Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԷ»

Փետրվար 13,2002 00:00

«ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԷ» «Նախաքննության մարմինը՝ Երեւան քաղաքի դատախազությունը, հերթական «աղմկոտ գործով» քրեական դատավարությունը վերածեց հասարակության հրապարակային ահաբեկման միջոցի»,- եզրահանգեց նախկին քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանի գլխավորած Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի երեկվա նիստը։ Նիստը քննարկում էր Աշոտ Բլեյանի «Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավարությամբ իրականացվող խնդիրները» զեկույցը, որում հնարավորինս մանրամասն քննության է առնված սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում նախագահի թիկնապահների կողմից տեղի ունեցած սպանության պատմությունը։ Մեր կարծիքով, ուշագրավ են Աշոտ Բլեյանի կողմից անցկացված զուգահեռները՝ ինչով էին զբաղված գործը քննող դատավորը, դատախազությունը, մեղադրողն ու փաստաբանը՝ մինչեւ Պողոս Պողոսյանի սպանության գործի մեջ ներգրավվելը։ Մեջբերենք մեզ տրամադրված եզրակացությունից. «Սա այն դատավորն է (Մ. Մարտիրոսյան- Մ. Ե.), որը 2001 թ. սեպտեմբերին խաղաղ, առանց զենքի երթի անցկացման սահմանադրական իրավունքից օգտվելու համար քաղաքացի Պետրոս Մակեյանին որոշումով վարչական կալանքի է ենթարկել։ Փաստորեն, դատավորը կատարել է հանցավոր արարք եւ նախապատրաստվում է կատարել ավելի ծանր արարք»։ «Սա այն դատախազությունն է, որը 1998-2001 թթ. քրեական հետապնդման միջոցով ահաբեկել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչությանը, շրջանավարտներին եւ նրանց ծնողներին եւ ապօրինի քրեական հետապնդման ընթացքում երկու տարի երկու ամիս անհիմն ազատազրկման մեջ է պահել քաղաքացի Ա. Բլեյանին եւ, որի համար քաղաքի դատախազ Արամ Թամազյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ։ Սա այն մեղադրողն է, որը Մաշտոցի շրջանի դատախազ աշխատելու ժամանակ 1998 թ. փորձեց պաշտպանել քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը (խոսքը Աջափնյակում համայնքապետի ընտրության մասին է, Բուռնաշի հայտնի պատմությունը- Մ. Ե.) եւ Ռ. Քոչարյանի հրամանագրով պաշտոնանկ արվեց։ Ինչպես տեսնում եք, դատախազ Էդուարդ Սարիկյանը զղջացել է օրինապահության համար եւ այս գործով կապացուցի իր տերերին, որ իրավագիտակցությունն իր համար այլեւս դատախազական գործունեության կատեգորիա չէ։ Սա այն փաստաբանն է, ով ԱՀ-ի եթերը երկարատեւ օգտագործեց իր պաշտպանյալ Ալեքսան Հարությունյանի ազատումը հիմնավորելու համար, հասավ հաջողության։ Ինչո՞ւ է այս արտառոց գործի դատավարությամբ հեռուստաընկերություններից զբաղվում միայն «Ա1+»-ը, ինչո՞ւ է Ռուբեն Սահակյանն այսքան պասիվ, մի՞թե հասարակության աջակցության կարիքը չի զգում»։ Աշոտ Բլեյանի գնահատմամբ՝ «Պողոս Պողոսյանի գործը «դոզա»-ի առումով ամենածանրն էր, եւ հասարակությունը դրանից պարզապես պետք է սատկեր»։ Այսքան սուր գնահատականի հիմք է տվել այն, որ հասարակությունը պասիվ է, սակայն զեկուցողը կռահում է, թե ինչո՞ւ է պասիվ՝ հասարակությունն ահաբեկված է, քանի որ յուրաքանչյուր աղմկոտ գործ իշխանությունների պատվերով հարուցվում է եւ, ըստ համապատասխան հրահանգի՝ այնպիսի ընթացք է ստանում, որ դատավարությունը ծառայեցվի հասարակության ահաբեկմանը։ Առայժմ իշխանությունը հասնում է իր նպատակին։ Աշոտ Բլեյանը բազմաթիվ սխալներ գտավ եւ բազմաթիվ ապացույցներ, որ դատարանը հերթական պատվերն է կատարում։ Ըստ պրն Բլեյանի, դատավորը չի օգտվել օրենքով իրեն տրված լիազորություններից եւ, այն դեպքում, երբ կարող էր գործի անբավարար գնահատականի դեպքում՝ ետ ուղարկել նախաքննության, չի արել, դրանով ապացուցելով, որ ինքը պարզապես պետք է «դակի մեղադրական եզրակացությունը»։ Ամբաստանյալ Աղամալ Հարությունյանի համար այդպես էլ խափանման միջոցը կալանքը չընտրվեց։ Ա. Բլեյանի կարծիքով, եթե այդ բանը հարմար չի գտել նախաքննության մարմինը, ապա օբյեկտիվ դատավարություն իրականացնելու կոչված օրինապահ դատավորը հանգիստ կարող էր խափանման միջոցը կալանքը ընտրել։ Սա եւս չի արվել։ Հերթական ապացույցն այն բանի, որ «Հայաստանում սկզբունքորեն արդարադատություն չի կարող իրականացվել»։ Վերլուծելով դատավարության ընթացքը, Ա. Բլեյանը այն եզրահանգումն է արել, որ Պողոս Պողոսյանի սպանության գործով վկաները վախենում են խոսել։ Եթե վկաները վախենում են, քննիչը կամ դատավորն ի՞նչ անեն։ Աշոտ Բլեյանի կարծիքով՝ որեւէ նորմալ դատավորի այլ բան չի մնում, քան խարակիրի անել։ Սակայն, մերինի պես երկրին նույնիսկ խարակիրին չի օգնում։ Աշոտ Բլեյանը պարզապես զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է ասենք Արմեն Սմբատյանը, որը դեպքի օրը եղել է «Պապլավոկում», հանգիստ խղճով մտնել կոնսերվատորիա, ինչպես կարող է նա պաշտպանել իր ուսանողների շահերը, երբ գլուխը թաքցնելով՝ կարծում է, ինքը չի երեւում։ Նույնը նաեւ մյուս մտավորական վկաները։ Պրն Բլեյանն առաջարկեց տպագրել դեպքի օրը սրճարանում գտնվածների ցուցակը սեղան առ սեղան, որպեսզի հասարակությունն իմանա, թե ով՝ ով է։ Անդրադառնալով տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանին, պրն Բլեյանը զարմանք հայտնեց, որ վերջինս նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, թե իրենք (տուժող կողմը) առանձնանում են մեղադրող կողմից։ Ա. Բլեյանը գտնում է, որ եթե իրոք փաստաբան Սահակյանին հետաքրքրում է տուժողի շահը, նա պարզապես կարող էր բացարկ հայտարարել եւ ոչ թե նման հայտարարություն անել։ Գործի ամբողջ ընթացքը քննելով, Մարդու իրավունքների հասարակական խորհուրդը եզրակացրել է, որ 1) «ՀՀ-ում մարդու կյանքը պաշտպանված չէ», 2) «Արգելված չէ մարդու խոշտանգումը», 3) «Հասարակությունն ահաբեկված է Ռ. Քոչարյանի, նրա կամակատար պետական մարմինների կողմից այն աստիճան, որ այն քաղաքացիները, ում կարող էր հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ հանգամանք, չեն իրականացնում ՀՀ օրենքով վկայի իրենց պարտականությունը եւ չեն մասնակցում հանցագործության բացահայտմանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել