Թող քար նետի նա… Ժողովրդական խոսքն ուսուցանում է. անց կացած բանի ետեւից չեն ընկնի։ Մեր օրերում ցանկություն կա այն չտարածել հայերիս պատմության համայնավար շրջանի վրա, ոմանք էլ գտնում են, որ պետք չէ փորփրել ոչ հեռավոր տարիների իրադարձությունները։ Թող տարօրինակ չհնչի, ժողովուրդը մեծամասամբ չի ընդունում հատկապես նորօրյա մեծահարուստների կողմից անցյալը փնովելու փորձերը։ Այս առումով առավել քան տարօրինակ է թռչնաբույծ մեծահարուստներից մեկի ինքնախոստովանությունը. «1992-ից մինչեւ 1996-ի վերջերը Ռուսաստանում էի ապրում, ՀՀՇ-ականների հետ յոլա չգնացինք ու, կարելի է ասել՝ ինձ արտաքսեցին Հայաստանից։ Վերադարձա 1996-ի վերջին»։ Մարդ Աստծո, քեզ ոչ մեկը չի հարցնում, թե գործդ սկսելուց հետո 1-2 տարում այդ ինչպե՞ս մեծահարուստ դարձար, դու ինչու ես քո յոլա չգնալը մտաբերում։ Չէ՞ որ կարող են փաստել, որ ձեռքդ բռնում էին, ախորժակդ սանձում եւ նման բաներ։ Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ այսօրվա իշխանության հասցեին ասված երախտիքի խոսքերն էլ պատեհ պարագայում նրանց դեմ ուղղված խոսքերով չեն փոխարինվելու. հարկային արտոնություններ չէին ընձեռում, կերային մշակաբույսերի ծավալմանն էին խոչընդոտում եւ նման բաներ։ Ինչ մնում է ընդհանուր դատողություններից հետո կոնկրետ թվերի հիշատակմանը, այստեղ կատարյալ շփոթ է։ Մարատ Ջանվելյանը նշում է, որ «1997թ. Հայաստանում արտադրվում էր 5 մլն ձու, հիմա՝ 240-250 մլն։ 1998-ին 200 մլն ձու էր ներմուծվում, հիմա արտահանվում է»։ Թե ինչ աղբյուրից է օգտվել թռչնաբույծ մեծահարուստը, թերեւս իրեն է հայտնի։ Իրողություն է, որ նման վիճակագրություն ՀՀ-ում տանում է պետական կառույց վիճպետկոմը։ Իսկ նրա տեղեկատուներում այդ տարիներին գործած բոլոր կարգի տնտեսություններում ձվի արտադրությունը ցույց է տրված. 1997-ին՝ 188 մլն, 1998-ին՝ 215 մլն։ Չհավատալ այս թվերին, նշանակում է կասկածի տակ առնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ասված դրվատանքի խոսքերը, ընդհուպ՝ «մարդն ապրում է իր տնտեսությամբ» արտահայտությունը, քանզի այդ տարիներին նա թե ՀՀ վարչապետ էր, թե ՀՀ նախագահ։ Անշուշտ, հիշատակված շրջանում արտերկրից ձու ներկրվում էր, թե ինչքան, ոչ ոք չի ասի։ Փոխարենը կարելի է վստահ ասել, որ գրեթե կրկնակի թանկացած հայրենական արտադրության ձուն գուցեեւ արտահանվում է, քանզի հայրենի գնորդի համար այն դժվարահաս սնունդ է դարձել։ Իսկ որ հիշատակված 240-250 մլն ձուն շա՜տ է հեռու երկրի իրական պահանջարկի ցուցանիշից՝ պարզորոշ երեւում է ոլորտի 1980-ականներից. 1981-85-ին միջին տարեկան արտադրությունը եղել է 531,6 մլն ձու, 1988-ին՝ 618,1 մլն ձու։ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ