Լրահոս
Օրվա լրահոսը

«Չերաշխավորված խաղը» բացառեցին

Փետրվար 14,2002 00:00

«Չերաշխավորված խաղը» բացառեցին Լրացավ «Հայաստանի ֆոնդային բորսայի» (ԱՐՄԵՔՍ) մեկ տարին, որը 2001թ. փետրվարի 13-ին ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի որոշմամբ գրանցվել էր որպես ինքնակարգավորող կազմակերպություն։ ՀՖԲ-ի դիտորդ խորհրդի նախագահ Էդուարդ Սանդոյանը այս առիթով հրավիրված ասուլիսում ներկայացրեց ՀՖԲ-ի 2001թ. գործունեության արդյունքները։ Նա տեղեկացրեց, որ եթե 2001թ. փետրվարի 13-ի դրությամբ ԱՐՄԵՔՍ-ի անդամ էին շուրջ 20 բրոքերային ընկերություններ, ապա հաշվետու ժամանակաշրջանում անդամագրվել են եւս 5-ը։ Մեկ բրոքերային ընկերություն էլ դադարեցրել է անդամությունը։ Արժեթղթերի գրանցման եւ ցուցակման բաժինը մինչեւ անցած տարվա դեկտեմբերի 31-ը ընդունել է գրանցման եւ հետագա ցուցակման 143 արժեթղթերի գրանցման հայտարարագրեր։ ՀՖԲ-ն գրանցել է 118 թողարկողների արժեթղթեր, որոնցից 117-ը սովորական անվանական բաժնետոմսեր են, իսկ մեկը՝ արտոնյալ։ ՀՖԲ-ում ցուցակվել են 106 թողարկողների սովորական անվանական բաժնետոմսեր։ Հաշվետու ժամանակաշրջանում մերժվել են 3 արժեթղթերի գրանցման հայտարարագրեր։ Է. Սանդոյանը գտնում է, որ անցյալ տարվա հուլիսի 6-ին իրականացվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Կապիտալի շուկայի զարգացման ծրագրերի շրջանակներում հաջողվել է իրականացնել եւ ավարտին հասցնել ՀՖԲ-ի առեւտրային հարթակի նախապատրաստման, անձնակազմի եւ բորսայի անդամների ուսուցման աշխատանքները։ Ըստ դիտորդ խորհրդի նախագահի, «առկա է այն ամենը, ինչը բավարար է խաղի կանոնների ու խաղի կայացման համար», եւ ՀՖԲ-ում «չապահովված ու չերաշխավորված որեւէ խաղ հնարավոր չէ, որովհետեւ բոլոր առաջարկներն իրատեսական են, կայուն»։ Ըստ Է. Սանդոյանի, բորսայում ներդրվել է առեւտրային էլեկտրոնային նորագույն համակարգ, որի շահագործման շնորհիվ բրոքերներն ու դիլերներն իրենց աշխատասենյակում տեղադրված համակարգիչների միջոցով են իրականացնում արժեթղթերի առքուվաճառքը։ Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը։ Նա հաստատեց, որ «ԱրմենՏելի» տնօրենի եւ ՀՀ պաշտոնատար անձանց հետ (ովքեր իրավասություններ ունեն «ԱրմենՏելի» բաժնեմասի առումով) իսկապես զրույց է տեղի ունեցել։ Իսկ Է. Սանդոյանն էլ, ի հավելումն Է. Մուրադյանի հայտնած մտքի, ասաց. «Բորսան տեխնիկապես ու փիլիսոփայորեն պատրաստ է նման արժեթղթեր ունենալու հարթակում, եթե լինի «ԱրմենՏելի» վերջնական որոշումը»։ Է. Մուրադյանը պատասխանեց նաեւ լրագրողներից մեկի՝ «խոշոր բաժնետերերի կողմից փոքր բաժնետերերին» «քցելու» ու հանձնաժողովի վերահսկողության վերաբերյալ հարցին. «Եթե հնարավոր է ապացուցել, որ որոշում կայացնելու պահին խոշոր բաժնետերը գիտակցել է, որ իր որոշմամբ վնաս է հասցնում փոքր բաժնետերերին, ապա, Արժեթղթերի շուկայի կարգավորման օրենքի համաձայն, փոքր բաժնետերը կարող է հայց հարուցել վերջինիս դեմ՝ պահանջելով վնասի փոխհատուցում։ Իսկ հանձնաժողովը ընդամենը կարող է դրան օժանդակել»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել