Մեղադրանքի բովանդակությունը փոխվում է «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության մեկ տարին կլրանա վաղը։ Դատարանը շարունակում է հարցաքննել այս քրեական գործով 3-րդ ամբաստանյալին՝ Էդիկ Գրիգորյանին։ Ամբաստանյալին, ըստ մեղադրական եզրակացության, ինչ-որ տեղ 2-րդական դերակատարում էր վերապահված եւ մինչեւ վերջերս առանցքային էր դիտվում ամբաստանյալ Նաիրի Հունանյանի դերը ոճրագործության, ծրագրավորման եւ իրականացման խնդրում։ Երեկվա դատաքննության ժամանակ ամբաստանյալին հարցաքննող մեղադրողը հայտարարեց, որ առանցքային է այս ամբաստանյալի դերակատարությունը եւ ենթատեքստով հասկացրեց, որ նա միամիտների դասին չի պատկանում։ Ի դեպ, ամբաստանյալ մանկաբույժը հաստատեց, որ ինքը «միամիտ ամբաստանյալների դասին չի պատկանել»։ Թե նա ինչում էր իրեն հնարամիտ համարում, այդ հարցից սկսած ամբաստանյալը սկսեց չպատասխանել հարցերին։ Ի դեպ, հետաքրքիր կլիներ դատաքննությանը հետեւող հոգեբանների մասնակցությունը հատկապես երեկվա նիստին։ Ինչո՞ւ, որովհետեւ ամբաստանյալի վարքագծում նկատելի փոփոխություններ են դրսեւորվում։ Նա պահում է իրեն ցինիկ, հեգնանքախառն վերաբերմունք ունի դատարանի նկատմամբ (շատ հաճախ դեմքից չի պակասում ժպիտը), կտրուկ է իր արտահայտություններում։ Վարքագծի նմանօրինակ դրսեւորումները, չենք կարծում, թե պայմանավորված են հայրենիքի դավաճանության եւ պետության դեմ գործած ծանր հանցագործությունների մեղադրանքով։ Ամբաստանյալը, ըստ մեղադրողի հարցաքննության տրամաբանության, խաղացել է ոչ այնքան հունանյանների թիկունքն ապահովողի դեր, որքան հանցագործությունը ծրագրավորողի, զենքով ապահովողի, դեպքի վայրը ճշտողի եւ ԱԺ մտնելու դերակատարումը։ Ամբողջ հարցն այն է, որ ամբաստանյալ Ն. Հունանյանը նույնպես իր դատաքննական ցուցմունքների ժամանակ կարեւորել էր Է. Գրիգորյանի գործողությունները։ 2001թ. մայիսի 7-ի ցուցմունքում Ն. Հունանյանը նկարագրելով ձախողված հոկտեմբերի 13-ը (այդ օրը նրանք պետք է մտնեին ԱԺ), ասում է, թե ինչպես էր Է. Գրիգորյանը հուզված եւ հոգեբանորեն անպատրաստ։ Մայիսի 14-ի ցուցմունքում Ն. Հունանյանը նկարագրում է, թե ինչպես է Է. Գրիգորյանը ձեռք բերել խմբի համար 4-րդ ինքնաձիգը, մի բան, որ հրաժարվել էր հիշել ամբաստանյալը։ Ըստ Ն. Հունանյանի ցուցմունքի, Մարտունիից վերադառնալուց հետո, հոկտեմբերի 24-ի երեկոյան, Է. Գրիգորյանին ինքը զգուշացրել էր ինքնաձիգի մասին, ինչը նա պետք է ձեռք բերեր իր աշխատակցից… Բոլորին է հայտնի, որ այս ամբաստանյալի վրա է դրված եղել Դերենիկ Բեջանովին խմբում ներգրավելու խնդիրը։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը այս կապակցությամբ հայտնել էր, որ ինքը Էդիկին ասել է, որ Դերոյի հետ առանձնանա պատշգամբում։ «Եվ քանի որ Կարենը ներսուդուրս էր անում, ասացի, որ միանա Էդիկին»։ Երեկ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցերին այս ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել։ Հարցերի գլխավոր մասը վերաբերում էր ԱԺ պահակակետից ամբաստանյալի եւ Դերենիկ Բեջանովի ներս թողնելուն։ «Սպառնացե՞լ եք միլիցիոներ Արմեն Գասպարյանին, թե՞ ոչ։ Ն. Հունանյանն ասել է, որ ԱԺ-ում կան մարդիկ, որոնք մեզ կպաշտպանեն։ Ովքե՞ր էին։ Ն. Հունանյանը երբ ձեզանից բաժանվեց, ի՞նչ հրահանգեց։ Դրսում մնացածներից ո՞ւմ եք հանձնարարել, որ ճանապարհը փակի։ Անցակետում՝ «բաց, թող անցնի» ո՞վ ասաց։ Ձեր նպատակը ժողովուրդ հավաքելն էր։ Այս դեպքում, երբ մտաք ԱԺ, միջանցքում գտնվող մարդկանց ինչո՞ւ էիք ասում, որ ներս մտնեն։ Դրսում մնացել էիք 4-ով, ո՞վ էր ղեկավարելու մնացածի հետագա գործողությունները…»։ Հարցերը թողնվեցին անպատասխան՝ հավանաբար այն պատճառով, որ ամբաստանյալը պատասխան չուներ։ Հետաքրքիր է, որ ամբաստանյալի նյարդերը տեղի տվեցին երեւի հենց այս վիճակի գիտակցությունից եւ նա պաշտպանությունը փոխարինեց հարձակվողականությամբ։ Մեղադրող Հ. Մարտիրոսյանին մեղադրեց ընտրությունները կեղծելու մեջ, երբ վերջինս պահանջեց փաստեր, նա ոչ այնքան միամտորեն արտասանեց հետեւյալ միտքը. «Նույնքան մեղավոր եմ համարում պրն Մարտիրոսյանին, նույնքան եւ ինձ»։ Ամբաստանյալի խնդիրն էր սրանով իսկ համահավասարեցում դնել իր եւ մեղադրողի գործողություններում, այնպես, ինչպես զոհի եւ մարդասպանի համահավասարեցում է դրվում այսօր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ