Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«27»-ԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵ՞Ր

Փետրվար 14,2002 00:00

«27»-ԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵ՞Ր «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Մովսիսյանն իր երեկվա ասուլիսում անդրադարձել է 2001 թ. հոկտեմբերի 14-ին սպանված Սամվել Առաքելյանի հոր՝ իր հասցեին մեղադրանքներին, ըստ որոնց՝ «Հոկտեմբերի 27»-ի, Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների հեղինակներից եւ կազմակերպիչներից է Միհրան Մովսիսյանը։ «Ամենայն ազնվությամբ արտահայտվում եմ՝ ոչ մի սպանությունների հետ ոչ ես եմ կապված եղել, ոչ էլ տեղեկություն ունեմ»,- ասուլիսի ընթացքում ասել է պրն Մովսիսյանը։ Անդրադառնալով Սեդրակ Առաքելյանի այն պնդմանը, թե իր որդին Արցախյան պատերազմի ընթացքում Մովսիսյանի հանձնարարությամբ զբաղվել է դիակապտությամբ՝ զոհվածների վրայից հանել է նրանց զենքերը, ոսկե զարդերը եւ ատամները եւ հանձնել Միհրան Մովսիսյանին, վերջինս ասել է. «Ես ինձ թույլ չեմ տա ոսկեղենի կամ չգիտեմ ինչ հարցերի վերաբերյալ այնտեղ զբաղվել։ Ես զբաղվել եմ միայն Հայրենիքի, հողի պաշտպանությամբ՝ կյանքս վտանգի ենթարկելով»։ Միհրան Մովսիսյանը ասուլիսում ձգտել է հերքել իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, պնդելով, թե Վահրամ Խոռխոռունու հետ ընդհանրապե՛ս առնչություն չի ունեցել, Գագիկ Պողոսյանի հետ 1998-ին 10 օր է աշխատել, եղել է նրա վերադասը եւ թշնամաբար տրամադրված չի եղել նրա նկատմամբ։ Իսկ այն առնչությամբ էլ, թե «Հոկտեմբերի 27»-ն իր, Մուշեղ եւ Առաքել («Շմայս») Մովսիսյանների կողմից ծրագրվելու ընթացքում Սամվել Առաքելյանը պահակ՝ «աթանդա» էր կանգնել, Միհրան Մովսիսյանն ասել է. «Նա աթանդա չէր կարող կանգնել, որովհետեւ մենք նման հարց ո՛չ հորեղբորս որդու՝ Մուշեղ Մովսիսյանի տանը չենք քննարկել, ո՛չ իմ բնակարանում չենք քննարկել նման հարց։ Մենք այդ ժամանակ ավելի շատ կարեւոր հարցերով էինք զբաղված, որովհետեւ ապօրինի ձեւով մեր մի եղբորը կալանավորել էին զենք-զինամթերք՝ նարկոտիկների համար»։ Սպանված Առաքելյանի հարազատները հայտնել էին, թե իրենց որդին գրեթե ձրի քիլլեր էր Մովսիսյանի համար։ Իսկ Միհրան Մովսիսյանի հակափաստարկը մեկն է եղել. թե Առաքելյանի հայրը հոգեկան հիվանդ է, իսկ որդուն էլ երբեք լուրջ չի վերաբերվել՝ վարկաբեկված մարդ էր. «Տվյալ մարդուն սիգարետի ուղարկելու անգամ չէի վստահի»։ Միհրան Մովսիսյանը նաեւ պնդել է, թե իր դեմ ցուցմունքների ուղղորդողը զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է։ Ըստ «Այբ-Ֆե»-ի հաղորդման

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել