Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵ՞ՐՆ ԵՆ ԵՐԿԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

Փետրվար 14,2002 00:00

ՏՐԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵ՞ՐՆ ԵՆ ԵՐԿԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ զգուշացրեց, թե՝ հարցերը կոնկրետացրեք, արդարանալով՝ թե չմեղադրեն, որ կոնկրետ չի պատասխանում։ Սակայն կաշառակեր ու դղյակներ կառուցող պաշտոնյաների մասին շատ կոնկրետ ու միակ համարձակ հարցին Ռ. Քոչարյանը ամենեւին էլ կոնկրետ չպատասխանեց։ Հարցի հեղինակը պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանն էր։ Նա նկատեց, որ ժողովուրդը չի հավատում կոռուպցիայի դեմ պայքարին, որովհետեւ կոռուպցիայով զբաղված են նախարարներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որ «պետության հաշվին բազմահարկ շենքեր են կառուցում կամ արտասահմանում են ձեռք բերում դրանք, կամ պետական միջոցների հաշվին կառուցում են, ասենք՝ Կենտրոնական բանկը, բայց անձնական օգտագործման համար են եւ այլն, եւ այլն, ու թերթերով, նկարներով, ամեն ինչ ապացուցված գրում են»։ Պրոֆեսոր Պետրոսյանը ՀՀ նախագահին կոչ արեց՝ «Այդպիսի պաշտոնատար անձանց, կոռուպցիոներներին վերացնել»՝ անշուշտ ֆիզիկապես վերացնելը նկատի չունենալով։ ՀՀ նախագահը հարցը հետաքրքիր որակեց, կոռուպցիան էլ «սուր թեմա» անվանեց, սակայն իր ելույթն ավելի շատ այդ նույն դղյակներ կառուցող պաշտոնյաներին պաշտպանելու փորձ էր։ Բացի համընդհանուր, կրկնված գնահատականներից, թե «հարցը խոր արմատներ ունի», համակարգը պետք է փոխել, ոչ թե մարդկանց, նաեւ հավաստիացրեց, որ «լուրջ քայլեր» են արել կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Որպես «լուրջ քայլեր» մատուցվեցին պետական ծառայողի, ստուգումների մասին օրենքները, եկամուտների հայտարարագրումը։ Հատկապես վերջինն իրո՛ք «լուրջ» քայլ է, քանի որ մեր պաշտոնյաները բարեխղճորեն չեն թաքցնում իրենց եկամուտները, հալալ քրտինքով կառուցած դղյակները գրանցում են իրենց եւ ոչ թե հեռու բարեկամի կամ հարեւան-ընկերոջ անունով ու ընդհանրապես ազնվության կատարելություն են։ Ռ. Քոչարյանը նաեւ վստահեցրեց, թե հաշվի են առնում մամուլում (դրանք եղել են «Առավոտում») եղած հրապարակումները եւ ՀՀ նախագահին ուղղված բողոք-նամակները։ Վերջիններից ՀՀ նախագահը, իր իսկ խոստովանությամբ՝ «հստակ տեղեկություններ» է ստանում եւ ասաց, թե դրանց «արագ արձագանքում են»։ Այո, երբեմն արձագանքում են՝ նամակները հետ ուղարկելով այն գերատեսչություններին ու պաշտոնյաներին, որոնցից բողոքում են քաղաքացիները։ Հրապարակումների առնչությամբ Ռ. Քոչարյանն ասաց, թե «բոլոր քննադատությունները, եթե կան կոնկրետ ազգանուն, կոնկրետ նկար, բոլորը ստուգում ենք։ Պետք է ասեմ, որ միշտ չէ, մեղմ ասած, որ գրածը ճիշտ է։ Շատ դեպքերում տեսնում ես, որ ուղղակի կապ չունի տվյալ նկարը տվյալ անձի հետ։ Կամ տվյալ անձը գալիս ասում է՝ այո՛, ճիշտ է՛, ես տուն ունեմ, բայց է՛ս տունը չի (դահլիճից ռեպլիկ հնչեց՝ «իր տունն ավելի լավն է»- Ն.Հ.), տունս մեկ ուրիշինն է, շատ ավելի համեստ։ Լինում է, որ ճիշտ է դուրս գալիս, բայց պարզվում է, որ կառուցել է 88թ.։ Այդ մարդը սովետի ժամանակ եղել է շինարարական տրեստի կառավարիչ։ Ես սովետի ժամանակ տրեստի կառավարիչ չգիտեմ, որ երկու տուն կառուցած չլինի»։ Կարո՞ղ է սովետի ժամանակ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը, ԱԱ փոխնախարար Գրիշա Հարությունյանը, ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը, Մաքսային վարչության պետ Արմեն Ավետիսյանը կամ Պարույր Հայրիկյանը տրեստի չբացահայտված կառավարիչներ են եղել։ Քանի որ կոնկրետ հարցեր ակնկալող նախագահն այդպես էլ կոնկրետ անուններով ու փաստերով պատասխան չտվեց, մնում է միայն այսպիսի ենթադրություններ անել։ Դղյակների տերերին պաշտպանելուց հետո ՀՀ նախագահն այնուամենայնիվ խոստովանեց, թե «հարցեր կան, որ ճիշտ դիպուկ կպնում են եւ նման դեպքերում, եթե ոչ միանգամից, ապա լուծումներ տալիս ենք»։ Թեեւ չենք համարձակվում ՀՀ նախագահին չհավատալ, բայց այդ լուծումներն ինչ-որ շատ են անտեսանելի։ Ամեն դեպքում՝ խոստացավ, որ «որոշ մարդկանցից որոշ բացատրություններ պահանջելու է, որոշ միջոցներ ձեռնարկելու է», երբ եկամուտների հայտարարագրումից հետո պարզի, թե գրվածներից ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Երբ թեման արդեն փակված էր, Ռ. Քոչարյանը ցանկացավ ուշադրություն հրավիրել նրա վրա, որ դղյակներ սկսում են կառուցել պաշտոններից ազատվելուց հետո ու առաջարկեց մի շարք էլ ունենալ այն մասին, թե պաշտոնից զրկվելուց հետո «ի՜նչ կարգի դղյակներ են կառուցել, սա ավելի ճիշտ գնահատականը կլինի վաստակած կամ գողացած իրական գումարների»։ Ստացվում է, որ ներկայիս պաշտոնյաներին թույլատրելի է հա՛մ դղյակներ կառուցել, հա՛մ պաշտոնավարել, իսկ նրանք, որ գոնե այնքան, մեղմ ասած, ամոթ են ունեցել, որ միայն պաշտոնից զրկվելուց են համարձակվել դա անել, ավելի մեղադրելի են։ Այսքանից հետո Հայաստանում դղյակաշինությունը հավանաբար մեծ թափ կառնի, դրանց բացումներին գուցե ՀՀ նախագահն էլ գնա, ու կարմիր ժապավեններ կտրելու լի՜քը առիթներ կլինեն։ Սակայն նման առիթների պակաս նախագահը կարծես չի էլ զգում եւ այնպես ճոխ գնահատեց 2001թ. բոլոր-բոլոր ոլորտներում գրանցված տնտեսական աճի ցուցանիշները, որ դասախոսները հավանաբար ամաչեցին այդքանից հետո մի թթու-կծու հարց տալ։ Ճիշտ հակառակը՝ հնարավորություն տվեցին Ռ. Քոչարյանին առանց ավելորդ կոմպլեքսների հպարտանալ, թե ինչպես է սահմանադրական փոփոխությունների ՀՀ նախագահի տարբերակը կրճատում այդ նույն նախագահի իրավունքները, պնդել, որ միակ ճիշտը նախագահի ներկայացրած տարբերակն է, իսկ մյուսները վտանգում են ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների իրականացումը եւ այլն։ Բայց հավանաբար Ռ. Քոչարյանին իրականում այլ բան է անհանգստացնում, որ եթե իր ներկայացրած տարբերակը հանրաքվեով չհաստատվի, «անմիջապես մեղադրանքներ կգնան, որ նախագահը հրաժարական պետք է տա, չհամոզեց ժողովրդին եւ այլն, եւ այլն»։ Ընձեռված միայն մի հնարավորությունից ՀՀ նախագահը հրաժարվեց օգտվել՝ չփիլիսոփայեց։ «Ես փիլիսոփա չեմ»,- արդարացավ, երբ պրոֆեսոր Միրզոյանը փիլիսոփայական հանրության անունից հարցրեց, թե ե՞րբ պետք է կարեւորվի նաեւ աշխարհայացքայի՛ն, բարոյակա՛ն, գաղափարակա՛ն, դաստիարակչակա՛ն ոլորտը։ Տրեստի կառավարիչները այս ոլորտը հաստատ չեն կարեւորի։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել