ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Վարչապետի որոշումները ՀՀ կառավարությունը 2000թ. նոյեմբերի 27-ին ընդունել է թիվ 779 որոշումը՝ մինչեւ 1998թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները բարձրացնելու նպատակով եւ 2001թ. հունվարի 1-ից մի քանի հազար զինվորական կենսաթոշակառուների կենսաթոշակները բարձրացվեցին 20-50%-ի չափով։ Սակայն վերը նշված որոշման, 1993 եւ 1998թթ. ընդունված «Զինվորականների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքների միջեւ եղած բազմաթիվ հակասությունների ու անհամապատասխանության, ինչպես նաեւ վերահաշվարկ իրականացնող ծառայությունների ոչ հստակ աշխատանքի, անփութության, ՀՀ նախագահի աշխատակազմի եւ կառավարության համապատասխան ծառայությունների անտարբեր վերաբերմունքի եւ ֆինանսների նախարարության որոշ աշխատակիցների մասնագիտական ցածր մակարդակի պատճառով, 1997-1998թթ. կենսաթոշակի անցած թվով 93 զինծառայողների կենսաթոշակները (որոնցից 25-ը՝ ՆԳՆ համակարգից) ոչ միայն չեն բարձրացել, այլ նվազել են 20-40 տոկոսով։ Պարզվում է, որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում չգիտեն անգամ այն օրենքի անվանումը, որով կարգավորվում են զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական հարցերը։ 22.02.01 թիվ 4/4-3/6-2 նամակի (որը ստորագրել է նախարարի տեղակալ Պ. Սաֆարյանը) առաջին կետում նշվում է. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի…։ Նամակի առաջին կետում շարադրված է նաեւ՝ «…Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը ուղղված է ՀՀ պետական բյուջեի հնարավորությունների սահմաններում նախկինում կենսաթոշակի անցած եւ ներկայումս կենսաթոշակի անցնող զինծառայողների հնարավոր հավասարեցմանը»։ Պարոն Սաֆարյանը չի ցանկանում հասկանալ, որ ես համարվել եմ նախկինում կենսաթոշակի անցած զինծառայող եւ իմ կենսաթոշակը կրկնակի ցածր է եղել 1998 թվականի դեկտեմբերի 1-ից հետո նույն պաշտոնից եւ նույն պայմաններով կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակից։ Այդ պայմաններում անգամ, իմ կենսաթոշակը 2001թ. հունվարի 1-ից իջեցվել է 25%-ով։ Պրն Սաֆարյանը շարունակում է՝ «նախկին զինծառայողները սննդի փոխհատուցում չէին ստանում եւ այն չէր հաշվառվում կենսաթոշակների հաշվարկման ժամանակ»։ Պարզվում է, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ չէ, որ նախկին զինծառայողները դեռեւս 1995 թվականի հունվարի 1-ից ստանում էին սննդի փոխհատուցման գումար։ Նույն նախարարության 22.08. 2001թ. 4/4-3/6-22, 28.08. 2001թ. 4/4-3/16-25 եւ 29.10.2001թ. 4/4-3/6-32 նույն բովանդակության նամակներից պարզվում է, որ «…ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 759 որոշմամբ, նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկը 1999- 2000թթ. կատարվեց փուլային՝ մինչեւ 1995թ. կենսաթոշակի անցած որոշ կատեգորիայի զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները վճարվեցին 1999թ. հոկտեմբերի 1-ից… 1995-1999թթ. կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարումը՝ 2001թ. հունվարի 1-ից»։ Նամակի մեջ նշվում է՝ «ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի եւ վճարման ժամկետի մասին» թիվ 779 որոշմամբ, բոլոր նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկվում են՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 1999թ. ապրիլի 16-ի թիվ 226 մեջ (որոշում բառը կերել են- Մ. Ա.) փոփոխություններ (լրացումներ բառը նույնպես կերել են- Մ. Ա.) կատարելու մասին թիվ 762 որոշմամբ սահմանված պաշտոնեական (հավանաբար պաշտոնային բառը նկատի ունեն- Մ. Ա.) դրույքաչափերի նվազագույն սահմանը։ Նման մոտեցումը հնարավորություն տվեց շուրջ 20%-ով բարձրացնել վերոհիշյալ զինծառայողներին վճարվող 2001թ. հունվարի 1-ից վճարման ենթակա կենսաթոշակների չափերը»։ Գլուխգործոց պատասխաններից մեկն էլ պատկանում է ՀՀ ՆԳ նախարարությանը։ Իրավական ապահովության վարչության պետ Մ. Գրիգորյանի ստորագրությամբ 17.04.01թ. թիվ 35/468 գրության մեջ նշվում է. «Հայտնվում է, որ ՆԳ նախարարության զինծառայողների կենսաթոշակային վճարումները իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Գրության ուղարկելու օրվանից ընդամենը 15-20 օր հետո նույն վարչությանը, իմ դիմումում նշված բազմաթիվ սխալներից մեկի ճշտման վերաբերյալ կազմվում է համապատասխան փաստաթուղթ եւ այն ներկայացվում է ՀՀ վարչապետին՝ փոփոխելու խնդրանքով եւ ՆԳ նախարար Հ. Հարությունյանի ակտիվ միջամտության շնորհիվ ճշտումներ են մտցվում վարչապետի թիվ 762 որոշման «Քրեական պատիժների իրականացման վարչության ենթակա ստորաբաժանումներ» ենթաբաժնում։ Պայքարի մեկ տարվա ընթացքում էլի շատ բան պարզվեց։ Պարզվեց, որ ՀՀ վարչապետի 16.11.2000թ. թիվ 762 որոշումը, որով պետք է հաշվարկվեն բոլոր ուժային նախարարությունների աշխատակիցների աշխատավարձերը եւ որի հիման վրա իրականացվել է կենսաթոշակների վերահաշվարկը, գործում է միայն ՆԳ եւ ԱԱ նախարարություններում, այն էլ աղավաղված ձեւով։ Օրինակ, հավելավճար է հաշվարկվում անգամ հավելավճարներին, իսկ հավելավճարների հանրագումարը (որը ձեւավորվում է աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին) հավասար է հիմնական աշխատավարձին։ Չզարմանանք ներկայացված հերթական աբսուրդից։ Իսկ ահա պաշտպանության նախարարությունում աշխատավարձերի հաշվարկման եւ վճարման նախկին ձեւն է գործում։ Այսպես, օրինակ՝ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին 25.11.98թ. 0258 օրենքի թիվ 11 հոդվածի առաջին ենթակետում նշվում է, որ զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը»։ Թիվ 11 հոդվածի այս կետը յուրովի են հասկացել ՀՀ ՆԳ նախարարության իրավական ապահովության եւ ֆինանսական ծառայությունները եւ այդ համակարգից կենսաթոշակի անցած բոլոր նախկին զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելիս հաշվի են առնվել զինվորական ծառայության հետ չկապված աշխատանքային ստաժները՝ 2001 թվականի հունվարի 1-ից (եթե հասնում էր, ապա ինչու օրենքը ընդունելու օրվանից այն չի իրականացվել)։ Իսկ ահա այլ ուժային նախարարություններում էլ օրենքի այդ հոդվածի պահանջները այլ կերպ են հասկացել եւ զինվորական ծառայության հետ չկապված աշխատանքային ստաժները կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվել։ ՆԳ նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունում յուրովի են հասկացել նաեւ վերը նշված օրենքի թիվ 15 հոդվածի պահանջները եւ սոցիալական կենսաթոշակ են նշանակել մահացած կենսաթոշակառուների ընտանիքների անդամներին։ Իսկ ահա ուժային մյուս նախարարություններում օրենքի այդ հոդվածի պահանջները «լավ չեն հասկացել» եւ այդ կարգի կենսաթոշակներ չեն նշանակվել։ Մ. ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՀ ՆԳՆ պաշտոնաթող փոխգնդապետ