Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ, ՄԵՆԱՐԿՈՒՄ, ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ

Փետրվար 12,2002 00:00

ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ, ՄԵՆԱՐԿՈՒՄ, ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիից ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ղեկավար Յուրի Ալեքսանյանը հաղորդում է: «Սոլթ Լեյք Սիթիում Հայաստանի մարզիկներից առաջինը պայքարի մեջ ներգրավվեց գյումրեցի դահուկավազորդ Արամ Հաջիյանը։ Նա 30 կմ մրցատարածությունը հաղթահարեց 1։24.075 ժամանակում՝ եզրագիծը հատելով 64-րդը։ Սա բավականին լավ արդյունք է 22-ամյա մարզիկի համար, մանավանդ որ, 78 մասնակիցների պայքարում շրջանցեց 14 դահուկորդի, որոնց մի մասն ընդհանրապես ի վիճակի չեղավ հասնելու եզրագիծ։ Կանանց 15 կմ մրցավազքին մասնակցած 60 մարզուհիների մեջ էր Արսենի համաքաղաքացի Մարգարիտ Նիկոլյանը։ Ճիշտն ասած, Մարգարիտը վատառողջ էր, ջերմում էր, սակայն նա իր մեջ ուժ գտավ, ելավ մեկնարկի, բայց… որակազրկվեց։ Այդուհանդերձ, Մարգարիտը հույս ունի, որ ավելի հաջող հանդես կգա 5 եւ 10 կմ մրցատարածություններում։ Մեկնարկն անհաջող էր մեր գեղասահորդներ Մարիա Կրասիլցեւա-Արտյոմ Զնաչկով սպորտային զույգի համար, որը կարճ ծրագրում գրավեց 20-րդ տեղը։ Ամենեւին էլ չցանկանալով որեւէ բան ակնարկել, նշենք միայն, որ Մարիան ու Արտյոմը օլիմպիադայի «հրավերք» ստացել էին վերջին պահին, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սառա Աբիտբոլ-Ստեֆան Բերնարդի զույգի մարզման ժամանակ Սառան լուրջ վնասվածք ստացավ, որի պատճառով այս երկյակը ստիպված եղավ հրաժարվել օլիմպիադային մասնակցելու մտքից։ Հայաստանում մարզասերները, հավանաբար, հետեւել են Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Ուստի հարկ չեմ համարում վերապատմել այն, ինչ հեռարձակվել է եթերում։ Ասեմ միայն, որ ԱՊՀ երկրների մեջ մասնակիցների քանակով Հայաստանը 7-րդն է (9 մարզիկ)։ Ամենաներկայացուցչականներն են Ռուսաստանը (151), Ուկրաինան (75), Բելառուսը (51)։ Թուրքմենիան ընդհանրապես մասնակից չունի, իսկ Վրաստանը եւ Ադրբեջանը (4-ական մասնակից) բաժանում են 10-րդ եւ 11-րդ տեղերը։ Սոլթ Լեյքի հայկական համայնքը բավականին լուրջ աշխատանք է կատարել ինչպես Խաղերի կազմակերպիչներին աջակցելու, այնպես էլ Հայաստանի մարզական պատվիրակությանը, ըստ ամենայնի, օգտակար լինելու համար։ Կամավորական սկզբունքներով նրանք ամեն բան անում են Խաղերին օգնելու եւ մեր պատվիրակության համար։ Շատերը, պարզապես, անբաժան են մեզանից։ Նրանց թվում են նախկին թեհրանցի Ժասմեն Սիմոնյանը, հալեպցի Հովիկ Մկրտչյանը, երեւանցիներ Հարություն Թորոսյանը, Կարեն Կոմենդարյանը եւ այլք։ Խաղերի բացման նախօրյակին հաճելի մի արարողություն եղավ. նահանգի եւ քաղաքի իշխանությունները օլիմպիական ավանում, որտեղ ժամանակավոր գրանցում են ստացել հայաստանցիները, հանդիսավոր պայմաններում բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը։ Փետրվարի 10-ը մեր օլիմպիականների համար ազատ օր էր։ Սակայն նրանք անգործության չմատնվեցին՝ շարունակեցին կանոնավոր մարզումները, եղան քաղաքի տեսարժան վայրերում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել