Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՊԱՏԺԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

Փետրվար 14,2002 00:00

ՄԱՀԱՊԱՏԺԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է Մեր թերթն արդեն անդրադարձել է «Amnesty international» կազմակերպության՝ ՄԱԿ-ի «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեին ուղղված զեկույցին։ Այն վերաբերում է Հայաստանում, այսպես կոչված, խոշտանգումների եւ դաժանության դեպքերին, մեջբերված է Նաիրի Հունանյանի պնդումը, թե իրեն խոշտանգել են։ Թերթի դիրքորոշումը նման զեկույցներին, նաեւ՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հաճախ անհասկանալի մարդասիրությանը, հայտնի է։ Վերոհիշյալ զեկույցի, նաեւ մահապատժի վերացման Եվրախորհրդի պահանջի մասին իր կարծիքը հայտնեց նաեւ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Սարգսյանը։ Փաստաբանը խորհուրդ տվեց նման կազմակերպությունները լուրջ չընդունել. «Ինչ որ ասելու եմ, կոնկրետ այս կազմակերպությանը չի վերաբերում։ Բայց ես գիտեմ բազմաթիվ մարդու իրավունքների պաշտպանության, այսպես կոչված, կազմակերպություններ, որ ընդամենը մի 10-12 հոմոսեքսուալիստներ հավաքվում են եւ ստեղծում են, եւ սկսում են նամակներ հղել տարբեր իրադարձությունների շուրջ»։ Նման կազմակերպությունների կարծիքը, ըստ Աշոտ Սարգսյանի, չի արտացոլում տվյալ երկրի եւ իշխանությունների կարծիքը։ Սակայն հնարավոր է, որ այդ կազմակերպությունները «ուղղորդողներ ունեն, որոնք իրենց հարմար ինֆորմացիան են տալիս մեր երկրի մասին։ Ինձ թվում է, ոչ մի երկրի ներկայացուցիչ (եթե, իհարկե, հոգեկան հիվանդ չէ), իմանալով «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության մասին, չի կարող որեւէ մեկին նամակ հղել ի պաշտպանություն այդ տականքների։ Դա անհնարին է։ Եվ եթե խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանությունից, առաջին հերթին պետք է հարցնենք՝ իսկ երբեւէ այլ, այսպես կոչված, իրավապաշտպաններ զրուցե՞լ են զոհվածների հարազատների հետ, չէ՞ որ նրանք հոկտեմբերի 27-ից ի վեր հոգեկան խոշտանգումների են ենթարկվում, երբ լսում են զոհերի հիշատակի վարկաբեկման, մարդասպանների ցինիզմի, իշխանությունների հովանավորության, խայտառակ համաներման, հիմա էլ՝ մահապատժի վերացման պահանջի մասին։ Այդ «իրավապաշտպաններին» երբեւէ մտահոգե՞լ են զոհերի հարազատների իրավունքները»։ Խորհրդարանն առաջիկայում ստիպված պիտի լինի ընդունել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այս կապակցությամբ խորհրդարանական ուժերը իրենց դիրքորոշումը այսպես կամ այնպես արտահայտում են։ Օրերս այդ մասին իր դիրքորոշումը հայտնեց նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ասելով, թե Կոնվենցիան կարելի է ընդունել առանց մահապատժի վերացման մասին 6-րդ արձանագրության։ Փաստաբան Աշոտ Սարգսյանը մահապատժի վերացման մասին Եվրախորհրդի պահանջի վերաբերյալ մասնավորապես ասաց. «Իմ համոզմամբ Եվրախորհուրդն այսօր Հայաստանի առջեւ այդպիսի պահանջ չպետք է դներ, մանավանդ, եթե տեղյակ են վերջին տարիներին Հայաստանում բարձրացած ահաբեկչական ալիքի մասին։ Նկատի ունեմ բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ սպանությունները եւ որպես գագաթնակետ՝ 1999 թ. «Հոկտեմբերի 27»-ը։ Իհարկե, Քրեական օրենսգրքում մահապատիժ է սահմանված նաեւ այնպիսի հանցագործությունների համար (տնտեսական հանցագործություններ, պաշտոնեական դիրքի չարաշահում եւ այլն), որը անհասկանալի է։ Այս մասով մահապատժի դատապարտումը, իհարկե, պետք է վերանայվի։ Բայց վերացնել մահապատիժն այսօր, երբ ունենք «Հոկտեմբերի 27», նշանակում է՝ հակառակ գնալ ժողովրդի կամքին։ Ես կարծում եմ, որ սա արվում է առաջին հերթին խորհրդարանը հեղինակազրկելու համար, հատկապես խորհրդարանական մեծամասնությանը եւ նրան մաս կազմող կուսակցություններին»։ Աշոտ Սարգսյանն այն կարծիքին է, որ եթե պատգամավորները կողմ քվեարկեն մահապատժի վերացմանը, ապա դեմ են գնալու ժողովրդի կամքին։ Համաձայն լինելով Աշոտ Սարգսյանի կարծիքին, այնուամենայնիվ, չէինք կարող չնշել, որ ճիշտ են այն ընդդիմադիրները, որ պնդում են, թե եվրոպական խոստումների տակ ստորագրել են նաեւ մարդիկ, ովքեր այսօր դեմ են։ Եթե դեմ էին, ինչո՞ւ ստորագրեցին. «Ես չեմ խոսում ոչ ընդդիմադիրների, ոչ էլ իշխանությունների մասին, ես ասում եմ այն, ինչ որ կա։ Ես վստահ եմ, որ այն պատգամավորները, ովքեր դեմ կգնան ժողովրդի կամքին եւ կողմ կքվեարկեն մահապատժի վերացմանը, իրենք իրենց կդատապարտեն քաղաքական ինքնասպանության։ Չեմ պատկերացնում, թե մահապատժի վերացմանը կողմ քվեարկած պատգամավորն ի՞նչ երեսով է երեւալու ժողովրդի աչքին եւ ինչպե՞ս է համարձակվելու իր թեկնածությունը դնել նոր ընտրությունների ժամանակ»։ Աշոտ Սարգսյանի դիտարկմամբ, մահապատժի վերացման պահանջի մասին խոսակցությունները բավականին նկատելի ազդեցություն են ունենում «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացող դատավարության վրա. «Իմ մտավախությունն այն է, որ այս ամենը հենց այն հնարավոր խոստումների շարանն է, որ տրվել է ամբաստանյալներին։ Ես օրեցօր, վայրկյան առ վայրկյան զգում եմ, որ սրանց լկտիությունը ուղղակի կապված է մամուլում որոշ հրապարակումների հետ։ Այս քրեական գործի մեջքը մեկ անգամ կոտրվեց համաներում կիրառելով, երկրորդը մահապատիժն է։ Եվ եթե ընդունվի վերացման մասին օրենքը, ես կարծում եմ, որ քրգործը վերականգնելու եւ ճշմարտությունը բացահայտելու սպասելիքները վերջնականապես կխորտակվեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Աշոտ Սարգսյանի հետ հարցազրույցի շարունակությունը կարդացեք շաբաթ օրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել