Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղի կանոնները չեն փոխվի

Փետրվար 12,2002 00:00

Խաղի կանոնները չեն փոխվի «1975թ. ծնված «Ինչ, որտեղ, երբ» հանրահայտ խաղն արդեն հեռուստադիտողների մեծ բանակ ունի։ Ամենաշատն այն դիտում են Հայաստանում եւ Ուկրաինայում»,- համոզված է «Խաղ» ընկերության նախագահ Նատալյա Ստեցենկոն։ Նա գտնում է, որ մեր երկրում այնքան շատ են գիտակները եւ այնքան մեծ՝ հեռուստադիտողների հետաքրքրությունը, որ արժե Հայաստանում ներդնել «Ինչ, որտեղ, երբ» խաղի հայկական տարբերակը։ Այդ նպատակով էլ Ն. Ստեցենկոն «Հնարամիտների եւ գիտակների էլիտար ակումբի» մի խումբ անդամների հետ ժամանել էր Հայաստան։ Հայաստանում կազմակերպվող 8 խաղերից 4-ը հեռուստադիտողի հետ կանցկացնեն ռուսական ակումբի գիտակները։ Եվս 4 խաղ կկազմակերպվի հայ գիտակների հետ համատեղ։ Դրանք, ըստ Ստեցենկոյի, ավելի շատ կլինեն խաղ, քան հեռուստաշոու։ Իսկ ռուսական խաղի տարբերակը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ Ռուսաստանի հասարակական հեռուստատեսության լիցենզիայով։ Ի դեպ, Ն. Ստեցենկոն բոլորովին նպատակահարմար չգտավ պատասխանել խաղը վարողի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով խաղի ընդունված կանոններով։ Նա հայտարարեց, որ խաղի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական տարբերակում «վարողը կմնա կադրից դուրս ու նրա ով լինելը գաղտնի կպահվի մասնակիցներից։ Ինչին ի պատասխան՝ լրագրողներից մեկը կատակեց, թե Հայաստանում գաղտնիքը շուտ կբացահայտվի, որովհետեւ հայերս քիչ ենք։ Ն. Ստեցենկոն հիշեց, թե ինչպես շուրջ 15 տարի ոչ ոք չգիտեր, որ խաղը Վորոշիլովն է անցկացնում եւ մասնակիցներին հարմար էր շփումը անորոշ մեկի հետ։ «Մեզ համար կարեւոր է խաղը պահպանել այն ռակուրսով, ինչպես այն կա։ Անհրաժեշտ է, որ վարողը կրի հաղորդման գենետիկական գծերը, սակայն դա չպետք է խանգարի նրա անհատականության դրսեւորմանը»,- հայտարարեց «Խաղ» ընկերության նախագահը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ստացվել են խաղ կազմակերպելու բազմաթիվ առաջարկներ ԱՊՀ եւ արտասահմանյան երկրներից։ Սակայն «գիտակային մեծ բազայով» իրեն գրավել են Հայաստանն ու Ուկրաինան։ Ըստ Ն. Ստեցենկոյի՝ միայն հնարամտությունն ու խելքը բավարար նախապայման չեն հետաքրքրաշարժ այս խաղի կայացման համար։ Անհրաժեշտ են հարուստ հովանավորներ, ինչպիսիք կարող են լինել բանկերն ու հյուրանոցները։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել