Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարմար թեկնածուն ես չեմ»

Փետրվար 13,2002 00:00

«Հարմար թեկնածուն ես չեմ» Առայժմ այս կարծիքին է Արամ Սարգսյանը Ռուսասական «Խորհրդարանական թերթում» Վլադիմիր Կուզնիչեւսկու «Բարեկամությունը միշտ քաղաքականությունից դուրս է» հրապարակումը՝ հայ-ռուսական հարաբերությունների եւ «27»-ից հետո դրանց միտումների վերաբերյալ, ինչպես պարզվում է, ցավագին են ընդունել ոչ միայն նախագահամերձ շրջանակները, այլեւ՝ իշխանամետ քարոզչամիջոցները: Հիշյալ հրապարակումն ու դրա հեղինակին մանրակրկիտ վերլուծության ենթարկելուց հետո վերջիններս եկել էին այն եզրակացության, թե այդ հրապարակումը հայաստանյան ընդդիմության, մասնավորապես՝ ՀԺԿ-ի, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների «ձեռքի գործն» է՝ նրանց պատվերը: Մենք փորձեցինք ճշտել, թե «Հանրապետությունն» ինքն իրեն «ռուսական» կուսակցություն համարո՞ւմ է, թե՞ ոչ: «Ճիշտն ասած, ես ինձ երբեք որեւէ երկրի ջատագով չեմ համարել, եւ մեր կուսակցությունն էլ որեւէ երկրի կուսակցություն չի եղել եւ չէ: Բայց եթե մեր կուսակցության տեսակետները աշխարհաքաղաքական իմաստով համընկնում են նաեւ տարածաշրջանում ՌԴ-ի շահերի հետ, եւ «ռուսական կուսակցություն» ասելով՝ այդ է նկատի առնվում, բացարձակ դեմ չեմ: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը այսօր, իրոք, համընկնում են ՌԴ շահերի հետ»,- նկատեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Վերջինս նաեւ պարզաբանեց, որ կուսակցությունն ու ինքն անձամբ լոյալ են տրամադրված նաեւ Արեւմուտքի նկատմամբ, թեեւ «նրանց կենցաղն ու մտածելակերպը մեզ ավելի խորթ է»: Բացի այդ, Ա.Սարգսյանը կարեւորեց ՌԴ-ի հետ Հայաստանի համակողմանի՝ տնտեսական, ռազմաքաղաքական հարաբերությունները: Իհարկե, նրա այդ դիրքորոշումը ժամանակին չէր խանգարել նորմալ կամ ջերմ հարաբերություններ ունենալ, արեւմտյան գործիչների ու մասնավորապես Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան պոն Լեմոնի հետ: «Ժամանակին ի պաշտոնե շփվել եմ նաեւ Արեւմտյան գործիչների, նաեւ Մինսկի խմբի եռանախագահողների հետ եւ չեմ կարող ասել, թե այդ վերջին դեպքում հանդիպումների ընթացքում իմ եւ Ռուսաստանի ներկայացուցչի կարծիքները համընկել են, բայց ավելի հաճախ համաձայն չեմ եղել ԱՄՆ-ի համանախագահողի հետ»,- ասաց Ա.Սարգսյանը: Նա չհերքեց նաեւ, թե վարչապետ եղած ժամանակ ոգեւորված է եղել միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի՝ Հայաստանի արդյունաբերության զարգացման հեռանկարների, նաեւ ներկայացված վարկային ծրագրերով: «Ես դեմ եմ եղել վարկային այն ծրագրերին, որոնց վերադարձնելու համար բավարար մեխանիզմներ չեն եղել»,- շեշտեց Ա.Սարգսյանը՝ նկատի ունենալով, այն վարկերը, որոնք նախատեսված չեն եղել արդյունաբերության զարգացման համար, ուստիեւ հիշյալ գումարների վերարտադրումը, ըստ էության, հնարավոր չէր լինելու: Ռուսական մամուլի հիշյալ հրապարակման հեղինակը նաեւ կարծիք էր հայտնել 2003-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին նախագահ Քոչարյանի արած հայտարարությունը, մեղմ ասած, ժամանակավրեպ է: Առիթն օգտագործելով՝ Ա.Սարգսյանին հարցրինք, թե ինքն ի՞նչ կարծիքի է՝ Ռ.Քոչարյանը 2003-ին ընտրվելու շանս ունի՞, եթե հաշվի չառնենք իշխանական լծակների եւ պետական մեքենայի հավանական աջակցությունը: «Ես երբեք չեմ թերագնահատում իմ հակառակորդին: Չեմ կարող ասել՝ շանս ունի, թե չէ, բայց չեմ էլ կարող պնդել, որ Ռ.Քոչարյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրությունների ժամանակ: Ավելի հակված եմ կարծելու, որ նա այդ բանը չի անի: Ըստ իս, հաջորդ ընտրությունները Հայաստանում կլինեն արտահերթ: Ամեն դեպքում՝ ես այդպես կուզենայի: Որպես կուսակցություն՝ մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջիկա ընտրություններն ավելի արդար լինեն, եւ վարչական լծակների կիրառումը բացառվի: Այդ իմաստով ավելի բարդ է, իհարկե, պետական ֆինանսական ռեսուրսներն այդ նպատակով օգտագործելու դեմ քայլեր անելը»,- նկատեց կուսակցության ներկայացուցիչը: Նա միաժամանակ ակնարկեց, թե ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն էլ, որը փակուղի է մտել, կարող է որոշակիորեն ազդեցություն ունենալ գալիք ընտրություններում: «Կարծում եմ, որ առաջիկայում արտաքին քաղաքականության ոլորտում, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում որոշակի «թայմ աուտի» խնդիր է առաջանալու, որը, թերեւս, ստիպված ուղղվելու է իշխանափոխության համար»: Ռ.Քոչարյանի թեկնածության առաջադրման մասին խոսելիս Ա.Սարգսյանը նրան որակեց իբրեւ «հակառակորդի»: Իսկ ինքը 2003-ին առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը: «Մինչեւ վերջերս ոչ մի անգամ դրա մասին չէի մտածել: Այն կարծիքին չեմ, թե ես եմ հարմար թեկնածուն»,- հայտարարեց Ա.Սարգսյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել