ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԿՈ Դեկտեմբերի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իր տեսակի մեջ յուրօրինակ մի համերգ էր։ Երեւանի կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, ներկայացրեց շարականների մի ընտրանի։ Ընդ որում, 12 շարականները մատուցվում էին համեմատական կատարմամբ. նախ հնչում էր շարականի բանավոր փոխանցված տարբերակը, ապա՝ նույն շարականի խազավոր կատարումը։ Խազային նոտագրությամբ հայ եկեղեցական երգերը գրանցվել են հազար եւ ավելի տարի առաջ, որպեսզի չենթարկվեն բանավոր աղավաղման։ Սակայն 16-րդ դարից սկսած, խազերը դարձան անընթեռնելի, իսկ շարականները, փոխանցվելով դարեդար բանավոր կերպով, բնականաբար, փոփոխվում եւ աղավաղվում էին։ Մեծն Կոմիտասը 20 տարի զբաղվեց խազերի առեղծվածով՝ հին հայկական շարականների անաղարտ տարբերակը վերականգնելու համար։ Ըստ որոշ աղբյուրների, Կոմիտասն ի վերջո գտել է խազերի բանալին եւ սկսել կարդալ պարզ խազերը, բայց Մեծ եղեռնի տարիներին Կոմիտասի այլեւայլ ձեռագրերի հետ կորել են նաեւ խազերի վերծանությունները, բանալին։ Խազերի վերծանման գործին տարիների ընթացքում անդրադարձել են տարբեր երաժշտագետներ եւ ժամանակ առ ժամանակ սենսացիայի պես հնչում էին լուրեր, թե՝ ահա, վերջապես գտնվեց, հայտնաբերվեց խազերի բանալին։ Սակայն առ այսօր ոչ ոք անվերապահորեն չի պնդել, թե խազերի առեղծվածը բացահայտված է։ Բայց վերջերս հայտնաբերվել եւ հրատարակվել են Կոմիտասի ձեռագրերը (Ա. Շահնազարյան, «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը», Երեւան, 2001թ.) ու Կոմիտասի վերծանած տարբերակով խազերը ընթեռնելի են դարձել։ «Առնո Բաբաջանյան» դահլիճում անշլագ էր, ինչպիսին վաղուց չէր եղել։ Շատերին էր հետաքրքրում շարականների բանավոր եւ կոմիտասյան վերծանությամբ մատուցվող խազավոր տարբերակների նմանությունն ու տարբերությունը։ Մ. Բ.