ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ԵՆ Մարզական լրագրող Յուրի Ալեքսանյանը Սոլթ Լեյք Սիթիից հաղորդում է «Յուտայի եւ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում մարզական ճակատամարտերն օրեցօր թափ են հավաքում։ Գեղասահքի մարզաձեւը սիրում են աշխարհի բոլոր ծագերում։ Այստեղ՝ Սոլթ Լեյք Սիթիում, գեղասահքին անմիջականորեն ականատես լինելը մեր՝ հայերիս չափանիշներով թանկ հաճույք է։ Համենայնդեպս, այստեղ տոմսի արժեքը հասնում է 860 դոլարի։ Սակայն «Դելտա ցենտր» մարզապալատի բոլոր 22 հազար նստելատեղերը զբաղված են լինում։ Սպորտային զույգերի ազատ ծրագրով մրցումները բացեցին Հայաստանը ներկայացնող Մարինա Կրասիլցեւան եւ Արտյոմ Զնաչկովը։ Նրանք, գուցե, պարուրվել էին մեկնարկային տենդով եւ, թերեւս, դա էր պատճառը, որ ուշացումով սկսեցին Ջ. Քանդերի «Կաբարե» երաժշտության ուղեկցությամբ հանդես գալը։ Բայց շուտով շարժումները հավասարեցրին մեղեդուն եւ հստակ կատարեցին 2,5-ական պտույտացատկերը, երկու կրկնակի նետումները, գլխավերեւում մարզուհու եռակի բռնումները, որից վերջինը (մարզուհին՝ գլխիվայր վիճակում) մերոնք առաջինը կատարեցին աշխարհում եւ սա հետագայի հաջողությունների լավ երաշխիք է։ Սակայն սպորտում ամեն բան գնահատվում է կոնկրետ թվով եւ փաստով։ Հայաստանի երկյակը վերջնահաշվով մնաց 20-րդ՝ վերջին տեղում։ – Օլիմպիադա ընկնելն արդեն իսկ դրական հատկանիշների վկայություն է,- մրցավարտից հետո ասաց Զնաչկովը։- Մենք բավականին լավ մարզավիճակում էինք, բայց հետո բացառվեց մեր մասնակցությունը Խաղերին եւ մենք, ըստ էության, դադարեցրել էինք մարզավիճակը պահպանելու եւ բարդ տարրերի կատարումը հղկելու վրա աշխատելը։ Եվ անսպասելի, Խաղերի նախորդ օրը մեզ հրավիրեցին ու մենք նավից հայտնվեցինք պարահանդեսում… Մենք սիրում ենք Հայաստանը, հարգում մեր մարզաձեւի մասնագետներին եւ խոստանում ավելի լավ հանդես գալ մոտ ապագայում։ Դա կապացուցենք Ճապոնիայում մարտ ամսին կայանալիք աշխարհի առաջնությունում… Այս մրցաձեւում օլիմպիական, իսկ Ռուսաստանի համար՝ առաջին «ոսկին» նվաճեց Ելենա Բերեժնայա-Անտոն Սուխարուլիձե զույգը։ Հայաստանի մարզական պատվիրակությունում խիստ գործնական մթնոլորտ է տիրում։ Եվ դա գալիս է դեռեւս այն ժամանակվանից, երբ Սոլթ Լեյք ժամանելով՝ կազմակերպական աշխատանքներ ծավալեցին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Ա. Գրիգորյանն ու Խաղերում Հայաստանի շեֆ միսիա Հ. Յավրյանը։ Եվ հիմա էլ ամեն բան ընթանում է սովորական հունով։ Բոլոր մարզաձեւերի մարզիկները կանոնավոր կերպով իրենց մարզիչների եւ ֆեդերացիաների ղեկավարների ուղեկցությամբ ամեն օր սահմանված գրաֆիկով մարզվում են՝ կայուն մարզավիճակը պահպանելու նշանաբանով։ Ճիշտ է, ձմեռային օլիմպիական խաղերում առայժմ Հայաստանի ներկայացուցիչներից բարձր տեղերի, առավել եւս մեդալների ակնկալիքներ չունենք (ու երբեք էլ չենք ունեցել), սակայն սա այն դեպքն է, երբ գլխավորը մեզ համար մասնակցելն է, օլիմպիական ոգին պահպանելը։ Բայց օրը միայն մարզումներով չի հագեցած։ Մեր պատվիրակության անդամների համար կազմակերպվում են նաեւ զանազան հավաքներ, միջոցառումներ»։ Երեկ կրկին պայքարի մեջ պետք է ներգրավվեին մեր դահուկավազորդները՝ Արամ Հաջիյանն (15 կմ) եւ Մարգարիտ Նիկոլյանը (10կմ)։