Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԵԾ ԴԱՏԱՎՈՐ»

Փետրվար 14,2002 00:00

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԵԾ ԴԱՏԱՎՈՐ» Սիրում է կրկնել երգչուհի Էմմա Պետրոսյանը Ձայնը՝ իր մաքրությամբ, ելնում է նրա մարդկային էությունից, նրա ինտելեկտուալ-զգայական աշխարհից եւ այդ ձայնը ունակ է արտահայտելու հենց այն, ինչ հնարավոր չէ սովորեցնել, ինչը պատկանում է բնությանը։ Երգչուհի Էմմա Պետրոսյանը դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հինգ տարի առաջ հիմնված էստրադային-ջազային բաժնում։ Բայց որ ձայնը լինում է աստվածատուր՝ չի առարկի։ Այսօր, անկախ ամեն ինչից, մեզ մոտ բոլորը երգում են։ – Արդյո՞ք սա հիվանդություն չէ։ – Ցավում եմ, բայց այս «հիվանդությունը» կա։ Բեմ են բարձրանում թե երգիչ-երգչուհիներ եւ թե, այսպես անվանենք՝ երգողներ։ Սա մեր էստրադային արվեստի՝ երգի ժանրում իրական ու տխուր պատկերն է։ Բոլոր ժամանակներում, այսօր էլ, կա ու եղել է ե՛ւ լավը, ե՛ւ վատը։ Երբ գոյություն ուներ «ինքնագործ արվեստ» ասվածը, ամեն ինչ եւ ամեն ոք իրենց տեղում էին, բայց այնքան ասվեց, որ էստրադային արվեստը, երգը թեթեւ ժանր է, որ որոշ մարդիկ մտածեցին՝ ինչ կա որ, ձայն ունեմ, արտաքինս էլ տեղն է, ձայնագրման տեխնիկան զարգացել է, ֆինանս էլ կա, ուրեմն՝ առաջ, թեթեւ ժանրում դառնանք աստղ։ Սիրելիներս, սխալ է այս կերպ մտածելը։ Երգի տեւողությունը 3-4 րոպե է եւ այդ ընթացքում երեւում է երգչի, եթե մեկ խոսքով ասեմ՝ ամեն ինչը, նույնիսկ՝ ինտելեկտը… – Իմիջիայլոց, ժողովուրդը Ձեզ կիրթ, ինտելեկտուալ երգչուհի է համարում։ – Դա ինձ համար մեծ գնահատական է։ Այլ կերպ լինել չէր կարող։ Ունեմ հիմնավոր, դասական կրթություն։ Ավարտել եմ կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան՝ ջութակի դասարանը։ – Հետաքրքիր է։ Ունեք երաժշտական բարձրագույն կրթություն, որը պակասում է թեպետ արդեն ճանաչված, մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր երգիչ-երգչուհիների, որոնցից մի մասն ուսանում է կոնսերվատորիայում։ Արդյո՞ք նրանց նպատակը միայն դիպլոմ ստանալը չէ։ – Միանշանակ՝ ոչ։ Արվեստում անընդհատ սովորելու, կատարելագործվելու կարիք ես զգում։ Իհարկե, կատարյալ արվեստ չկա, բայց իսկական արվեստագետը իր գործունեության ընթացքում անընդհատ ձգտում է ավելիին, ավելիին, այնպես որ, մինչեւ բեմական կյանքիդ ավարտը, անվերջ սովորում ես, ձգտում կատարելության, թեկուզ համոզված լինելով, որ վերջինս մի անհասանելի բան է։ Համենայնդեպս, ամեն ինչի հարկավոր է հասնել։ Բացեմ փոքրիկ ստեղծագործական գաղտնիք։ Հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ իմ երգացանկում չկան ժողովրդական երգեր… – Ի դեպ, այսօր սա էլ է հիվանդություն։ Էժան ժողովրդականություն ձեռք բերելու համար էստրադայի մեր երգիչներից ոմանք դիմում են ժողովրդական երգերին, բառիս բուն իմաստով աղավաղելով վերջիններս։ – Չցանկանալով ստանձնել դատավորի դերը, ասեմ իմ մասին, որ պատրաստում եմ մի քանի ժողովրդական երգեր, բայց այս մտքին հասա տարիներ անց։ Այո, նույնիսկ այս մտքին պետք էր հասնել։ Հանրահայտ բան է, որ մի մարդ չի կարող ամեն ինչ հիանալի անել։ Ժողովրդական երգարվեստի մեր հիանալի վարպետներից հետո, ժողովրդական գոհարներին պետք է մոտենալ շատ զգույշ։ Ինքդ պետք է համոզված լինես՝ արդյո՞ք ճիշտ եմ անում, արդյո՞ք, օրինակ՝ Ռուբեն Մաթեւոսյանի, Օֆելյա Համբարձումյանի կամ մեր մյուս վարպետների կատարումներից հետո ես իրավունք ունեմ մոտենալու այս կամ այն երգին։ Բայց անտարբեր անցնել ու չանդրադառնալ մեր ժողովրդական արվեստին՝ անհնար է։ Ժողովրդականը մեր արյան մեջ է եւ, լինելով այս կամ այն երկրում, համոզվեցի՝ յուրաքանչյուր ազգի ճանաչում ու գնահատում են առաջին հերթին՝ իր ժողովրդական արվեստով։ – Ձեր վերջին ելույթը արտերկրում ԱՄՆ-ում էր՝ «Armenian music awords» ամենամյա համահայկական երգի մրցանակաբաշխությունում, որտեղ տարվա լավագույն օրիգինալ CD կարգում ձեր «Սեւ-սպիտակ» CD-ն ճանաչվեց լավագույնը։ – Եթե իմ ներքին զգացողությունն ու երաժշտական լսողությունը ինձ չեն դավաճանում, ձեր ձայնի ինտոնացիայից հասկացա, թե ինչ պատասխան եք ակնկալում։ Այնտեղ էլ կային երգողներ, կային եւ երգիչներ։ Ուզում եք ասել, թե ինչպես բարձրացար բեմ այս կամ այն երգողի կողքին։ Նորից կրկնեմ՝ ես դատավոր չեմ։ Իմացեք, բեմը ձգող, ինչ-որ գերբնական դաշտ է։ Սա էլ մի փորձ էր, թեկուզ ինձ համար։ Իմացեք, ցանկացած լսարան ունակ է որոշելու՝ ով՝ ով է։ Ինձ համար կոնկրետ, հետաքրքիր էր գտնվել այնտեղ, տեսնել, զգալ, շփվել… Ես ընդամենը հրավիրված էի։ Ինչ վերաբերում է ցածրակարգ կատարումներին ու ցածրորակ երգերին, որոնք իհարկե կային այնտեղ, ապա առաջարկում եմ կամ ցանկանում, որ մեզ մոտ՝ Հայաստանում ամեն ինչ իր տեղն ընկնի, հետո միայն խոսենք կամ քննադատենք սփյուռքում առկա այս կամ այն երեւույթը, լինի մրցանակաբաշխություն, թե ուրիշ մի բան եւ շնորհակալ լինենք սփյուռքահայերից, տարիներ շարունակ այնտեղ բնակվող հայերից նույնպես, որ մեծ գործ են անում, որի անունն է հայապահպանություն։ Ամեն ինչի համար, կրկնում եմ՝ ժամանակ է պետք եւ պետք չէ մեր աչքի գերանը չտեսած, նկատենք ուրիշի (թեպետ մերոնք են) աչքի փուշը… Ֆրանսիացի արվեստագետ Ֆրանսն է ասել. «Ժամանակը միշտ պիտի հարգի, պաշտպանի ու պահպանի այն, ինչ ամուր է, բայց եւ փոշի դարձնի այն, ինչ անկայուն դուրս կգա»։ Այնպես որ, հույսներս եկեք չկորցնենք… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել