Ինչ են գրում գործակալները Բավական հետաքրքրական մանրամասներ են պարունակում «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորված անձանց հետ իր «շփումների» մասին գործակալ Հարություն Գրիգորյանի հաղորդումները։ Նրա տված հաղորդումների հիման վրա կազմված տեղեկագրություններն այլեւս գաղտնազերծված են եւ ընդգրկված Մուշեղ Սաղաթելյանի գործի նյութերում։ Ըստ այդ փաստաթղթերի, ասենք, Նորիկ Եղիազարյանը պատմել էր, թե այն ավտոմատը, որն ինքը տրամադրել էր հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճ ներխուժած մարդասպաններին, իրականում ձեռք էր բերել իր որդին՝ Արմենը, Արտաշատի զորամասերից մեկից։ Սակայն Հարություն Գրիգորյանի հաղորդումների մեծ մասը վերաբերել է Մուշեղ Մովսիսյանին, որի հետ նա շփվել է շուրջ 2 ամիս՝ մինչեւ բացահայտվելը։ ԱԺ այս պատգամավորի պատմածներից գործակալը հաղորդել էր անգամ մանր թվացող մանրամասներ։ Ասենք, որ հոկտեմբերի 27-ի կեսգիշերին Մուշեղ Մովսիսյանին էր զանգահարել ԼՂՀ Զինված ուժերի հրամանատար Սեյրան Օհանյանը եւ հետաքրքրվել՝ Լեոնարդ Պետրոսյանը կենդանի՞ է, թե՞ ոչ։ Մեկ այլ մանրամասն՝ հոկտեմբերի 27-ի գիշերը Մուշեղ Մովսիսյանն անցկացրել էր ԱՄՆ դեսպանատան աշխատակից Օհան Բալյանի տանը եւ միայն ժամը 6-ին էր վերադարձել խորհրդարան։ Առավել կարեւոր են թվում գործակալի հետեւյալ հաղորդումները։ Նաիրի Հունանյանը Մուշեղ Մովսիսյանից էլ էր զենքեր խնդրել, բայց վերջինս նրան առաջարկել էր դրանք ձեռք բերել այլ ճանապարհով։ Մուշեղ Մովսիսյանը Հարություն Գրիգորյանին պատմել էր, թե ինքը տեսել է՝ ինչպես են Հունանյան եղբայրները մտնում խորհրդարան, եւ իջել էր ԱԺ-ի բուֆետ՝ գարեջուր խմելու։ Ահաբեկչական գործողությունից քիչ անց միայն Մուշեղ Մովսիսյանը գնացել էր Վազգեն Մանուկյանի առանձնասենյակ եւ այնտեղից հետեւել նիստերի դահլիճում կատարվածին։ Նաեւ մի մանրամասն է պատմել. Արշակ Սադոյանի ներկայությամբ ինքը խնդրել էր Վազգեն Մանուկյանին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմն առնել։ Եվ միայն հոկտեմբերի 28-ին, տարբեր պատգամավորներից իմանալով, թե ով ինչպես էր դուրս եկել դահլիճից՝ Մուշեղ Մովսիսյանը սկսել էր պնդել, թե ինքը եւս դահլիճում է եղել, բայց առաջին կրակոցներից հետո սողալով դուրս է եկել։ Ըստ Հարություն Գրիգորյանի տրամադրած նյութերի հիման վրա կազմված փաստաթղթերի, Մուշեղ Մովսիսյանը 1999 թ. հոկտեմբերի սկզբին նամակ է փոխանցել ԼՂՀ բանակի հրամանատար Սամվել Բաբայանից կալանքի տակ գտնվող իր եղբորը՝ Առաքել Մովսիսյանին («Շմայս»)։ Ի դեպ, ահաբեկչությանը զոհ դարձածների թաղման օրը Մուշեղ Մովսիսյանը, ըստ այս հաղորդումների, հանդիպել է Սամվել Բաբայանին, եւ նրանք մոտ 20 րոպե առանձին զրուցել են։ Սակայն այս հաղորդումների առավել ուշագրավ դրվագները վերաբերում են մի գործչի, որի անունը երբեք ուղղակի կամ անուղղակի չի արծարծվել «Հոկտեմբերի 27»-ի գործի առնչությամբ։ Խոսքը Մովսիսյան եղբայրների եւ Դավիթ Շահնազարյանի կապերի մասին է։ Ըստ Մուշեղ Մովսիսյանի պատմածների՝ ինքը, Շմայսը եւ իրենց մյուս եղբայրը՝ Լեւոնը կամ «Լոլոն»՝ ինչպես նրան անվանում են, մի քանի տարի առաջ տարբեր ծառայություններ են կատարել Դավիթ Շահնազարյանի հանձնարարությամբ։ Եվ որպես հատուցում՝ Շահնազարյանը շուրջ 10 ամսով «Լոլոյի» համար «Դվին» հյուրանոցում մի սենյակ էր վարձակալել, որտեղ եւ 1999-ի հոկտեմբերի 26-ին վերջին անգամ հանդիպել էին Նաիրի Հունանյանը եւ Մուշեղ Մովսիսյանը։ Վերջինս պատմել էր, որ «Դվին» հյուրանոցի այդ համարում կան կարեւոր փաստեր, որոնց ի հայտ գալը վատ հետեւանքներ կունենար իր համար։ Եվ կարեւորել էր, որ «Լոլոն» չկատարի չնախատեսված քայլեր։ Ահա սա էլ այս պատմության ամենահետաքրքիր հատվածն է։ Հարցաքննության ընթացքում Հարություն Գրիգորյանն ասել է, թե Դավիթ Շահնազարյանին առնչվող գրությունը իր հայտնած տեղեկությունների հիման վրա չի կազմվել (իրոք, դրա աղբյուրը մեկ այլ գործակալ է)։ «Առավոտին» էլ հաջողվեց ճշտել, որ բացառությամբ սենյակի վարձակալության եւ ֆինանսավորման վերաբերյալ պնդումների՝ Շահնազարյանի եւ «Լոլոյի» փոխհարաբերությունների մասին տեղեկությունները ճիշտ են։ Թերեւս այս միջոցով փորձել են այս գործի մեջ ներքաշել նաեւ Դավիթ Շահնազարյանին, ի դեպ, ինչպես նաեւ՝ Վազգեն Մանուկյանին։ Քանզի Հարություն Գրիգորյանը հերքել է նաեւ այն հաղորդումը, թե ինքը Էդիկ Գրիգորյանից իմացել էր, որ Նաիրի Հունանյանը հաճախակի հանդիպումներ է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ։ Գործակալը պնդել է, թե ինքը նաեւ չի հաղորդել, որ Մուշեղ Մովսիսյանը Վազգեն Մանուկյանին է դիմել՝ կանխելու գեներալ Մանվելի հնարավոր գործողությունները։ Վերագրված է համարել նաեւ Սամվել Բաբայանի հետ 20 րոպեանոց առանձնազրույցի մասին հաղորդումը։ Սակայն այս գործակալի հետ աշխատող օպերլիազորը պնդել է, որ այս բոլոր տեղեկությունները ստացվել են Հարություն Գրիգորյանից՝ գրավոր կամ բանավոր։ Այս փաստաթղթերի բովանդակային անհամապատասխանությունների եւ վերագրումների հեղինակներն առայժմ մնում են անհայտ։ Կամ էլ որեւէ վերագրում չկա՝ ուղղակի ոմանց պետք էր, որ գործակալը հրաժարվեր իր հաղորդումներից։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ