«Օրինական» թալան Բաց նամակ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինին Հարգարժան պարոն նախագահ, վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական եւ տնտեսական իրավիճակը ստիպեց ինձ դիմել Ձեզ, քանի որ Ձեր երկիրն եմ համարել եւ համարում իմ ազգի հավատարիմ բարեկամը։ Ղարաբաղյան պատերազմի հենց սկզբից, երբ տարերայնորեն պատրաստում էին ինքնաշեն զենքեր, մենք մի խումբ ընկերներով, ջանք չխնայելով, աշխատում էինք այդ գործը դնել պետական հիմքերի վրա։ Արդյունքում՝ 1992թ. «Անի-Լեռ» ՓԲԸ անվանումով ստեղծվեց վերջին 600 տարիների ընթացքում Հայաստանում առայժմ միակ ռազմական գիտահետազոտական նախագծային ինստիտուտը, որը 1996թ. Հունաստանում անցկացված զինատեսակների միջազգային ցուցահանդեսում ստիպեց նորից խոսել հայկական զենքի դպրոցի մասին, որտեղ զինատեսակները ստեղծվում էին՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները։ Ցուցահանդեսին ներկայացված երկու հրաձգային զենքերից 5,45 մմ կալիբրի Կ-11 տիպի դիպուկահար հրացանը եւ 5,45 մմ կալիբրի «բուլլպապ» տիպի ինքնաձիգը մտան միջազգային «Ջենս» տեղեկագրքի մեջ։ Բայց սկսած 1997-1998 թվականներից, դպրոցը, որի մեջ մտնում էին Հայաստանի բազմաթիվ ձեռնարկություններ, պետության կողմից մատնվեցին անուշադրության եւ կատարված աշխատանքը ի չիք դարձավ։ Պետության կողմից չֆինանսավորվելու պատճառով սառեցվեցին գրեթե բոլոր թեմաները, որի պատճառով սկսեցին չաշխատել այդ համակարգի մեջ մտնող շատ ձեռնարկություններ։ Այս «բարենպաստ» պայմաններում սկսվեց ձեռնարկությունների թալանը։ Սկսեցին վաճառել ձեռնարկությունների երկակի օգտագործման հատուկ նշանակության հաստոցները, որոնց մեծ մասը դուրս է տարվել Հայաստանից։ Գիտակցելով, որ տարածաշրջանում կարող է գոյություն ունենալ միայն ուժեղ եւ հզոր Հայաստանը, մենք բոլոր միջոցներով պայքարում ենք այդ թալանի դեմ։ Մեր մեջ կային բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ, որոնք հոգնելով այդ անարդյունք պայքարից, հեռացան կամ հեռանում են Հայաստանից (կան եւ այնպիսիները, որոնք մնացել են, բայց հրաժարվել են պայքարից, հաշվելով, որ ընդդեմ պետական «օրինական» թալանի իրենք անզոր են)։ Օրեցօր մենք քչանում ենք ու քչանում եւ չենք տեսնում մեր մասնագիտության ապագան մեր պետությունում։ Եվ քանի որ արդեն հնարավոր չէ մեր գիտելիքները օգտագործել այս պետությունում, իսկ մենք չենք ցանկանում, որ այն օգտագործվի երրորդ երկրի կողմից, ես եւ իմ ընկերները (որոնք դեռ ոչ բոլորն են հեռացել) պատրաստ ենք մեր գիտելիքները ծառայեցնել Ռուսաստանի հզորացման գործին։ Այսօր մենք ճանաչում ենք հայ ազգի միայն մեկ իսկական բարեկամի, նրա կյանքի պատմական դժվար պահերին միշտ նրան օգնության եկող։ Դա Ռուսաստանն է։ Հարգանքներով՝ Հունան Ալագյազի Մկրտչյան «Անի-Լեռ» ՓԲԸ տնօրենի խորհրդական Հարցին՝ ինչո՞ւ եք Վ. Պուտինին դիմում, հեղինակը բացատրեց, որ պատրաստ են նույնիսկ ՌԴ նախագահին դիմել, միայն թե խնդրին ուշադրություն դարձնեն։ Այս նամակի ռուսերեն օրինակն արդեն հանձնել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն։ Պարոն Մկրտչյանը նաեւ տեղեկացրեց, որ մի նամակ էլ, այս անգամ՝ ավելի ծավալուն, փաստերով հագեցած եւ փակ, քանի որ այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, պատրաստում են ՀՀ նախագահին ուղղելու։ Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ակնկալում ենք պատկան ատյանների ուշադրությունն ու արձագանքը։