվել էր պատմությամբ։ Հավանաբար հենց դրանով էլ բացատրվում է փաստագրական օրագիր գրելու մտահղացումը։ Վերջում հավանաբար ընդհանրացումներ էին լինելու։ Բայց գրառումներն ընդհատվում են դեկտեմբերի 21-ից, երբ հեղինակը ինֆարկտով տեղափոխվում է հիվանդանոց։ Մտահղացումը մնաց կիսատ… Փետրվարի 18-ի գրառումը անձնական մանրամասներ է պարունակում։ Այն լավագույնս բնութագրում է Վլադիմիր Գրիգորյան մտավորական մարդուն. «Այսօր «Արմատում» (խոսքը հասարակական կազմակերպության մասին է- Ա. Գ.) իմ «Հայաստան 1988-89» գրքի շնորհանդեսն էր։ Ամեն ինչ լավ էր։ Նույնիսկ՝ շատ»։ Գրքի քննարկումը ներկայացնելուց հետո շարունակությունն այսպիսին է. «Լրագրողներ կային եւ ես հարցազրույց տվեցի։ Չեմ ուզում հեռուստացույցը միացնել եւ իմ մասին կարդալ թերթերում։ Այդ ամենը հուզում է։ Ինչո՞ւ»։ Գիրքը տպագրության է պատրաստել հեղինակի որդին՝ լրագրող Մարկ Գրիգորյանը։ Հավանաբար հաշվի առնելով, որ այս տեսքով այն յուրահատուկ ձեռնարկ է հենց մեզ՝ լրագրողներիս համար։ Այստեղ պարզ ու հակիրճ շարադրված է 2000 թվականը՝ քաղաքական բուռն զարգացումներով, նույն քաղաքական դաշտի գործիչների արժեքավոր ու անարժեք հայտարարություններով ու վերլուծություններով։ Հայտարարություններ ու վերլուծություններ, որոնցից հեղինակներին այլեւս հեշտ չի լինի հրաժարվել։ Որովհետեւ, ի հակադրություն իսպանական առածի, նրանց խոսքերից այս գրքում հետք է մնացել։ ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ