Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՌԻՐ, ԹԵ ՉԷ ԿՀԵՌԱՑՆԵՄ

Փետրվար 14,2002 00:00

ԼՌԻՐ, ԹԵ ՉԷ ԿՀԵՌԱՑՆԵՄ Կազմակերպված էներգագողության մասին հանրապետական մամուլում գրելուց հետո ինձ հանեցին «Արշակունի» էլցանցի «Կայարան» տեղամասի հաշվետարի իմ աշխատանքից։ Միակ նորմալ ռեակցիան, որը կարող էր լինել։ Պատճառը սա էր, առիթը՝ թոշակային տարիքս։ 1998թ. ընդունվելով այդ աշխատանքին, ես արդեն իսկ թոշակառու էի։ Երեւանի էլցանցի «Արշակունի» մասնաճյուղի 2 տնօրենների եւ տեղամասի 4 պետերի կարծիքներից դատելով, աշխատավայրում ես լավ համարում եմ ունեցել։ Կադրային փոփոխությունները, սակայն, ճիշտ կառավարության պես են լինում՝ արագընթաց կարուսելի նման։ Թերթում բացասական երեւույթների մասին գրեցի՝ տարիքս նկատեցին։ Եվ օրինականորեն հանեցին աշխատանքից։ Մինչ այդ երեւի անօրինական էին պահում։ 21.07.01թ. խորհրդակցությանը, որը նվիրված էր էլեկտրաէներգիայի չհիմնավորված կորուստներին եւ դրանց հետ կապված՝ աշխատակազմի կրճատումներին, մասնաճյուղի նոր տնօրեն Ա. Մարտիրոսյանը ի լուր ամենքի հայտարարեց, որ հաշվետարները ենթակա չեն կրճատման։ Սակայն այդ խորհրդակցության արձանագրություն է անցկացված բաժանմունքի պետին տրված հրահանգը՝ ինձ ազատելու եւ համապատասխան թեկնածություն առաջադրելու մասին։ Այսինքն ես չեմ համապատասխանում մի աշխատանքին, որը տարրական թվաբանության գիտելիքներ է պահանջում։ Ես, որպես ԵրՊԻ-ի 1959թ. շրջանավարտ, համարելով դա պաշտոնական վիրավորանք, տնօրենից ընդունելություն խնդրեցի։ Գործավարից տեղեկանալով, որ ես ընդունարանում սպասում եմ, տնօրենը դուրս եկավ, որպեսզի հեռանա։ Ես հետեւեցի նրան։ «Ես իմ աշխատողների հետ բանավոր չեմ շփվում»։ Գրավոր դիմեցի։ Պատասխանում տնօրենն ինձ «ուղարկել» էր աշխատելու խմբագրությունում։ Կես տարի է, չեմ կարողանում այս մասին մի փոքրիկ ակնարկ տպագրել իրեն անկախ հռչակած որեւէ թերթում. նյութը չեն վերցնում։ Ինչեւէ, տնօրենն աշխատանքից ազատելով, 01.08.01թ. հրամանով ինձ շնորհակալություն է հայտնում անբասիր աշխատանքի համար։ Սա, իհարկե, փարիսեցիություն է։ Նախորդ տնօրենն իր գործունեությունն սկսել էր ներքին հարդարանքից՝ վերանորոգումից, նորը՝ արտաքին՝ շենքի դրսի պատերի հարդարանքից եւ ցանկապատի երեսպատումից։ Իհարկե, ինչպե՞ս է հնարավոր յոլա գնալ առանց բազկաթոռների, բազմոցի, միրգ-ըմպելիքի մատուցման եւ չանջատվող հեռուստացույցի։ Այս անընդհատ վերանորոգվող հին շենքի վարձակալման համար վճարում են իհարկե էներգիայի բաժանորդները։ Չհաշված բազմաթիվ ծառայողական մեքենաները, քարտուղարուհիները, առանց հստակ ընդգծված ֆունկցիաների տեղակալները եւն։ Եվ այս ամենը՝ օգտակարության զրոյական գործակցով բաժանորդի (կամ գուցե իրենց) 25 դրամի հաշվին։ «Ձախ» կիլովատները՝ 17 դրամով, հիմնականում տրվում են գործարարներին, հացամթերքի թխման եւ այլ արտադրամասերին, ուր հասարակ մահկանացու հսկիչները մուտք չունեն։ Իր հրամանին օրինական բնույթ տալու համար տնօրենը դիմում է արհմիություն, որտեղ այն իհարկե դակում են. կրճատման վտանգը բոլորի գլխին է կախված։ Շատերին արդեն գրավոր ծանուցել էին, իսկ իմ ազատումից հետո եւ «կրճատվել» են։ Իսկ ինչպե՞ս են վերեւներում «պայքարում» էներգահամակարգում գողությունների եւ կոռուպցիայի դեմ. հանրապետության նախագահն ու վարչապետը պարզապես թալանողներին մեկին մյուսով են փոխարինում։ Վարչապետի կողմից փոխված բազմաթիվ էներգետիկներ դարձյալ գողանում են՝ իրենց նախորդների պես։ Այդ մասին էր իմ հոդվածը։ Վարչապետը եթե չի կարդացել, ինչ-որ մեկը գոնե կարդացած կլինի՞։ Թե չէ ինչո՞ւ ինձ հեռացրին աշխատանքից։ Եթե վերեւներում կասկածում են, որ ներքեւներում գողանում են, պատրաստ եմ ապացուցել։ Եթե չեն էլ կասկածում, ուրեմն համոզված են դրանում եւ իրենց էլ դա ձեռնտու է։ Արդեն նախագահն է սկսել զբաղվել կիլովատներով։ Բայց այդպես էլ չի կարողանում իր շրջապատում գտնել ազնիվ մեկին ու էներգետիկայի ղեկավար նշանակել։ ՋՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Շինարար-ինժեներ Պատրաստ ենք տպագրել համապատասխան մարմինների պատասխանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել