Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ

Փետրվար 13,2002 00:00

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ Քաջատեղյակ դիվանագիտական իր աղբյուրները վկայակոչելով՝ ադրբեջանական «Զերկալոն» տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում Քլիվլենդի հիվանդանոցում գտնվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի բժշկական հետազոտումը կշարունակվի մինչեւ փետրվարի 20-ը, թեեւ սպասվում էր, որ վերջինս Բաքու էր վերադառնալու դեռեւս մինչեւ փետրվարի 10-ը: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խաֆիզ Փաշաեւը «Թուրան» գործակալության հետ զրույցի ժամանակ դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ալիեւը մինչեւ Բաքու վերադառնալը կմեկնի՞ Վաշինգթոն: Թերթը միաժամանակ ընդգծում է, թե Հ.Ալիեւի բժշկական հետազոտության երկարաձգումն ամենեւին էլ կապ չունի նրա առողջական վիճակի վատթարացման հետ: «Գոյություն ունեն արտաքին քաղաքականությամբ պայմանավորված հանգամանքներ, որոնք Ադրբեջանի նախագահին ստիպում են առժամանակ «ստվերում» լինել»,- գրում է «Զերկալոն»: Միաժամանակ հայտնի է դարձել, որ Հ.Ալիեւը հերթական անգամ կհետաձգի իր այցը Թեհրան: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվանից սկսած արդեն երկու անգամ այցը հետաձգվել էր: Վերջին անգամ դա պատճառաբանվել էր Թեհրանում ստորագրվելիք փաստաթղթերի փաթեթի պատրաստ չլինելու հանգամանքով, ինչն այս անգամ ընդունելի լինել չի կարող, քանի որ Ադրբեջանի ԱԳ նախարար Վ.Գուլիեւը ընդամենը վերջերս էր հայտարարել, թե Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք պայմանագրերի փաթեթն ամբողջովին պատրաստ է: «Զերկալոն» եզրակացնում է, որ Իրան կատարելիք Հ.Ալիեւի այցի հերթական հետաձգումը կապված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ: «Կարող է այնպես ստացվել, որ այս փուլում Ալիեւի այցը Իրան կարող է ոչ միայն անցանկալի, այլեւ՝ անհնար համարվել: Վերջին շրջանում ԱՄՆ-ի, Իրանի եւ Իրաքի հայտարարություններն ավելի շատ նման են միմյանց դեմ ուղղված բողոքի նոտաների, որոնք նախորդում են լայնամասշտաբ ռազմական գործողություններին»,- գրում է թերթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել