Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ

Փետրվար 14,2002 00:00

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՆ Ընդ որում՝ ավելի հավանական, քան Հայաստանում Ղարաբաղի քաջատեղյակ աղբյուրների վկայությամբ, ԼՂՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունների մասին խոսակցություններ կան նաեւ ԼՂ իշխանական պատերի ներսում, եւ դա բացառված տարբերակ չէ, առավել եւս՝ եթե հաշվի առնենք հենց հայաստանյան իշխանությունների իրադարձությունների այդպիսի զարգացումներ տեսնելու բուռն ցանկությունը: Այն, տվյալ դեպքում, զարմանալիորեն կարող է համատեղվել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ցանկության հետ: Բանն այն է, որ մեր աղբյուրների մեկնաբանությամբ՝ վերջինս այնքան էլ դեմ չէ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուն: Միայն թե Ա.Ղուկասյանի եւ ՀՀ իշխանությունների, ասել է թե՝ Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի, այդօրինակ ցանկությունների շարժառիթներն են տարբեր: Ամենատարբեր աղբյուրներ վկայում են, որ ԼՂՀ նախագահի պաշտոնի լուծարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հիմնական պահանջներից մեկն է, որը, թերեւս, անխուսափելի է: Այսինքն՝ իր ժամանակավոր լինելու խնդիրը հասկանում է նաեւ ինքը՝ նախագահ Ղուկասյանը: Մյուս կողմից՝ վերջինս, թերեւս, չի էլ պատրաստվում՝ ժամանակավոր լինելով հանդերձ ստիպված համաձայնել եւ պատասխանատվություն ստանձնել հակամարտության կարգավորման այդ տարբերակի համար: Իսկ որ կարգավորման փաստաթղթի ստորագրումը մոտ ապագայում հնարավոր է՝ վկայում են այն տեղեկությունները, թե Քոչարյանին այս անգամ չի հաջողվելու խուսափել այդ փաստաթղթի տակ ստորագրելուց՝ անգամ ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունները վկայակոչելով: Արեւմուտքին ավելի շատ պետք է այնպիսի նախագահ, որը կստորագրի կարգավորման փաստաթուղթը եւ կմնա նախագահ՝ կրելով դրա պատասխանատվությունը: Այլ կերպ ասած, միջազգային հանրությանն ավելի ձեռնտու է, եթե փաստաթուղթը ստորագրած եւ այդ իմաստով կանխատեսելի նախագահը դառնա նաեւ դրա իրագործման անշրջելիության երաշխավորը: Իսկ դա նշանակում է, որ հնարավոր չի լինելու խուսափել ոչ միայն գրավյալ տարածքների վերադարձից, այլեւ՝ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ամրագրելու պարտադրանքից: Այս դեպքում չենք խորանում նման կարգավիճակի ամրագրման խմբագրական ձեւակերպումների մեջ: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա վերջիններիս համար Ա.Ղուկասյանն իսկական պատուհաս է դարձել ոչ միայն 2000-ի մարտի 22-ին իր դեմ կազմակերպված մահափորձի հետ կապված գործի առնչությամբ, որի ընթացքում տեղի ունեցած ապօրինություններն ու բռնարարքներն արժանացել են նույնիսկ միջազգային հանրության ուշադրությանը: Բանն այն է, որ ԼՂ-ում հասարակության դժգոհությունն աճում է այդ երկրի նախագահի նոր օբյեկտների ու տների «յուրացմանը», ինչպես նաեւ՝ վախի ու բռնապետական համակարգի հաստատմանը զուգահեռ: Ըստ էության, Ղարաբաղում հիանալի հասկանում են, որ Ա.Ղուկասյանի իշխանությունը թելադրված եւ պաշտպանված է Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի կողմից, ասել է թե, ԼՂ-ում, ինչպես եւ՝ Հայաստանում տիրող իրավիճակի համար մեղավորը միեւնույն դուետն է: Պատասխանատվություն կրել միանգամից երկու երկրների անմխիթար վիճակի համար՝ անշուշտ, դժվար է: Հիմա նրանք փորձում են գործերը կարգավորել ԼՂ-ում: Մեր աղբյուրները տեղեկացրին նաեւ, թե ՀՀ իշխանությունները մտադրություն ունեն ԱԺ-ում փետրվարի կեսերին լսումներ կազմակերպել, որտեղ մասնավորապես ԼՂ վարչապետը հանդես կգա ՀՀ պետբյուջեից ԼՂ-ին տրամադրված միջպետական վարկերի օգտագործման հաշվետվությամբ, առավել եւս, որ ԼՂ-ում որոշակի դժգոհություն կա Ա.Ղուկասյանի օրոք Ղարաբաղի պետբյուջեի հաշվին /800 հազար դոլար/՝ նախագահ Ղուկասյանի կառուցած նախագահական երկրորդ նստավայրի, ԼՂՀ ԱԳ նախարար Ն.Մելքումյանի Երեւանում գնած նոր բնակարանի եւ այլնի առնչությամբ: Վերադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորությանը, ոմանք կարծիք են հայտնում, թե ՀՀ պաշտպանության նախարարի Ղարաբաղում գտնվելու փաստն էլ ավելի շատ քաղաքական նպատակ ունի եւ, թերեւս, պայմանավորված է նաեւ արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ դրա շուրջ տարվող բանակցություններով: Իսկ իբրեւ ժամանակավոր նախագահի հավանական թեկնածու, մեր աղբյուրները նշում են Օլեգ Եսայանին, որը վայելում է ՀՀ իշխանությունների հավանությունն ու ՀՅԴ-ի հակակրանքը: Հավանական թեկնածուներից մեկն էլ համարվում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Այդ հարցում ԼՂ-ում գործող կուսակցությունների եւ արտահերթ ընտրությունների հավանականության մասին նրանց դիրքորոշումները կփորձենք ներկայացնել առաջիկայում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել