Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՐԱՑՎԱԾ ՇՐՋԱՆՈՒՄ

Փետրվար 13,2002 00:00

ԱՄՐԱՑՎԱԾ ՇՐՋԱՆՈՒՄ Բոլորովին վերջերս մեր այցելությունը Էջմիածնում տեղակայված ՀՀ ՊՆ ամրացված շրջան, հրաշալի պահեր պարգեւեց։ Դեռեւս հունվարի վերջին տասնօրյակում էր զորամասին հանձնվել մարտական դրոշը, որպես սպայական ու զինվորական պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ։ Ինչպես դրոշը, այնպես էլ հայկական եռագույնը, ՀՀ ԶՈՒ զինանշանը ու ազգային հերոս Վ. Սարգսյանի կիսանդրին, որոնք արդեն տեղադրված էին թիվ 1 պահակակետում, հսկվում էին օրվա ժամապահի կողմից։ Մինչ շտաբ հասնելը մենք նկատեցինք բակում տեղադրված խաչքար-հուշակոթող, որը նվիրված էր զորամասի՝ դեռեւս 1993-94թթ. արցախյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակին։ Ամրացված շրջանում գործում է թանգարան, որն այժմ վերանորոգվում է։ Այն իր մեջ ներառում է տարբեր ժամանակաշրջաններ՝ 2-րդ համաշխարհային պատերազմից մինչեւ մեր օրերի հայոց բանակի պատմությունը։ Տեղեկացանք, որ զորամասում կա նաեւ ակումբ եւ գրադարան։ Պատերին փակցված էին ցուցապաստառներ՝ պատկերող հայ մշակույթի ու գիտության, քրիստոնեության ընդունման, հայոց պետականության փուլերը, մեծ եղեռնը, հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ աշխարհամարտին, ՀՀ ազգային հերոսներին եւ այլն։ Ակումբի սրահի ետնամասում երկու գեղեցիկ ցուցանակով ներկայացված էին ՀՀ եւ ԶՈՒ-ի օրհներգերը։ Բացի դրանից, սրահում հաճախակի միացվում է հեռուստացույցը եւ զինվորին ներկայացնում տեսաձայնագրված ժապավեններ՝ հայոց բանակի անցած ճանապարհի պատմություններ։ Հանգստյան օրերին էքսկուրսիա է կազմակերպվում Մայր տաճար, Զվարթնոցի ավերակներ, թանգարաններ եւ այլ տեսարժան վայրեր։ Այստեղ կարծես թե բոլորն էլ գոհ են իրենց ծառայությունից, որը անցկացնում են մշակույթի եւ արվեստի հետ մեկտեղ։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել